Անդրեա դել Վերոկկիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեա դել Վերոկկիո
իտալ.՝ Andrea di Michele Cioni
Ի ծնեAndrea del Verrocchio
Ծնվել է1435
ԾննդավայրՖլորենցիա
Մահացել է1488
Վախճանի վայրըՎենետիկ
Քաղաքացիություն Ֆլորենցիայի Հանրապետություն
ԱզգությունԻտալիա Իտալիա
ՈւսուցիչGiuliano Verrochi? և Դոնատելլո
Ստեղծագործություն(ներ)The Baptism of Christ?, Tobias and the Angel?, Putto with a Dolphin?, Virgin with the Seated Child?, Statue of Bartolomeo Colleoni?, David with the head of Goliath? և Bust of a Young Woman?
ՈճԻտալական Վերածնունդ և Վերածնունդ[1][2]
Ժանրդիմապատկեր[1][3], հոգևոր արվեստ[1][3], նյու[3], Ֆիգուր[3] և Անիմալիստիկա[3]
Մասնագիտություննկարիչ, ոսկերիչ, քանդակագործ, carver, ճարտարապետ, երաժիշտ, գծագրող և bronze sculptor
Գործունեությունըքանդակագործ, ոսկերիչ, գեղանկարիչ
ԱշխատավայրDesiderio da Settignano?
 Andrea del Verrocchio Վիքիպահեստում

Անդրեա դել Վերոկկիո (մոտ 1435[7][8][6][…], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[7][9][6][…] - հոկտեմբերի 7, 1488[4][5][6], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[6], իտալ.՝ Andrea del Verrocchio), իտալացի քանդակագործ, ոսկերիչ, գեղանկարիչ։

Ֆլորենտացի քանդակագործ և գեղանկարիչ Անդրեա դել Վերոկկիոյի (Անդրեա դի Չոնի) կյանքից քիչ տեղեկություն է հայտնի։ Նա առավել նշանավոր է մտահղացումներով և իր ունեցած ազդեցությամբ հետագա սերնդի վրա. հայտնի է, որ նրա աշակերտն էր Լեոնարդո դա Վինչին։ Նրա և իր ժամանակակից ֆլորենտացի քանդակագործների տարբերակիչ հատկանիշն այն է, որ հիմնականում աշխատել են բրոնզով, այլ ոչ թե մարմարով. քանի որ Դոնատելլոյից հետո կլոր քանդակը կորցրել էր իր նշանակությունը, և քանդակում իշխում էր ստատիկությունը, դեկորատիվ սկզբունքը, իսկ բրոնզը նպատակահարմար էր շարժումն արտահայտելու համար։ Մեծ նշանակություն էր տրվում գծին, այսինքն գոթական ավանդույթները վերածնվում են։

Սովորել է ոսկերիչ Վերոկկիոյի (որի անունն էլ ժառանգել է), Ա․ Բալդռվինետտիի և, հնարավոր է, Անտոնիո Ռոսսելինոյի մոտ։ 1467 թվականից կատարել է Ֆլորենցիան կառավարող Մեդիչիների պատվերները։ Վերոկկիոյի ստեղծագործություններում ֆլորենտական կվատրոչենտոյի ռեալիստական ավանդույթները զուգակցված են 15-րդ դարի վերջին Մեդիչիների արքունիքում աշխատող արվեստագետների գործերին բնորոշ ազնվականական նրբությանը։ Վաղ շրջանի՝ Ջովաննի և Պիեռո Մեդիչիների մահարձաններում (ծիրանաքար, գունավոր մարմար, բրոնզ, 1472, Ֆլորենցիայի Սան Լորենցո եկեղեցու Հին ավանդատուն) Վերոկկիոն հասել է ձևերի ներդաշնակ համամասնության և նրբագեղ դեկորատիվության։ Դավթի արձանում (բրոնզ, 1473-1475, Ազգային թանգարան, Ֆլորենցիա), որն աչքի է ընկնում անատոմիական ճշգրտությամբ, մանրազնին մոդելավորումով, հարդարման ոսկերչական նրբությամբ, Վերոկկիոն մարմնավորել է գեղեցկության նոր, ազնվականական նրբագեղ իդեալը։ Կերտել է ճշգրիտ բնութագրումներով մի շարք դիմաքանդակներ (Ջուլիանո Մեդիչիի կիսանդրին, թրծակավ, Ազգային պատկերասրահ, Վաշինգտոն, կնոջ դիմաքանդակ, մարմար, մոտ 1475, Ազգային թանգարան, Ֆլորենցիա) և մոնումենտալ-դեկորատիվ քանդակներ։ «Թովմասի անհավատությունը» խմբաքանդակում (բրոնզ, 1476-1483, Ֆլորենցիայի Օրսանմիկելե շենքի ճակատ) հասել է կերպարների ներաշխարհի բնականության, կոմպոզիցիայի ազատության։

Վերոկկիոյի գլխավոր ստեղծագործությունը՝ հեծյալ կոնդոտյեր (վարձու ջոկատի հրամանատար) Բ․ Կոլլեոնիի արձանը Վենետիկի Սանտի Ջովաննի է Պաոլո հրապարակում (1479-1488, բրոնզից ձուլվել է 1490 թվականին, Վերածննդին բնորոշ անհատապաշտության վառ մարմնավորում է։ Վերոկկիոյի գեղանկարչական աշխատանքները («Տիրամայր», մոտ 1470, Պատկերասրահ, Բեռլին-Դալեմ, «Մկրտություն», 1470 թվականից հետո, Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա, կատարված է Լեոնարդո դա Վինչիի մասնակցությամբ) աչքի են ընկնում գծանկարի ճշգրտությամբ, ձևերի մոդելավորման քանդակագործական ջանադրությամբ։ Վերոկկիոն եղել է իտալացի բազմաթիվ արվեստագետների (Լեոնարդո դա Վինչի, Պերուջինո և ուրիշներ) ուսուցիչը։

Վերոկկիոյի վաղ շրջանի աշխատանքներից հարկ է նշել բրոնզյա Դավիթը (1475), որը պահվում է Ֆլորենցիայի ազգային թանգարանում։ Վարպետը Դոնատելլոյի նման ներկայացնում է հերոսին հաղթանակից հետո, իր ոտքերի տակ՝ սպանված Գողիաթի գլուխը, բայց այս երկու քանդակներն էապես տարբերվում են։ Վերոկկիոյի մոտ Դավիթը ոչ թե պատանի է կամ դեռահաս, այլ 11 տարեկան տղա՝ նիհար, ֆիզիկապես տկար, և թվում է՝ անհավանականն է, որ նա հերոս է և հաղթել է Գողիաթին։ Այս հանգամանքն ընդգծում է տղայի ժպիտը։ Դոնատելլոյի Դավիթը հանգիստ և մտածկոտ է, մինչդեռ Վերոկկիոյի հերոսն ակտիվ է, անհանգիստ և լի շարժումով։

Նրա մյուս նշանավոր աշխատանքը Մեդիչիի պատվերով կատարված Ջովանի և Պիեռո Մեդիչիների դամբարանն է, որը իր հորինվածքով տարբերվում է ֆլորենտական ավանդական դամբարանների տիպից։ Ճիշտ է, սարկոֆագը հարում է պատին, սակայն ֆոնը դասական արվեստին բնորոշ չէ. ցանցկեն է, ձևավորված բրոնզյա հյուսածո զարդամոտիվով։ Հատկանշական է պոլիխրոմ սկզբունքը. վարպետն օգտագործել է տարբեր գույնի մարմար՝ կարմիր, սպիտակ, կանաչ, ինչպես նաև պարփյուր և բրոնզ։ Մարդկային ֆիգուրները բացակայում են, այստեղ հիմնական զարդանախշն ականթի տերևն է։ Դամբարանն ավելի մոտ է բարրոկոյի ոճին, քան դասական սկզբունքներին։

Բարրոկոյի ոճին բնորոշ տարրեր տեսնում ենք Պուտտոն դելֆինի հետ քանդակում, սկզբնական շրջանում այն զարդարում էր Կառեջո վիլլայի շատրվանը, իսկ այժմ Պալացցո Վեկիոյի բակում է գտնվում։ Կլոր քանդակի խնդիրը, որ դեռևս առաջ էր քաշվել Դավթի արձանում այստեղ ստանում է իր լիարժեք լուծումը։

Դիմաքանդակում Վերոկկիոն նույնպես փորձեր է անում խախտելու հաստատված դասական ավանդույթները։ Արդեն իսկ Ջուլիաննա Մեդիչիի կավե քանդակում նա հրաժարվում է ֆրոնտալ պատկերումից և կնոջ գլուխը ներկայացնում երեք քառորդ պտույտով թեթև ժպտալիս, որն էլ ապահովում է կիսանդրու դինամիկությունը։

Մյուս աշխատանքը Ֆրանչեսկա Տոռնաբուոնի դամբարանն է Սանտա Մարիա Նովելլայից, կատարվել է ավելի ուշ և լի է միստիցիզմով։ Պահպանվել է մի ռելիեֆ՝ բաժանված 2 մասի։ Վարպետը պատկերում է բուրժուա կնոջը ծննդաբերելիս, որն էլ հանդիսացել էր նրա մահվան պատճառը։ Ինչպես հայտնի է՝ մինչ Վերոկկիոն մշտապես ծննդյան տեսարանում գործող անձինք Քրիստոսն ու Տիրամայրն էին, իսկ այստեղ աշխարհիկ կերպար է։ Սա հիմնական նորարարություն է այս աշխատանքում։

Իտալիայի քանդակագործության պատմության մեջ բացառիկ տեղ է զբաղեցնում Ֆլորենցիայի ազգային թանգարանում պահվող կնոջ կիսանդրին, քանի որ այն Վերածննդի շրջանի միակ ձեռքերով բյուստն էր։ Մյուս նորարությունն այն է, որ Վերոկկիոն պատկերում է ոչ թե աղջնակի, այլ հասուն կնոջ. նրան հետաքրքրում էր մոդելի հոգևոր էությունը, այլ ոչ ֆիզիկական կատարելությունը։

80-ական թվականներին է վերաբերում նրա խոշոր աշխատանքներից մեկը՝ «Քրիստոսը և առաքյալ Թովման» անսամբլային քանդակը Օրսանմիկելե եկեղեցու խորանի համար։ Խախտելով դասական ավանդույթները, նա ներկայացնում է Թովմային խորանի շրջանակից դուրս, իսկ Քրիստոսին՝ խորանում, հետևաբար նա առաքյալից բարձր է, և վեր բարձրացված ձեռքն ավելի է ընդգծում նրա դոմինանտ դիրքը։

Նրա մյուս հայտնի աշխատանքը Բարտոլոմեո Կոլլեոնիի արձանն է։ Վերջինս Վենետիկի գլխավոր զորահրամանատարն էր և 1475 թվականին մահանալով՝ իր ամբողջ ունեցվածքը կտակում է հանրապետությանը, այն պայմանով որ ի հիշատակ իրեն հուշարձան կառուցեն։ Լինելով ժամանակաշրջանի նշանավոր քանդակագործ՝ Վերոկկիոն այդ իսկ նպատակով ժամանում է Վենետիկ։ Հուշարձանը գտնվում է Վենետիկի Սան Ջովանի է Պաոլո եկեղեցու հրապարակում։ Ձիարձանը սերտորեն կապված է եկեղեցու հետ. ենթարկվում է պատի հարթությանը։ Չնայած այդ հանգամանքին՝ այն տեղադրված է գրեթե հրապարակի կենտրոնում և ունի երկու դիտակետ։ Համեմատելով Դոնատելլոյի Գատտամելատի հետ՝ պետք է ասել, որ երկուսն էլ ունեն բարձր պատվանդան, սակայն տարբերվում են պլաստիկ մոդելավորմամբ և բովանդակությամբ։ Վերոկկիոյի ձիարձանը, ի տարբերություն Գատտամելատայի, արված է ավելի կլոր և ուռուցիկ ծավալներով։ Դոնատելլոյի մոտ ձիու ոտքը հենված է բրոնզյա գնդին, այդ պատճառով շարժումը կարծես թե քարացած է, իսկ Վերոկկիոյի մոտ քայլքը և շարժումն ազատ են, և ձին պատրաստ է իջնելու իր պատվանդանից շրջակա իրականություն։ Մյուս տարբերությունն այն է, որ Վերոկկիոյի մոտ Կոլլենին գերիշխող է ձիու հանդեպ, իսկ Դոնատելլոյի մոտ հակառակն է. ձին ավելի մեծ է։ Գլխի պատկերման մեջ ակնհայտ է ոչ թե դիմանկարային, այլև հերոսականացման, իդեալականցման սկզբունքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]