Մադլենյան մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մադլենյան շրջանի գործիքներ և զենքեր

Մադլենյան մշակույթ (ֆր.՝ Magdalénien), ուշ հին քարի դարի մշակույթ (մ.թ.ա. 15000-8000)։ Հաջորդել է Սոլյուտրեյան մշակույթին և նախորդել Ազիլյան մշակույթին։ Բնորոշել է ֆրանսիական հնագետ Գ. Մորտիլյեն (1860-ականներ) և կոչել Ֆրանսիայում գտնվող Լա Մադլեն քարայրի անունով։ Մադլենյան մշակույթը տարածված է Ֆրանսիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի, Բելգիայի, Գերմանիայի տարածքներում և ունի մի շարք տեղական տարատեսակներ։

Մադլենյան մշակույթի ժամանակ տիրապետող են դարձել կայծքարե բազմազան հատիչները, ծակիչները, քերիչները։ Բարձր զարգացման է հասել ոսկրի մշակումը։ Բնորոշ են ոսկորների և եղջյուրների վրա փորագիր պատկերները» եղջյուրներից, մամոնտի ոսկորներից ու ժանիքներից քանդակները, միագույն և բազմագույն պատկերները քարայրերի պատերին ու առաստաղներին։ Մադլենյան որսորդները բնակվել են առավելապես քարայրերում, ինչպես և ոսկրից ու մորթուց շինված կացարաններում, հաճախ տեղափոխվել են՝ հետապնդելով հյուսիսային եղջերուների հոտերին։ Մադլենյան մշակույթը, հավանաբար, համընկնում է մայրիշխանական տոհմի ժամանակաշրջանին։ Հայաստանում ուշ քարի դարի կայաններից (Արտին լեռան, Հրազդանի և այլն) գտնվել են մադլենյան ժամանակաշրջանի օբսիդիան, նուրբ մշակված դանակաձև շեղբեր, ծակիչներ, սրածայրեր, դուրեր, կտրիչներ և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 127