Փյունիկերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փյունիկերեն, փյունիկեցիների լեզուն։ Պատկանում է սեմական լեզվաընտանիքի քանանական ենթախմբին։ Խոսվել է մ.թ.ա. II - I հազարամյակում և մ.թ. I հազարամյակի սկզբում, Փյունիկիայում և միջերկրածովյան ափերի փյունիկաբնակ վայրերում (Կիպրոս, Սիցիլիա, Սարդինիա, Մասսալիա, Իսպանիա, Հյուսիսային Աֆրիկա)։ Հյուսիսային Աֆրիկայում ուշ փյունիկերենը (պուներենը) պահպանվել է մինչև արաբական նվաճումների դարաշրջանը (VIII դար), բուն Փյունիկիայում՝ մինչև II-րդ դարը։ Արձանագրություններով ներկայանում է մ.թ.ա. II հազարամյակից մինչև մ.թ. IV դար։ Փյունիկերենի ձևաբանությունը, ինչպես նաև բառապաշարը մոտ է իվրիտերենին։ Գրությունից դատելով՝ 29 համասեմական բաղաձայններից պահպանել է 22-ը։ Հին սեմական մյուս լեզուներից ամենամեծ տարբերությունը ձայնավորական համակարգի մեջ է։ Փյունիկերենն օգտագործել է փյունիկյան գիրը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png