Գիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գիրն ստեղծվել է որևէ գաղափար, միտք կամ առհասարակ խոսք գրավոր եղանակով փոխանցելու համար։ Իբրև մշակութային երևույթ՝ բանավոր խոսքի համեմատությամբ գիրը երևան է եկել ավելի ուշ։ Հաղորդակցման աճող պահանջներին ի պատասխան՝ գիրն ստեղծել են հասարակական, մշակութային բարձր մակարդակ ունեցող ժողովուրդները։ Գրի տեսակներն են պատկերագրությունը, գաղափարագրությունը, վանկագրությունը և հնչյունագրությունը։ Պատկերագրության (պատմականորեն նախորդել է մյուս գրատեսակներին) միավորները (առարկայի գծագիր պատկերները) հիմնականում արտահայտում են այս կամ այն գաղափարը, միտքը (նույնիսկ կարող են ունենալ ամբողջական միտք պարունակող հաղորդման նշանակություն)։ Այն օգտագործել են հին եգիպտացիները, Մերձավոր Արևելքի որոշ ժողովուրդներ, հին չինացիները, Հայաստանի նախաբնիկները և ուրիշներ։ Գրի հաջորդ՝ համեմատաբար կատարյալ ձևը գաղափարագիրն է (հիերոգլիֆը)։ Գաղափարագրությունը մի համակարգ է, որի միավորները (պայմանական նշաններ) հիմնականում արտահայտում են բառ կամ նրա իմաստակիր որևէ մաս։ Հին եգիպտացիները գաղափարագիր ստեղծել են մ. թ. ա. մոտ 3100 թ-ին և դրանից օգտվել են շուրջ 3500 տարի։ Գրի այս տեսակն օգտագործել են նաև Միջին Արևելքի ուրիշ ժողովուրդներ։ Կենտրոնական Ամերիկայի բնիկները՝ մայաները, նույնպես ունեցել են իրենց գաղափարագրերը։ Այժմ էլ կան գաղափարագրությունից օգտվողներ (օրինակ՝ չինացիները)։ Գաղափարագրության սկզբունքով են ստեղծված մաթեմատիկական թվանշանները, քիմիական նշանները։ Գաղափարագրությունից է սերում հնչյունագրությունը։ Վանկագրությունը գրային ինքնատիպ հորինվածք է։ Վանկագիր է, օրինակ, հնդկական դևանագարի գրատեսակը։ Հնչյունական ամենահին գիրը սեպագիրն է, որն ստեղծել են շումերները՝ մ. թ. ա. III հազարամյակում։ Հնչյունագրության միավորներն արտահայտում են հնչյունական-արտասանական տարրեր։ Տառը հնչյունի գրային պատկերն է։ Հնչյունագրությունը (տառահնչյունային այբուբենը) սեմական ծագում ունի։ Գրեթե բոլոր տառագիր այբուբենները սեմական բաղաձայնագրի տարբեր ձևափոխություններն են։ Գրի հնագույն վկայությունները վերաբերում են մ. թ. ա. IV–III հազարամյակներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Դպրոցական մեծ հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png