Ժան Գուժոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Գուժոն
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե Jean Goujon
Ծնվել է 1510 թ.
Ծննդավայր Ռուան, Ֆրանսիա
Մահացել է 1565 թ.
Վախճանի վայր Բոլոնիա
Ազգություն Ֆրանսիա Ֆրանսիա
Ժանր(եր) քանդակագործություն, գծանկարչություն, ճարտարապետություն
Գործունեություն քանդակագործ, գծանկարիչ, տեսաբան, դեկորատոր և ճարտարապետ
Պորտալ Portal.svg Արվեստ


Ժան Գուժոն ( 1510 - 1565), Ֆրանսիական վերածննդի հիմնադիրներից մեկն, անտիկ արվեստին քաջատեղյակ քանդակագործ, գծանկարիչ, տեսաբան, դեկորատոր և ճարտարապետ։

Կենսագրություն[խմբագրել]

Ժան Գուժոնը ծնվել է մոտ 1510 թվականին։ Նրա ստեղծագործություններին բնորոշ է պարզ, հանդիսավոր և նրաբագեղ ձևերը, իսկ կերպարներին՝ իդեալականացվածությունն ու հավաքական բնույթը։ Կյանքի մասին քիչ տեղեկություն է հայտնի նրա անունը առաջին անգամ հանդիպում է 1541 թվականին, որտեղ Գուժոնը արդեն հիշատակվում է որպես նշանավոր ճարտարապետ և քանդակագործ։

«Անմեղների շատրվանը» Փարիզում

Հայտնի է, որ աշխատել է Փարիզում և Ռուանում։ Ժամանակակիցները նրան համեմատում էին Ֆիդիասի հետ, որի ձեռքում մարմարը կենդանություն էր առնում։ Ի տարբերություն իտալական վերածննդի վարպետների, որոնք ոգեշնչվում էին Հին Հռոմի մշակույթից նրա արվեստը ազդված է Անտիկ Հունաստանի արվեստից։ Ընդունված է կարծել, որ Գուժոնը այցելել է Հռոմ, որտեղ ուսումնասիրել է անտիկ ժառանգությունը։

Աշխատանքներ[խմբագրել]

Նրան են վերագրվում մի շարք ստեղծագործություններ, սակայն հստակ նրա անվան հետ կապված աշխատանքներից քիչ շատ չեն։ Սկզբնական շրջանի աշխատանքներից հայտնի է Սան Մակլու եկեղեցում դրված կորնթական խոյակով սյունն։ Ըստ ավանդության նրա անվան հետ է կապվում Ռուանի տաճարում գտնվող Լուի դե Բրեզեի դամբարանային համալիրի ձևավորումը, չնայած այն հանգամանքի, որ իր ոճական առանձնահատկություններով տարբերվում է Գուժոնի ավելի ուշ շրջանի ստեղծագործություններից։ Հնարավոր է, որ դամբարանի ընդհանուր նախագիծը պատկանում է Ժան Գուժոնին, իսկ նախագծի իրականացումը մի այլ վարպետ։ Դամբարանը զարդարված է կորնթական օրդերով և քանդակներով։ Վերևում կամարի տակ՝ զույգ կարիատիդների միջև ասպետի ձիարձանն է, այս երևույթը հատկանշական է իտալական արվեստին, նման երևույթ հատկապես հանդիպում ենք Վերոնայում, Վենետիկում, Բերգամոյում։ Ներքևի հատվածում մահացածի պառկած կիսամերկ ֆիգուրն է շրջապատված հոգևորականներով։

1544-1545 թվականներին Գուժոնը գտնվում էր Փարիզում, որտեղ Սեն Ժերմեն Լոքսերուա եկեղեցու ռետաբլոյի բարձրաքանդակներն է իրականացնում, որոնք այժմ պահվում են Լուվրում։ Այստեղ նա ներկայացրել է «ողբ առ Քրիստոս» տեսարանը, 4 ավետարանիչներին և 6 քերոբվե։ «Ողբ առ Քրիստոս» ռելեֆը Քրիստոսի հորիզոնական դիրքին համապատասխան ունի ֆրիզային լուծում և հորիզոնական ձգվածություն։ Նրան շրջապատող հոգևորականների դեմքերը սառն են և հանգիստ, միայն աջ մասում գտնվող կնոջ և Տիրամոր կերպարներն են ողբացող։ Հագուստների տակից թափանցում է կատարյալ մոդելավորված մարմինը։

Քանդակագործի ամենահայտնի աշխատանքն Փարիզում 1547-1549 թ. իրագործված այպես կոչված «Անմեղների շատրվանն» /Фонтан невинных/ է, որը քաղաքի ձևավեորման դեկորատիվ էլեմենտներից էր, նախատեսված զարդարելու Փարիզը թագավորի հանդիսավոր մուտքի համար։ Աշխատել է Պյեռ Լեսկոյի հետ համատեղ. հավանաբար Լեսկոն իրականացրել ճարտարապետական մասը։ Այն կառուցվել է Հերովդեսի հրամանով սպանված անմեղ մանուկների հիշատակին նվիրված հին գերեզմանի վրա։ Շատրվանը զարդարում են նիմֆաներ, տրիտոններ և այլ դիցաբանական էակներ։ Վեր ձգված պիլյաստրների միջև պատկերված են բնության ուժերը մարմնավորող աստվածությունները՝ նիմֆաները, որոնք ձեռքերին բռնած սկահակներ ունեն, որոնցից ջուր է հոսում։ Նրանք շարժման մեջ են և կարծես պարելիս լինեն։ Իսկ թափանցիկ հագուստները, շարժումների բազմազանությունը և գետնին հազիվ թե կպչող ոտնաթաթերը ստեղծում են անկշռելիության զգացում։

Դիանայի արձանը

Նրա անվան հետ է կապվում նաև Դիանայի արձանը, Անէ դղյակի շատրվանի համար /Լուվր 1558-1599/, սակայն շատ մասնագետներ հակված են այն վերագրելու Պիլոնին։ Մերկ կիսապառկած աստվածուհին ձեռքով գրկել է իր կողքին պառկած եղջերուի վզից։ Մարմնի համաչափությունները փոքր-ինչ ձգված են, իսկ հայացքը արտահայտում է մտածկոտություն և հանգստություն։ Կա վարկած, որ աստվածուհու դեմքը կրում է Հենրիխ 2-րդ թագավորի սիրուհու ՝ Դիանա Պուատյեի անհատական դիմագծերը։

Ուշ շրջանի ստեղծագործություններից նշենք Լուվրի ֆասադի քանդակային ձևավորումը, որոնց վրա աշխատել է 1548 - ից մինչև 1562 թվականը։ Իսկ ինտերյերում ստեղծել է Էրեխտեոնի արձանների նմանությամբ կորիատիդների, որոնք իրենց վրա կրում են տրիբունան նախատեսված երաժիշտների համար։ Փարիզի քաղաքապետարանի Կենդանաշրջանի դահլիճի համար տարվա ամիսները խորհրդանշող փայտյա ֆիգուրներ է արել, սակայն դրանք չեն պահպանվել։

Գրականություն[խմբագրել]

Гужон, Жан // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). - СПб., 1890 - 1907.

Արտաքին հղումներ[խմբագրել]