Հախճապակի
Հախճապակի, թափանցիկ կամ անթափանց ջնարակով պատած, հոծ, մանրածակոտկեն թրծազանգվածով (սովորաբար սպիտակ կավից` կաոլին) խեցեգործական կերտվածքներ: Հախճապակու ստացման համար օգտագործում են նույն հումքը, ինչ՝ ճենապակու, փոխվում է միայն բաղադրամասերի հարաբերությունը և թրծման տեխնոլոգիան: Կարծր Հախճապակու համար գործածում են մեծ քանակությամբ դաշտային սպաթ, փուխրի համար՝ կիր: Հախճապակու կարևոր բաղադրամասերից են նաև քվարցը, ավազը և հրակավը: Հախճապակե առարկաները թրծվում են երկու անգամ. առաջինը‘ 1200-1280օC ջերմաստիճանում, երբ թրծվում է անոթը, երկրորդը‘ 1050-1150օC ջերմաստիճանում, ջնարակազանգվածի շերտածածկը թրծելու համար: Հայաստանում Հախճապակու արտադրության զարգացման առաջին փուլի (IX դ. 2-րդ կես - XI դ. 2-րդ կես) հիմն. կենտրոնը Դվինն էր, հախճապակե իրերի տեսականին՝ սահմանափակ (անթափանց ջնարակով և կոբալտով նկարազարդված): Երկրորդ փուլը Հախճապակու արտադրության ծաղկման ժամանակաշրջանն է (XI դ. 2-րդ կես - XIII դ. 1-ին կես), երբ ազատվելով սելջուկյան թուրքերի լծից՝ երկիրն ապրեց տնտ. զարգացման տևական ու խաղաղ շրջան: Հիմն. կենտրոնները՝ Դվին, Անի: Պեղումներով հայտնի է Հախճապակու հարուստ տեսականի (փուխր խեցիով վերադիր, միագույն ջնարակով անզարդ, բազմանիստ հարթակներով դրոշմազարդված, փխրախեցի սպիտակ ու կոբալտե զարդերով, կիսաթափանցիկ սպիտակ կարծրախեցի, շողյուն, ենթաջնարակային նկարազարդումով ևն): Երրորդ փուլն ընդգրկում է մոնղ. տիրապետության ժամանակաշրջանը (1236-ից մինչև XIV դ.): Հիմն. կենտրոնները‘ Անի, Ամբերդ, Գառնի և Տիկնունի: Հախճապակու տեսականին սակավ էր (մուգ կոբալտով նկարազարդված և թափանցիկ ջնարակով պատած, բազմերանգ‘ կանաչ, կապույտ ու այլ գույներով զարդարված ու թափանցիկ ջնարակով պատած, և ողյուն խեցանոթներ): Մոնղոլական տիրապետությունը XIV դ. արագացրեց հայ ժողովրդի զանգվածային արտագաղթը: Անեցիների մի հատվածը հաստատվեց Կուտինայում‘ իր հետ բերելով արհեստագործական շնորհքի գաղտնիքներն ու ավանդույթները: Կուտինան հռչակվեց իր Հախճապակու արտադրանքով և այդ մենաշնորհը պահպանեց մինչև XIX դ.: Հայաստանում Հախճապակու արտադրությունը XX դ. նոր վերելք է ապրել: 1947-ին Երևանում հիմնադրվել է հախճապակու գործարան, որը թողարկում է տնտեսական ամանեղեն, դեկորատիվ իրեր և հուշանվերներ:
[խմբագրել] Տես նաև
[խմբագրել] Գրականություն
- Ղաֆադարյան Կ., Դվին քաղաքը և նրա պեղումները, Երևան, 1952:
- Առաքելյան Բ., Քաղաքները և արհեստները Հայաստանում IX-XIII դդ., հ. 1-2, Երևան, 1958-64:
- Ժամկոչյան Ա., Միջնադարյան Հայաստանի հախճապակին IX_XIV դդ., Հայաստանի հնագիտական հուշարձանները, հ. 10, Երևան, 1981:
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանի ց, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |