Շումերերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լագաշ քաղաքի թագավորի նամակը շումերերեն (մոտավորապես մ.թ.ա. 2600թ.)

Շումերերեն կամ սումերերեն, շումերների լեզուն։ Գիտությանը ծանոթ լեզուներից որևէ մեկի հետ շումերերենը ազգակից չէ։ Խոսվել է Միջագետքում, գլխավորապես հարավային շրջաններում առնվազն մ.թ.ա. V հազարամյակից մինչև մ.թ.ա. II հազարամյակի կեսերը, այնուհետև, որպես մեռած լեզու գործածվել է աքքադացիների և այլ ժողովուրդների կողմից՝ թագավորական արձանագրությունների մեջ կրոնական և գիտական բնագրերում մինչև մ.թ.ա. II դարը։

Տարբերում են շումերերենի հետևյալ շրջանները, մ.թ.ա. 2900 - 2500 թթ. շումերերեն հուշարձաններ՝ հնագույն շրջան, մ.թ.ա. 2500 - 2300 թթ. հուշարձաններ՝ հին շրջան, մ.թ.ա. 2300 - 2200 թթ.՝ անցման շրջան, մ.թ.ա. 2200 - 2000 թթ.՝ նոր շրջան և մ.թ.ա. 2000 - 1700-ական թթ.՝ ուշ շումերական շրջան։ Սրանց հաջորդում է ետշումերյան շրջանը, երբ շումերերենը դադարել էր խոսակցական լեզու լինելուց։

Շումերերենին բնորոշ է միենույն արտասանությունն ունեցող տարբեր բառերի մեծաքանակ առկայությունը։ Տարբերակված են անցողական և անանցողական բայերը, անանցողականները երևան են գալիս որպես անուն-ստորոգյալ՝ միայն I և II դեմքերի արտահայտությամբ, որոշիչները լինում են նախադաս, չհոլովված, նախադասություններում հանդիպում են էրգատիվ կառուցվածքներ։ Գոյականն ունի շուրջ 10 հոլովաձև, որոնք կազմվում են բառերին հոլովական մասնիկների կցումով։

Շումերերենից բառային փոխառություններ են կատարել շրջակա լեզուները, ամենից ավելի աքքադերենը, ինչպես նաև հնդեվրոպական նախալեզուն։ Հայերենում կան մի շարք շումերական բառեր, այդ թվում՝ արագիլ (arakgilim - բարձրասրունք թռչուն), գագաթ (gaggud - գլուխ), ագարակ (agar) և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png