Պարարվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պարարվեստ, ժողովրդական ու պրոֆեսիոնալ պարերը վերցված պատմության զարգացման ընթացքում, պարի արվեստն ամբողջությամբ, պարեր և պարային (գլխավորապես բալետային) ներկայացումներ ստեղծելու արվեստը։ ժամանակակից պարարվեստն ունի խպր ակունքներ և կրել է Արևելքի հին ժողովուրդների ու անտիկ աշխարհի պետություններում ձևավորված պարարվեստի ազդեցությունը, որը մեզ հայտնի է ոչ միայն գեղանկարչությունից ու քանդակագործությունից, այլև գրավոր վկայություններից։

Հին եգիպտացիների, հույների, հռոմեացիների կենցաղում պարը, պաշտամունքի մաս լինելով հանդերձ, դաստիարակչական մեծ դեր է կատարել (ուժի ու ճարպկության, մարզական ու ռազմական գործողությունների և պարերի ցուցադրություններ), եղել թատրոնի պարտադիր բաղկացուցիչներից։ Ժողովրդական պարերի հիման վրա պարարվեստի մասնագիտացմամբ սկզբնավորվել է բեմական պարը, որպես պարի հիմնական տեսակներից մեկը։ Եվրոպայում նրա զարգացումն սկսվել է հելլենիզմի դարաշրջանում (մ․ թ․ ա․ IV–II դդ․), պարող մնջկատակների արվեստով, որը մ․ թ․ II –V դարերում Հին Հռոմում շարունակվելով՝ կատարելագործվել է մնջախաղում։ Միջնադարում թատերականացված պարերով հանդես են եկել գուսանները, ժոնգլյորները, շպիլմանները, սկոմորոխները։ XV–XVI դարերում կատարվել են սյուժետային պարային տեսարաններ։ XVI դարի վերջին և XVIII դարի սկզբին սկզբնավորվել է բեմական պարի նոր տարատեսակը՝ ձևավոր պարը (Իտալիայում՝ բալլո ֆիգուրատո, Ֆրանսիայում՝ բալլե և այլն)։ XVI–XVII դարերում Եվրոպայում լայն տարածում են գտել պարահանդեսային պարերը։ XVII դարի սկզբից, պարային ներկայացումների ի հայտ գալով, պարարվեստը հարստացել է նոր արտահայտչամիջոցներով, տեխնիկայով։ 1661 թվականին Ֆրանսիայում հիմնադրված Պարի թագավորական ակադեմիան մշակել է պարարվեստի արտահայտչամիջոցների (մարմնի շարժումների, դիրքերի) կանոնացված համակարգ, որն հետագայում (XIX դարի վերջից Ռուսաստանում) անվանվել է դասական պար։ Ֆրանսիական հեղափոխության նախօրեին երաժշտական թատրոնի գեղագիտական սկզբունքների շուրջ ծավալված պայքարի ու բարենորոգումների հետևանքով (Ք․ Գլյուկի օպերային ռեֆորմը) ի հայտ է եկել բալետային ներկայացման կառուցվածքային նոր ձևը, որն օգնել է բալետի առանձնանալուն որպես արվեստի ինքնուրույն տեսակ։

Լուսավորականության շրջանում խորացել է պարարվեստի դրամատիկական հուզական բովանդակությունը։ XIX դարի 2-րդ կեսին ռոմանտիկ բալետում մշակվել է պարարվեստի նոր, վիրտուոզ ոճ, որին նպաստել է հատուկ ոտնամանի օգնությամբ ոտնամատերի վրա պարելու պարուհուն ընձեռված հնարավորությունը։ XIX դ․ վերջին բեմական պարարվեստը հարստացրել են բազմաթիվ սիմֆոնիստ կոմպոզիտորներ։ Նույն ժամանակամիջոցում էլ ժողովրդական պարի բալետային մշակումների հիման վրա ստեղծվել է հատուկ պարատեսակ՝ բնութագրային պարը։ Հետագայում ուժեղացել է ժողովրդական պարի նկատմամբ հետաքրքրությունը XIX դարի վերջին և XX դարի սկզբին պարարվեստում, ի հակադրություն դասականի, երևան է եկել «մոդեռն» կոչվող պարի (ագատ, պլաստիկ կամ ռիթմոպլաստիկ պարի) ուղղությունը։ «Մոդեռն» պարի ձևավորմանը ազդել է նաև Այսեդորա Դունկանի արվեստը։ 1940–60-ական թվականներին Եվրոպայի երկրներում և ԱՄՆ–ում տեղի է ունեցել դասական պարի և «մոդեռնի» փոխազդեցության ու փոխհարստացման պրոցես։ Պարարվեստում առանձնահատուկ տեղ են գրավում էստրադային պարերը, որոնք աչքի են ընկնում կատարման ու բեմադրության սրությամբ, վիրտուոզ, լակոնիկ արտահայտչամիջոցների օգտագործման ձգտումով։ Պարարվեստը առանձնապես բարձր զարգացման է հասել սահմանում, ուր լայնորեն տարածված են նաև գեղարվեստական ինքնագործ կոլեկտիվները, ինչպես և պարի պրոֆեսիոնալ անսամբլները։ Պարարվեստի զարգացման պատմության ընթացքում մշտապես գոյատևել են ժողովրդական պարերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։