Բնության հատուկ պահպանվող տարածքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնության հատուկ պահպանվող տարածքների համաշխարհային քարտեզ

Բնության հատուկ պահպանվող տարածքներ, բնատարածքներ և առանձին բնական օբյեկտներ, որոնք բնապահպանական, գիտական, կրթական, առողջապահական, պատմամշակութային, զբոսաշրջության, գեղագիտական արժեք են ներկայացնում և լրիվ կամ մասամբ, ժամանակավորապես կամ մշտապես ենթակա չեն տնտեսական շահագործման ու քաղաքացիական շրջանառության, և որոնց համար օրենքով սահմանված է պահպանության հատուկ կարգ: Բնության հատուկ պահպանվող տարածքներն ապահովում են եզակի էկոհամակարգերի, հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող, բնաշխարհիկ, մնացուկային բուսատեսակների ու կենդանատեսակների, անկենդան բնության առանձին օբյեկտների պահպանությունը բնական միջավայրում. Բնության հատուկ պահպանվող տարածքների դասակարգման միջազգային համակարգով առանձնացվում են պահպանվող տարածքների 6 հիմնական կարգավիճակներ՝ արգելավայր, ազգային պարկ, արգելոց, բնության հուշարձան, ցամաքային և ծովային պահպանվող լանդշաֆտները կառավարվող պաշարներով պահպանվող տարածք:

Բնության հատուկ պահպանվող տարածքների գործառույթերը[խմբագրել]

Բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականցվում է 8 գործառույթ՝

  1. չափանմուշային էկոհամակարգերի պահպանություն,
  2. օրգանիզմների գենոֆոնդի պահպանություն,
  3. բնական պաշարների վերականգնում և վերարտադրություն,
  4. տարածաշրջանի բարենպաստ էկոլոգիական հավասարակաշռության պահպանում,
  5. շրջակա միջավայրի պահպանություն,
  6. ռեկրեացիայի զարգացման հնարավորությունների ապահովում,
  7. էկոլոգիական կրթության իրականացում,
  8. գիտատեղեկատվ. անխափան գործունեության իրականացում:

Բնության հատուկ պահպանվող տարածքները Հայաստանում[խմբագրել]

1958-ին Հայաստանում ձևավորվել է բնության հատուկ պահպանվող տարածքների որոշակի համակարգ, սակայն դրա զարգացման նպատակային ռազմավարության բացակայությունը հանգեցրել է բնության հատուկ պահպանվող տարածքների առանձնացման միակողմանիության՝ ուղղված ՀՀ անտառապահպանությանը: Ըստ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի (1991)՝ որպես բնության հատուկ պահպանվող տարածքներ երաշխավորված են ազգ. պարկերը, արգելոցները, արգելավայրերը և բնության հուշարձանները: ՀՀ-ում գործում են 2 ազգային պարկ (Սևան և Դիլիջան)՝ 178102 հա, 23 արգելավայր՝ 89442 հա, 3 արգելոց (Խոսրովի անտառ, Շիկահողի, Էրեբունի)՝ 39615 հա ընդհանուր տարածքով: Բնության հատուկ պահպանվող տարածքների ընդհանուր տարածքը (ներառյալ Սևանա լիճը) 307159 հա է՝ ՀՀ տարածքի 10,3%-ը: Բնության հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական ներգործություն ունեցող տնտեսական գործունեությունը սահմանափակելու կամ արգելելու նպատակով ՀՀ Կառավարությունը սահմանել է պահպանական գոտիներ: Բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանվում են ՀՀ բուսական և կենդանական աշխարհների տեսակային կազմի 60%-ը, այդ թվում՝ հազվագյուտ, անհետացման եզրին հայտնված և բնաշխարհիկ տեսակների գերակշռող մասը, ինչպես նաև վայրի գենետիկական պաշարները: Ցամաքային լանդշաֆտների պահպանվող տարածքները կազմում են ՀՀ տարածքի մոտ 6%-ը:

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png