Սերգեյ Կոնյոնկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Կոնյոնկով
Soviet stamp 1972 Tretjakovskaja Galerija Korin 2k.JPG
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե Սերգեյ Կոնյոնկով
Серге́й Тимофе́евич Конёнков
Ծնվել է հունիսի 28, 1874
Ծննդավայր Կարակովիչի (այժմ՝ Սմոլենսկի մարզում
Մահացել է օգոստոսի 9, 1971
Վախճանի վայր Մոսկվա, ԽՍՀՄ
Ազգություն ռուս
Գործունեություն քանդակագործ
Պորտալ Portal.svg Արվեստ


Սերգեյ Կոնյոնկով (Կnնևնկnվ) Տիմոֆեևիչ (ռուս.՝ Серге́й Тимофе́евич Конёнков, հունիսի 28, 1874, Կարակովիչի (այժմ՝ Սմոլենսկի մարզում) - օգոստոսի 9, 1971, Մոսկվա), ռուս խորհրդային քանդակագործ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1954 թվական), ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1958), Խորհրդային աշխատանքի հերոս (1964 թվական)։

Կյանքը[խմբագրել]

Սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում (1892-1896) և Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (1899-1902)։ Մասնակցել է «Միր իսկուսստվա»-ի ցուցահանդեսներին, եղել Ռուս արվեստագետների միության անդամ։ Վաղ շրջանի աշխատանքներում ձգտել է հաղորդել իր ժողովրդի ծանր կյանքն ու ազատության ձգտումները («Քար շարդողը», բրոնզ, 1898 թվական, Տրետյակովյան պատկերասրահ, «Սամսոն», գիպս, 1902 թվական (չի պահպանվել))։

Մասնակցել է 1905 թվականի հեղափոխական շարժումներին, ստեղծել հեղափոխության մարտիկների դիմաքանդակներ («1905 թվականի բանվոր-մարտիկ Իվան Չուրկինը», մարմար, 1906 թվական, ԽՍՀՄ Հեղափոխության թանգարան, Մոսկվա)։ 1900-ական թվականներին Կոնյոնկովը դիմել է ժողովրդական-հեքիաթային մոտիվներին, ռուսական ժողովրդական փայտի քանդակագործությանը, անտիկ Վերածննդի արվեստով տոգորված ներդաշնակ մարդու կերպարի մարմնավորմանը («Պարմանուհի», 1916 թվական, Տրետյակովյան պատկերասրահ)։

Խորհրդային իշխանության տարիներին մասնակցել է մոնումենտալ պրոպագանդայի ծրագրի իրականացմանը («ժողովուրդների խաղաղության և եղբայրության համար պայքարում ընկածներին» հուշատախտակը, երանգավորված ցեմենտ, 1918 թվական)։

1924-1945 թվականներին ապրել է ԱՄՆ-ում, հիմնականում կատարել դիմաքանդակներ («Ա. Մ. Գորկի», բրոնզ, 1928 թվական, Գորկու թանգարան, Մոսկվա)։

1940-1960-ական թվականներին ստեղծել է խոր հոգեբանական բնույթի դիմաքանդակներ («Նինոչկա», 1951 թվական, Ռուսական թագարան, Լենինգրադ, Ինքնադիմաքանդակ, 1954 թվական, լենինյան մրցանակ, 1957 թվական, Տրետյակովյան պատկերասրահ, երկուսն էլ մարմար), ինչպես նաև հաստոցային և մոնումենտալ կոմպոզիցիաներ («Ազատագրված մարդը» («Սամսոն»), գիպս, 1947 թվական, Ռուսական թանգարան)։

Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1951 թվական)։ Կոնյոնկովի «Դիմակով աղջիկը» (փայտ), «Կանացի մարմին»(փայտ) ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png