Արդարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արդարության արձանը

Արդարություն, հասարակագիտական կատեգորիա։ Բնորոշում է երևույթների այնպիսի վիճակ, որը համարվում է պատշաճ և համապատասխանում մարդու, մարդկային հանրության գոյության ու բնականոն զարգացման պահանջներին։ Արդարությունը ենթադրում է բարու և չարի այնպիսի առնչություն, որի հիմքում ընկած է հասարակության շահը և որը ճիշտ է, պատշաճ, բանական, բնականոն, բարոյական, գեղեցիկ։ Արդարությունը պահանջում է ներդաշնակություն ու համապատասխանություն տարբեր անհատների (դասակարգերի) իրավունքի և պարտականության, աշխատանքի և վարձատրման, հանցանքի և պատժի, ծառայության և հասարակական պարտքի միջև։ Այդ հարաբերությունների անհամապատասխանությունը գնահատվում է որպես անարդարություն։ Արդարության ելակետը, դրդապատճառը և նպատակը մարդն է։ Արդարությունը բացարձակ չէ, այն ունի կոնկրետ պատմական որոշակիություն և հասարակության զարգացման համեմատ հարաբերականորեն փոխվում Է։ Դասակարգային հասարակության մեջ արդարությունը կրում է դասակարգային բնույթ։ Արդարության տնտեսական հիմքը արտադրության միջոցների նկատմամբ մարդկանց ունեցած վերաբերմունքն է։

Արդարության գաղափարը[խմբագրել]

Մարդիկ միշտ ձգտել են հավասարության և արդարության, քանի որ դրանց ապահովումը լավ հասարակություն կառուցելու նախապայմանն է: Արդարության գաղափարը եղել է բոլոր հասարակություններում: Տարբեր ժամանակներում իշխանության ներկայացուցիչներն էլ դա հիմնական նպատակ են համարել կամ գոնե ի լուր աշխարհի հայտարարել են այդ մասին: Արդարության գաղափարի հիմքում ընկած է արդարացի, անաչառ լինելը: Մասնագետների կարծիքով յուրաքանչյուրը, այդ թվում` փոքր երեխան, ունի արդարության բնածին զգացողություն, պահանջարկ: Երբ փոքր երեխան վրդովված ճչում է, նա որոշակի «անարդարության» մասին է հայտնում: Հին Հունական իմաստասերներն արդարության գաղափարը դիտարկել են ազնվության և հավասարության գաղափարների հետ միասին: Նրանք արդարությունը նույնացրել են ճշմարտացիության, ներդաշնակության և առաքինության հետ: Քաղաքացուց ակնկալվել է, որ իր գործողությունների կամ հասարակական տարբեր խնդիրների քննարկման ու լուծման ժամանակ նա միշտ մտածի ներդաշնակ պայմանների, արդար և առաքինի գործողությունների մասին:

Առանձնահատկությունները[խմբագրել]

Արդարության գաղափարի կարևորագույն առանձնահատկություններից է «մեկ արշինով չափելը», այսինքն` մարդկանց, նրանց արածը միևնույն չափանիշով գնահատելը, տարբերություն չդնելը: Դատավորն ունի մեկ կշեռք, որով կշռում է հարուստին և աղքատին, մեծին և փոքրին: Նրա դատավճիռը պայմանավորված է ոչ թե անհատով, այլ գործի հանգամանքներով: Այսինքն` մարդուն գնահատելու, դատելու համար դիտարկում ենք նրա վարքագիծը, նրա կատարած գործողությունը և դրա արդյունքը, ոչ թե այդ մարդուն` ըստ իր հատկանիշների(սեռ, տարիք, հասարակական պատկանելություն և այլ):

Արդարության արձան

Արդարացի հասկացությունը[խմբագրել]

Մի շարք հանգամանքներում արդարացի են համարվում հասարակության մեջ ըդունված որոշ կանոններ: Դրանցից է «առաջինը` առաջինին» սկզբունքը, երբ առաջինը հասնողին ավելի շուտ է բաժին ընկնում այն, ինչի համար մարդիկ հավաքվել են:

Արդարացի է, որ սոցիալական աջակցություն ցուցաբերվի խոցելի խմբերին` անապահով մարդկանց, ընտանիքներին, հաշմանդամներին: Պետությունը նրանց վճարում է կատարում ընտանեկան նպաստների կամ կենսաթոշակների տեսքով:

Արդարացի է, երբ սխալ գործողը պատժվում է իր արարքի համար, իսկ նրանք, ովքեր նման սխալներ չեն գործել, չեն պատժվում

Վերջապես` արդարացի է, երբ նրանք, ովքեր ավելի շատ ջանք են ներդնում ընդհանուր գործի հաջողության համար, մյուսներից ավելի բարձր գնահատականի կամ վարձատրության արժանանան:

Արդարության գնահատումը[խմբագրել]

Կարիքը, արժանիքը, ներդրումը և ջանքերն արդարության գնահատման չափանիշներից են, որոնց միջոցով տարբերակված մոտեցում է ցուցաբերվում մարդկանց, նրանց գործունեությանը: Գնահատման ժամանակ երբեմն օգտագործվում են նաև այլ չափանիշներ, օրինակ` մարդկանց մասին դատելն` ըստ նրանց տարիքի, սեռի, ռասսյի կամ կրոնական նախընտրություն: Այդպիսի չափանիշները հիմնավոր չեն` անարդար են, և չեն նպաստում հասարակության ներդաշնակ զարգացմանը:

Արդարության իրավական և բարոյական կողմերը[խմբագրել]

Արդարությունն ունի երկու «երես»` իրավական և բարոյական, որոնցից առաջինը կարգավորվում է օրենսդրությամբ, իսկ երկրորդը` հասարակական կյանքի այն կանոններով, որոնք անվանում են [[բարոյական նորմեր]]:

Առաջին դեպքում արդարությունն ապահովվում է օրենքների, որոշումների, հրամանագրերի, կարգերի և իրավական այլ փաստաթղթերի միջոցով, որոնցից բխում է, թե ինչ իրավունքներ և պարտականություներ ունի մեղնից յուրաքանչյուրը:

Օրենսդրություն[խմբագրել]

Օրենսդրության կարևորագույն խնդիրը հասարակության բոլոր անդամների համար արդարություն ապահովելն է: Այսինքն` եթե մարդը հանցագործություն է կատարել, ապա սահմանված պատիժը պետք է համապատասխան, համարժեք լինի նրա կատարած արարքին: Օրենքները և այլ նորմատիվ իրավական ակտեր ստեղծում է պետական իշխանությունը, որն ապահովում է դրանց կատարումը: Այդ նպատակով ստեղծված են պետական համապատասխան մարմիններ` դատարաններ, ոստիկություն, քրեակատարողական հիմնարկներ և այլն: Օրենքի խախտման դեպքում արդարության վերականգման նպատակով այդ պետական մարմինների կողմից սահմանվում և իրագործվում է որոշակի պատիժ` տուգանքի, ազատազրկման կամ այլ ձևով:

Մարտին Լյութեր Քինգ

Ազատության համար պայքարի մեծ գործիչ Մարտին Լյութեր Քինգը անցյալ դարի 1960-ական թվականների Ամերիկյան քաղաքացիական իրավունքների շարժման մասնակիցներին հորդորում էր «ընդունել փոթորիկն առանց հակադարձության ու հակընդդիմության, համբերատարությամբ տանել բանտի չարչարանքները` արդարությունը պահպանելու համար»: Երբ նրան հարցրել են, թե ինչպես կարելի է խախտել որոշ օրենքներ և հնազանդվել մյուսներին, նա պատասխանել է. «...Երկու տեսակի օրենքներ կան` արդար և անարդար: Ես կլինեմ առաջինը, ով ձեզ խորհուրդ կտա հնազանդվելու արդար օրենքներին: Մարդն ունի ոչ միայն իրավական, այլև բարոյական պատասխանատվություն` հնազանդվելու արդար օրենքներին: Նմանապես, մարդը բարոյական պատասխանատվություն ունի չհնազանդվելու անարդար օրենքներին: Ես համաձայն եմ Սուրբ Օգոստինոսի հետ. «Անարդար օրենքն օրենք չէ ընդհանրապես»: Հուսով եմ, որ ի վիճակի եք հասկանալու իմ տեսակետը: Ոչ մի դեպքում խորհուրդ չեմ տալիս խույս տալ կամ արհամարհել օրենքները... Դա կտանի դեպի անիշխանություն: Մարդը, որը խախտում է անարդար օրենքը, պետք է դա անի բաց ձևով ր պատրաստակամ լինի ընդունելու պատիժը: Ես համոզված եմ, որ անհատն իրականում արտահայտում է օրենքի հանդեպ բարձրագույն հարգանք, երբ խախտում է մի օրենք, որն, ըստ իր գիտակցության, անարդար է, և կամավոր ընդունում է ազատազրկման պատիժը, որպեսզի բարձրացնի հասարակության անդամների գիտակցությունն այդ անարդարության նկատմամբ»:

Բարոյական կողմը[խմբագրել]

Ազատության բարոյական կողմն առնչվում է ճշտի և սխալի, բարու և չարի, արդարի և անարդարի, պարտքի և խղճի մասին մարդկանց պատկերացումներին: Բարոյականությունն առնչվում է այն կանոններին, որոնցով կարգավորվում է մարդու վարքագիծը հասարակության մեջ: Նա թելադրում է մեզ անել ինչ-որ բան կամ արգելում է կատարել մեկ այլ բան: Չնայած դրան` բարոյականի և իրավականի միջև հստակ սահմաններ դնելը դժվար է:

Բարոյական կանոնները[խմբագրել]

Բարոյական կանոնները ձևավորվում են հասարակության կողմից, և դրանց հիման վրա ստեղծվում է, որոշակի հասարակական կարծիք:

  • Աշխարհի որևէ վայրում տեղի ունեցող անարդարությունը սպառնալիք է համընդհանուր արդարությանը: (Մարտին Լյութեր Քինգ)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png