Ընդհանուր բարօրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ընդհանուր բարօրությունը տերմին է, որը կարող է վերաբերել մի քանի տարբեր հասկացությունների։ Իր ամենատարածված իմաստով ընդհանուր բարօրությունն այն առանձնահատուկ «բարօրությունն» է, որը հասանելի և շահեկան է որևէ կոնկրետ համայնքի բոլոր անդամներին կամ նրանց մեծ մասին։ Այսպես է լայն իմաստով սահմանվում ընդհանուր բարօրությունը նաև փիլիսոփայության, էթիկայի և քաղաքագիտության մեջ։

Այդուհանդերձ, յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակի համար ընդհանուր բարօրության խիստ սահմանում չկա։ Բարօրությունը, որն առկա է Ա և Բ անձանց միջև, կարող է նույնը չլինել Ա և Գ անձանց միջև։ Այսպիսով, ընդհանուր բարօրությունը կարող է հաճախ փոփոխվել, թեև կան որոշակի բաներ, որոնք կենսական են ողջ մնալու համար՝ սնունդը, ջուրը և կացարանը, որոնք միշտ բարիք են բոլոր մարդկանց համար։

Ընդհանուր բարօրությունը հաճախ դիտվում է որպես օգտապաշտական (utilitarian) իդեալ՝ հանդես գալով որպես «ամենամեծ հնարավոր բարօրությունը ամենամեծ հնարավոր թվով անհատների համար»։ Լավագույն դեպքում «ամենամեծ հնարավոր թվով անհատներ» արտահայտությունը կարող է նշանակել բոլոր զգացող արարածները։ Ընդհանուր բարօրության այս սահմանումը ներկայանում է որպես մի որակ, որը կարող է փոխարկվել կամ հանգել հասարակության անհատ անդամների բոլոր մասնավոր շահերի ընդհանուր գումարին և հավասարարժեք է նրանց։

Ընդհանուր բարօրության մեկ այլ սահմանում՝ որպես պետության գերագույն նպատակ, պահանջում է ընդունել հասարակությունում անհատի հիմնական իրավունքը, այն է՝ սեփական կյանքն ազատորեն, պատասխանատու գործողություններով, առաքինության ձգտումով և բարոյականության նորմերին համապատասխան ձևավորելու յուրաքանչյուրի իրավունքը։ Այդ դեպքում ընդհանուր բարօրությունը հասարակական կյանքի պայմանների այն ընդհանուր գումարն է, որը հնարավորություն է տալիս մարդկանց ավելի հեշտ ու անմիջականորեն հասնելու դրանց։ Պետության ինքնիշխանության նպատակը նման պայմաններ ստեղծելու միջոցների ազատ ընտրությունն է։ Ոմանք էլ, մասնավորապես՝ Ջոն Ռոլսը, տարբերակում է Բարօրությունը, որն ակտիվորեն ստեղծում է ավելի լավ աշխարհ՝ անկախ նրանից, թե ինչպես է այն սահմանվում, և Արդարությունը, որը ստեղծում է արդար, ազատական հասարակական ենթակառուցվածք, որը հնարավորություն է տալիս ձգտել առաքինության, սակայն չի սահմանում, թե իրականում է ինչ է ընդհանուր բարօրությունը։

Ոմանք պնդում են, թե ընդհանուր բարօրությանն աջակցելը ժողովրդավարության (քաղաքագիտության ոլորտում) և սոցիալիզմի (տնտեսագիտության ոլորտում) նպատակն է։

Կաթոլիկական հասարակական ուսմունք[խմբագրել]

Ընդհանուր բարօրությունը Կաթոլիկական հասարակական ուսմունքի կենտրոնական հասկացությունն է։ Այդ ուսմունքը սկզբնավորվել է հիմնադիր փաստաթղթով՝ Rerum Novarum-ով, որը Հռոմի Լեո XIII պապի կոնդակն է՝ արձակված 1891 թվականին ընդդեմ, մի կողմից՝ չմիջամտող կապիտալիզմի, մյուս կողմից՝ կոմունիզմի։ Իր այդ նամակում Լեո XIII պապը երաշխավորում է մասնավոր սեփականության իրավունքը՝ միաժամանակ պնդելով պետության դերը կենսական եկամուտ ապահովելու գործում։ Արտադրության միջոցները պապը համարում է մասնավոր սեփականություն, որը կարիք ունի պետության պաշտպանության, և միաժամանակ ընդհանուր բարօրության չափում, որը կարիք է ունի պետական կարգավորման։

Մեկ այլ կարևոր փաստաթուղթ է Veritatis Splendor-ը, որը Հովհաննես Պողոս Բ պապի կոնդակն է՝ արձակված 1993 թվականին ընդդեմ բարոյական նորմերի անկման ու քաղաքական կոռուպցիայի (տես 98-րդ պարբերությունը), որոնք անդրադառնում են միլիոնավոր մարդկանց կյանքի վրա։ Իր նամակում Հովհաննես Պողոս պապը ներկայացնում է այն հատկություններն ու առաքինությունները, որ պետք է ունենան քաղաքական առաջնորդները՝ ճշմարտացիություն, ազնվություն, արդարություն, չափավորություն և համերաշխություն (ինչպես ներկայացված է 98-100-րդ պարբերություններում)՝ հաշվի առնելով, որ ճշմարտությունը ներառում է ազնվությունը, բարի հավատն ու անկեղծությունը, ընդհանրապես, և համաձայնությունը փաստերի կամ իրականության հետ՝ մասնավորապես։ Նա պնդում է, որ բարոյական ճշմարտությունը ճանաչելի է, որ բարու կամ չարի ընտրությունն էապես անդրադառնում է Աստծո հետ մարդու հարաբերությունների վրա, և որ ազատությանն ու բարուն հետևելու միջև իրականում հակասություն չկա։

Ընդհանուր բարօրության հասկացությունն ամերիկյան քաղաքագիտության մեջ[խմբագրել]

Աստիճանաբար ավելի շատ առաջադեմ ամերիկացիներ են կիրառում ընդհանուր բարօրության լեզուն՝ առադեմ արժեքները բնութագրելու համար։ Որպես էթիկական ու բարոյական հրամայական՝ ընդհանուր բարօրությունը կենտրոնական տեղ է գրավում շատ կրոնական հավատքների սկզբունքներում և կարող է հակիրճ ներկայացվել աստվածաշնչյան ասույթով՝ «Վերաբերվեք ուրիշներին այնպես, ինչպես կուզենայիք, որ վերաբերվեին ձեզ»։ Ընդհանուր բարօրության էթիկական սահմանումն առաջինը տվել է Արիստոտելը, որին հաջորդել են Ավգուստին Հիպոնացին և Թովմա Աքվինացին, որոնք մշակել են այդ հասկացությունը ստանդարտ բարոյական աստվածաբանության շրջանակներում։

Արդի ամերիկյան քաղաքականության մեջ ընդհանուր բարօրության լեզուն ավելի ու ավելի շատ է կիրառվում առաջադեմ ձախ քաղաքական գործիչների կողմից։ Առաջինն այն բնութագրել են Մայքլ Թոմասկին «The American Prospect» ամսագրում և Ջոն Հալփինը (Ամերիկյան առաջադիմության կենտրոն)՝ նպաստելով ընդհանուր բարօրության քաղաքական ըմբռնման աճին։ «Take Back America Conference» կազմակերպությունը, «The Nation» ամսագիրը և Ռոքրիջի ինստիտուտը սահմանել են ընդհանուր բարօրությունը որպես առաջադեմ թեկնածուների հիմնական քաղաքական ուղերձ։ Վերջին շրջանում ընդհանուր բարօրության լեզուն օգտագործվում է քաղաքական գործիչների կողմից բացահայտ կրոնական համատեքստում, ինչպես, օրինակ՝ «Kansans for Faithful Citizenship» կազմակերպության պարագայում։ Բացի այդ, ոչ կուսակցական ջատագովական խմբերը, ինչպիսին է, օրինակ՝ «Common Good»-ը, պայքարում են հանուն ընդհանուր բարօրությանն աջակցող բարեփոխումների։