Մետաքսի ճանապարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Մետաքսի ճանապարհ», Չինաստանը Առաջավոր Ասիայի և ապա՝ Եվրոպայի հետ կապող առևտրակարավանային մայրուղու անվանումը։ Գործում էր սկսած մեր թվարկությունից առաջ 2-րդ դարից մինչև մեր թվարկության 16-րդ դարը։

«Մետաքսի ճանապարհ»-ով փոխադրվող հիմնական ապրանքը չինական մետաքսն էր։ «Մետաքսի ճանապարհը» սկիզբ էր առնում կենտրոնական Չինաստանից և Լանչ-ժոուով անցնելով Դունխան՝ երկատվում էր․ հարավային երթուղին անցնում էր Սոթան, Արքենդ, Բալհ և Մերվ քաղաքներով, հյուսիսայինը՝ Տուրֆան, Կաշգար, Սամարղանդ, Մերվ, ուր միանալով հարավայինին՝ ձգվում էր Հեկատոմպիլ, էկբատան, Բաղդադ քաղաքներով դեպի Միջերկրական ծովի Տյուրոս, Անտիոք նավահանգիստները։ Մետաքսի ճանապարհի մի հատվածն Իրանի հյուսիսային շրջաններից ձգվում էր Արաքսի հովիտը՝ Ջուղայի գետանցով դեպի Նախճավան և Արտաշատ, այնտեղից՝ Սև ծովի նավահանգիստները։

«Մետաքսի ճանապարհ»-ի երկարությունը ավելի քան 7 հազար Կմ էր։ Իր գոյության առաջին դարերում «Մետաքսի ճանապարհ»-ով առևտրի միջնորդության համար գերակշիռ դեր ձեռք բերելու նպատակով սուր պայքար էր գնում Հռոմի և Պարթևստանի թագավորության առևտրական վերնախավերի միջև։ 5-6-րդ դարերում «Մետաքսի ճանապարհ»-ի զգալի մասը պարսկա-սողդիական վաճառականների ձեռքում էր, իսկ Արաբական խալիֆայության կազմավորումից (VII դար) հետո գերակշռություն ստացան արաբ առևտրականները։ Ծովագնացության հետագա զարգացման հետևանքով, սկսած 14-րդ դարից, «Մետաքսի ճանապարհ»-ի նշանակությունը գնալով նվազեց։ «Մետաքսի ճանապարհը․» մեծ չափով նպաստեց Ասիայի և Եվրոպայի ժողովուրդների տնտեսական և մշակութային կապերի զարգացմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png