Դիարբեքիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Տիգրանակերտ (այլ կիրառումներ)
Քաղաք
Դիարբեքիր
Diyarbakır
City of Diyarbakır.jpg
37°54′39″ հս. լ. 40°14′12″ ավ. ե. / 37.910833° հս. լ. 40.236667° աե. ե.
Երկիր Թուրքիա Թուրքիա
Իլ Դիարբեքիրի նահանգ
Այլ անվանումներ Ամիդ, Տիգրանակերտ
Մակերես 685 կմ²
Խոսվող լեզուներ Քրդերեն, թուրքերեն, հայերեն
Բնակչություն 845 000 մարդ (2010)
Ազգային կազմ քրդեր, թուրքեր, սիրիացիներ, հայեր
Կրոնական կազմ իսլամ, քրիստոնեություն
Հեռախոսային կոդ +90 412
Փոստային ինդեքս 21000
Պաշտոնական կայք www.diyarbakir-bld.gov.tr
##Դիարբեքիր (Թուրքիա)
Red pog.png

(Հին անունը Ամիդ )։ Քաղաք Մեծ Հայքի Աղձնիք նահանգում՝ Արևմտյան Տիգրիսի աջ ափին՝ Հայկական Տավրոսի հարավային ճյուղից (Կարաջադաղ) իջած հրահոսանքի ծայրին։

Հիմնադրման ժամանակն անորոշ է։ Աքադդական սեպաձև արձանագրություններում հիշատակվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջին՝ Ամեդու անունով։ Մ.թ.ա. IXդ. հիշատակվում է, որպես Բիտ Զամանի իշխանության կենտրոն։ Մ.թ.ա.IX-VIIIդդ. Ուրարտու թագավորության գերիշխանության ներքո մասնակցել է հակաասորեստանյան պայքարին։ Մ.թ.ա. 730-ական թթ. Թիգլատպալասար III-ը գրավել է Դիարբեքիրը և դարձել Ասորեստանի «Տուրտանի տուն» կուսակալության կենտրոն։ Ասորեստանյան տիրակալության քայքայումից հետո (մ.թ.ա. VIIդ. վերջ) միացվել է Հայաստանին։

Հայոց ավանդական պատմությունը Դիարբեքիրի կառուցումը վերագրում է Հայկազունի կամ Երվանդունի Տիգրանին (մ.թ.ա. VIդ. 1-ին կես), որի անունով հայ պատմիչներն այն անվանել են նաև Տիգրանակերտ։ Այդ պատճառով պատմագիտության մեջ Դիարբեքիրը երբեմն շփոթել են Աղձնիք նահանգում Տիգրան Բ-ի հիմնած Տիգրանակերտի հետ։

298թ. Դիարբեքիրը զավթել է Հռոմեական կայսրությունը։ 332թ. Կոստանդինոս Մեծ կայսրը վերակառուցել է քաղաքի ամրությունները, այն դարձրել հռոմեական ռազմակայան։ IV-XVIIդդ. քաղաքին փոխնիփոխ տիրել են պարսիկները, բյուզանդացիները, արաբները, քրդերը, սելջուկյան թուրքերը, թաթար-մոնղոլները, թուրքմենները։ Սեֆյան շահ Իսմայիլի դեմ կռիվներում Սելիմ I սուլթանը գրավել է Դիարբեքիրը և 1515թ. ենթարկել օսմանյան թուրքերի տիրապետությանը։ Եղել է Դիարբեքիր նահանգի կենտրոնը։

Դիարբեքիրի ամրությունները կառուցվել են անշաղախ ագուցված վիթխարի քարերից։ 8 կմ երկարություն, 10մ բարձրություն և 5մ լայնություն ունեցող, հիմնականում կանգուն պարիսպը մի կողմից հարում է հնագույն բերդին (այժմ՝ ավերակ), մյուս կողմից՝ Տիգրիսի տասնակամար կամրջին։ Պարիսպն ունեցել է 72 բարձրաբերձ ու կիսաբոլոր աշտարակ, 4 մետաղակուռ դարպաս։ Քաղաքի հյուսիսարևելյան մասում՝ բարձրադիր ժայռին կառուցված միջնաբերդը շրջափակված էր քառադարպաս, աշտարակավոր պարսպով։ Միջնաբերդի ապարանքներից նշանավոր էին Ոսկեզուն և Արքունի պալատները, միջնադարյան բազմաթիվ եկեղեցիներ (Ս.Աստվածածին, Ս.Կաթողիկե, Ս.Գևորգ, Ս.Երրորդություն, Ս.Հովհաննես), որոնք XVI-XVIIդդ. վերածվել են մզկիթների։

Մինչև XXդ. սկիզբը Դիարբեքիրի բնակչության մեծամասնությունը կազմող հայերը զգալի դեր են խաղացել տնտեսական և մշակութային կյանքում։ Զբաղվել են արհեստներով, առևտրով, երկրագործությամբ, ձկնորսությամբ։ Մերձավոր Արևելքի շուկաներում հռչակված էր Դիարբեքիրի ոսկերիչների, ջուլհակների, ներկարարների, կաշեգործների, դերձակների արտադրանքը։ Դիարբեքիրի մոտ գտնվող հանքերից արտահանում էին անագ, պղինձ, երկաթ։ Քաղաքի շուրջը տարածված բերրի դաշտերը հնուց ի վեր հիշատակվում են որպես ցորենի շտեմարան։

XIXդ. վերջին Դիարբեքիրի մոտ 10 հազար հայեր ունեին երկու եկեղեցի (Ս.Սարգսի հնգախորան և Ս.Կիրակոսի յոթնախորան), յոթ հայկական վարժարան (երկուսը պատկանում էր եկեղեցուն, մյուսները՝ Անձնվեր, Հայրենասիրաց, Մեսրովբյան, Պատանյաց և Համազգային ընկերություններին)։

Հայերի զգալի մասը զոհվել է 1895թ. համիդյան ջարդերի ժամանակ։ Կողոպտվել և հրկիզվել է մոտ 2 հազար տուն, 2,5 հազար խանութ և կրպակ։ Շուրջ 5 հազար հայեր բնաջնջվել են 1915թ. Մեծ եղեռնի ժամանակ։

Այժմ Դիարբեքիրը Թուրքիայի համանուն իլի կենտրոնն է։ 845.000 բնակչություն (2011.)։ Ունի սննդի և տեքստիլ արդյունաբերության, ավտոհավաքման գործարաններ։ Երկաթուղային կայան է, խճուղային ճանապարհների հանգույց։ Ներկայումս Դիարբեքիրում բնակվում է 16 հայկական ընտանիք հիմնականում Սուրբ Կիրակոս եկեղեցու շրջակայքում։

Այցելեք նաև[խմբագրել]