Վանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վանկ, արտասանական այնպիսի նվազագույն միավոր, որը հնչեղությամբ ավելի ուժեղ է իրեն սահմանազատող հնչյուններից և մի սերտ արտասանական ամբողջություն է կազմում իր բաղադրիչներով։

Ընդհանուր տեղեկություններ վանկի մասին[խմբագրել]

Կենդանի խոսքի հնչերանգային ուժեղացումները, թուլացումներն ու դադարները բնական անհրաժեշտութուն են։ Խոսողը չի կարող հնչյուններն արտասանել օդի մի հոսքով. նրա շնչառությունը չի բավարարի։ Անհրաժեշտ են դադարներ օդի նոր պաշար առնելու համար։ Հնչյունները հավասար ուժգնություն ու տևականություն չունեն, խոսելիս արտասանական ապարատում առաջանուն են փակվածքներ ու բացվածքներ, որոնք պայմանավորում են ընդհատումները, թուլացումներն ու ուժեղացումները։ Ուրեմն՝ բառերի մեջ հնչյունների կապակցությունը ուղեկցվում է ուժեղացումների, թուլացումների, դադարների հաջորդությամբ ու նախորդությամբ, որոնք պայմանավորում են վանկի գոյությունը[1]։

Սովորական բնորոշմամբ, հատկապես դպրոցական քերականություններում(մեթոդական նկատառումներով) վանկ է համարվում մի շնչով արտասանվող հնչյունների խումբը կամ առանձին հնչյունը(ձայնավորը)։ Բայց վանկի այդ ըմբռնումը հիմնված է միայն լսողական տպավորթյան հիման վրա ու միկողմանի է։ Գիտական գրականության մեջ երկու հիմնական բնորոշում է իշխում։ Առաջինը հիմնված է լսողական տպավորության վրա և էապես չի տարբերվում նախորդից։ Ըստ այդ բնորոշման՝ վանկ են հնչյունական շարքի այն հատվածները, որոնք իրարից անջատվում են արտասանության թուլացումամբ կամ կարճատև դադարով։

Երկրորդ բնորոշումը հիմնված է հնչյունների հնչեղության և լարվածության վրա։ Մեր լսողությամբ շատ դյուրին է տարբերել հնչյունների հնչեղությունը։ Ձայնավորներն ու ձայնորդները ավելի հնչեղ են, քան մյուսները։ Եվ եթե մենք որևէ հնչյունաշղթա արտաբերենք, այդ շարքում պարզ կտարբերակվեն հնչյունները՝ ըստ հնչեղության. այդ տարբերության շնորհիվ ամբողջական հնչյունաշղթան կազմում է ալիքաձև մի շղթա՝ հիմնված արտասանվող հնչյունների ուժեղացման ու թուլացման վրա։

Լարվածությունը կապված է ոչ թե մեր լսողության, այլ արտասանական ապարատի աշխատանքի հետ։ Որքան հնչեղ է արտասանվող հնչյունը, այնքան նվազ է մեր արտասանական օրգանների լարումը, և ընդհակառակը։ Այսպիսով՝ եթե հնչեղության տեսակետից ավելի լիահունչ են ձայնավորները, հետո՝ ձայնորդները, շփական ձայնեղները, խուլերը և, վերջում, պայթականները, ապա արտասանական ապարատի լարվածության տեսակետից շարքը շրջվում է։

Ելնելով այդ հատկանիշից՝ ոմանք վանկը համարում են ժամանակային մի հատված, որ պարունակում է հնչեղության ուժեղացում երկու պակաս հնչեղ մոմենտների միջև։ Վանկի մեջ առավելագույն հնչեղություն ու նվազագույն լարվածություն ունեցող հնչունը կոչվում է վանկարար հնչյուն։ Օրինակ՝ վար վանկի մեջ այդ հնչյունը ա-ն է։ Մյուս հնչյունները՝ վ-ն և ր-ն, կոչվում են ոչ վանկարար հնչյուններ։ Հայերենում վանկարար են միայն ձայնավորները։ Ըստ հնչեղության առավելագույն լիահունչ է ա ձայնավորը, ապա հաջորդաբար՝ է, օ, ի, ու, ը[2]։

Վանկերի դասակարգումը[խմբագրել]

Ըստ կազության վանկերը լինում են բաց և փակ։

  1. Բաց են կոչվում այն վանկերը, որոնք վերջանում են վանկարար հնչյունով (օրինակ՝ կա-տու, տը-ղա)։
  2. Փակ են կոչվում այն վանկերը, որոնք վերջանում են ոչ վանկարար հնչյունով (oրինակ՝ Ար-շակ, ապ-րել, ան-զուսպ)։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Ջահուկյան Գ. Բ., Աղայան Է. Բ., Առաքելյան Վ. Դ., Քոսյան Վ. ա., Հայոց լեզու, 1 մաս, Ա պրակ, «Լույս» հրատարակչություն, Եր., 1980:
  2. Աղայան Է. Բ., Լեզվաբանության ներածություն, «Միտք» հրատարակչություն, Եր., 1967: