Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բնության հատուկ պահպանվող տարածքներ, պետությունների կողմից բնության տարբեր տարածքներում որևէ տնտեսական գործունեության սահմանափակումը կամ առհասարակ արգելումն է օրենսդրությամբ, որն ուղղված է կենսաբազմազանությունը և էկոհամակարգերը պահպանելուն։

Բնության հատուկ պահպանվող տարածքների շնորհիվ ապահովվում են եզակի էկոհամակարգերի, հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող, էնդեմիկ, ռելիկտային տեսակների պահպանությունը և վերարտադրությունը բնական միջավայրում։

Բնության հատուկ պահպանվող տարածք կարող են լինել մակերեսային և ստորերկրյա ջրավազները, ընդերքի, բուսական և կենդանական աշխարհի առանձնացված տեղամասերը։

Հայաստանում կա բնության հատուկ պահպանության 4 տեսակ՝ պետական արգելոցներ, ազգային պարկեր, պետական արգելավայրեր, բնության հուշարձաններ։

Սևան ազգային պարկը

Ըստ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի (1991)՝ որպես բնության հատուկ պահպանվող տարածքներ երաշխավորված են ազգային պարկերը, արգելոցները, արգելավայրերը և բնության հուշարձանները։ ՀՀ-ում գործում են 4 ազգային պարկ (Սևան, Դիլիջան)՝ 178102 հա, Արփի լճի ազգային պարկ, Արևիկ ազգային պարկ, 26 արգելավայր՝ 89442 հա[1], 3 արգելոց (Խոսրովի անտառ, Շիկահողի, Էրեբունի)՝ 39615 հա ընդհանուր տարածքով։ Բնության հատուկ պահպանվող տարածքների ընդհանուր տարածքը (ներառյալ Սևանա լիճը) 307159 հա է՝ ՀՀ տարածքի 10,3%-ը։ Բնության հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական ներգործություն ունեցող տնտեսական գործունեությունը սահմանափակելու կամ արգելելու նպատակով ՀՀ Կառավարությունը սահմանել է պահպանական գոտիներ։ Բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանվում են ՀՀ բուսական և կենդանական աշխարհների տեսակային կազմի 60%-ը, այդ թվում՝ հազվագյուտ, անհետացման եզրին հայտնված և բնաշխարհիկ տեսակների գերակշռող մասը, ինչպես նաև վայրի գենետիկական պաշարները։ Ցամաքային լանդշաֆտների պահպանվող տարածքները կազմում են ՀՀ տարածքի մոտ 6%-ը։

Հայաստանի արգելոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում գործում է 3՝ Խոսրովի անտառ, Շիկահողի և Էրեբունի արգելոցները, ընդհանուր տարածքը՝ 39615 հա (Հայաստանի տարածքի 1,33%-ը)։

Խոսրովի անտառ արգելոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսրովի արգելոցը պատկերող նամականիշ

Խոսրովի անտառ արգելոցը կազմավորվել է 1958-ին (տարածքը՝ 23213.5 հա), Հայաստանի Արարատի մարզում՝ Գեղամա լեռնավահանի հարավարևմտյան՝ Ուրծի, Դահնակի, Երանոսի լեռնաշղթաների, Իրից, Խոսրովասար լեռների լանջերին՝ Ազատ և Վեդի գետերի ավազաններում՝ ծովի մակարդակից 700-2800 մ բարձրություններում՝ Ազատ գետի ջրային պաշարների, գիհուտների, կաղնուտների, լեռնաչորասեր բուսականության, հազվագյուտ կենդանիների ու բույսերի պահպանության նպատակով։

Շիկահողի արգելոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիկահողի արգելոցը կազմավորվել է 1958-ին՝ Կապանի անտառտնտեսության հիմքի վրա (1961-1975-ին՝ Բարթազի արգելավայր, տարածքը՝ 10330 հա), ՀՀ Սյունիքի մարզում՝ Խուստուփ լեռնազանգվածի հարավարևելյան և Մեղրու լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերին՝ ծովի մակարդակից 700-2800 մ բարձրություններում՝ Ծավ և Շիկահող գետերի վերին ավազաններում՝ կաղնու, բոխու, հաճարենու, սովորական կենու, սոսու անտառների և կենդանիների պահպանության նպատակով։ Ռելիեֆը խիստ մասնատված է, շատ են լեռնային գետակները, հանքային աղբյուրները։

Էրեբունի արգելոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցորենի վայրի տեսակները Էրեբունի արգելոցում

Էրեբունի արգելոցը կազմավորվել է 1981֊ին (տարածքը՝ 89 հեկտար) Հայաստանի Կոտայքի մարզում՝ Երևանից 8-10 հարավարևելյան՝ Գեղադիր գյուղի մոտ՝ կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիների անցումային հատվածում՝ ծովի մակարդակից 1300-1450 մ բարձրություններում՝ դաշտավլուկազգիների վայրի ազգակիցների (մասնավորապես վայրի ցորենների աշխարհում եզակի գենոֆոնդի) պահպանության նպատակով։

Հայաստանի ազգային պարկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում գործում են Արփի լճի, Արևիկ, Սևան և Դիլիջան ազգային պարկերը, որոնց ընդհանուր տարածքը կազմում է 178102 հեկտար։

Սևան ազգային պարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևան ազգային պարկը գտնվում է Հայկական հրաբխային լեռնաշխարհի հյուսիսային մասում՝ Գեղարքունիքի մարզում, Երևան քաղաքից մոտ 60 կմ հեռավորության վրա։ Պարկի ընդհանուր տարածքը՝ Սևանա լճի հայելու հետ միասին կազմում է 147.343 հա, իսկ առանց լճի հայելու՝ 22, 585 հեկտար։ Պահպանական գոտու տարածքը կազմում է 342.920 հա։ Պարկը գտնվում է Հայաստանի Բնապահպանության նախարարության իրավասության ներքո։ Ստեղծվել է 1978 թվականի մարտի 14-ին, ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի թիվ 125 որոշմամբ։

Դիլիջան ազգային պարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիլիջան ազգային պարկը

Դիլիջան ազգային պարկը կազմավորվել է 2002 թվականին՝ համանուն արգելոցի (1958) հիման վրա՝ Հայաստանի Տավուշի մարզում՝ Փամբակի հյուսիսարևելյան, Արեգունու հյուսիսային, Միափորի հարավային, Իջևանի հարավարևմտյան, Հալաբի արևելյան լանջերին՝ 1100-2400 մ բարձրություններում՝ հաճարենու և կաղնու անտառների բուսական և կենդանական բազմազանության, ինչպես նաև Կովկասում հազվագյուտ հատապտղայիև կենու համակեցությունների պահպանության նպատակով։ Տարածքը՝ 28002 հեկտար է։

Արփի լճի ազգային պարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է 2009 թվականին։ Գտնվում է Շիրակի մարզում, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Եղնախաղի լեռնաշղթայի արևելյան և Ջավախքի լեռնաշղթայի հարավարևմտյան լանջերին։ Ազգային պարկն զբաղեցնում է մոտ 25 000 հեկտար տարածք։

Ազգային պարկն ստեղծվել է Ջավախք-Շիրակ բարձրավանդակի ուրույն կենսաբազմազանության պահպանման համար։ Այստեղ է գտնվում հայկական որորի ամենամեծգաղութը աշխարհում և գանգրափետուր հավալուսնի միակ բնակավայրը Հայաստանում։

Տարածքում կան մոտ 670 տեսակ բույսեր (խոլորձ, թրաշուշան, հիրիկ, կակաչ, շուշան), որոնցից 25-ը ներառված են Հայաստանի Կարմիր գրքում։ Դրանցից 22-ը էնդեմ տեսակներ են։ Պարկում կան կաթնասունների 30 տեսակ (եվրոպական ջրասամույր, խայտաքիս)։

Արփի լճի ջրահավաք ավազանի մշակովի լանդշավտները կազմված են հիմնականում հացահատիկի և վուշի դաշտերից։

Արևիկ ազգային պարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է 2009 թվականին։ Գտնվում է Սյունիքի մարզում Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղրի լեռնաբազուկի հարավային լանջին, ինչպես նաև Շվանիձոր և Նյուվադի գետերի ջրահավաք ավազանում։ Մակերեսը կազմում է 34 401․8 հեկտար։ Պահպանության օբյեկտը Մեղրիի եզակի բուսական և կենդանական աշխարհն է։

Ազգային պարկի տարածքում առկա են ուղղաձիգ բնական գոտիներ և լանդշֆտների տարբեր տիպեր՝ ալպյան մարգագետիններ, լեռնային տափաստաններ, անտառային զանգվածներ, կիսաանապատներ։ Ունի հարուստ կենսաբազնազանություն՝ առաջավորասիական ընձառյուծ, բեզոարյան այծ, հայկական մուֆլոն, միջերկրածովային կրիա, հայկական իժ, կովկասյան ջրասամույր, կասպիական հնդկահավ, կովկասյան մայրեհավ։

Բուսական աշխարհը նույնպես հարուստ է։ Կարմիր գրքում գրանցված տեսակներից հանդիպում են չորապտեր արծվապտերային, Գրիֆիթի հուդայածառ, վայրի ձմերուկ, անմեռուկ կլորատերև, կատվադաղձ լերդախոտատերև, թրաշուշան աղասեր, սագասոխուկ ցողունավոր, սարդակիր կովկասյան, խոլորձ Շելկոնովիկի, սարդակիր կովկասյան։

Հայաստանի արգելավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում ներկայումս գրանցված և գործում են 26 արգելավայրեր, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 102 212.93 հեկտար, որը Հայաստանի տարածքի 3.44%-ն է[1]։

Ախնաբադի կենու պուրակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Գետիկ գետի ավազանում։ Մակերեսը կազմում է 25 հեկտար։ Ստեղծվել է 1959 թվականին։ Գտնվում է ծովի մակերևույթից 1400-1700 մ բարձրության վրա։ Պահպանման օբյեկտներն են կենու անտառակն ու կենդանիների համակեցությունը։

Արագածի ալպիական արգելավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակերեսը՝ 300 հեկտար։ Կազմավորվել է 1959 թվականին։ Գտնվում է Արագածի հարավային լանջին՝ ծովի մակերևույթից 3200-3500 մետր բարձրության վրա։ Պահպանվող օբյեկտներն են Քարի լիճն ու ալպիական բուսականությունը։

Արզականի և Մեղրաձորի արգելավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակերեսը՝ 13532 հեկտար։ Ստեղծվել է 1971 թվականին։ Գտնվում է Մարմարիկ և Գալարի գետերի ավազաններում։ Պահպանվող օբյեկտներն են այծյամը, գորշ արջը, վայրի խոզը, կովկասյան մարեհավը, աշլուսանը, ուլարը։

Արջատխլենու արգելավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակերեսը՝ 40 հեկտար։ Ստեղծվել է 1958 թվականին։ Տեղակայված է Հայաստանի հյուսիսում՝ Խաչաղբյուր գետի ավազանում՝ ծովի մակերևույթից 1500-1800 մետր բարձրության վրա։ Պահպանվող օբյեկտներն են գիհիի և արջատխլենու մնացուկային պուրակները։

Բանքսի սոճու պուրակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակերեսը՝ 4 հեկտար։ Ստեղծվել է 1959 թվականին։ Տեղակայված է Հայաստանի Մարմարիկ գետի ավազանում՝ ծովի մակերևույթից 1800-2000 մետր բարձրության վրա։ Պահպանվող օբյեկտներն են անտառատնակներն ու Բանքսու սոճուտը։

Բողաքարի արգելավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակերեսը՝ 2728 հեկտար։ Ստեղծվել է 1989 թվականին։ Տեղակայված է Հայաստանի հարավում՝ Զանգեզուրի լեռնաշղթայի հարավային լանջին՝ ծովի մակերևույթից 1400-2100 մետր բարձրության վրա։ Պահպանվող օբյեկտներն են Հայաստանի ֆլորային ու ֆաունային բնորոշ մի քանի ներկայացուցիչներ։

Գանձաքարի (Վերին Աղդան) արգելավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակերեսը՝ 6813 հեկտար։ Ստեղծվել է 1971 թվականին։ Տեղակայված է Հայաստանի հյուսիսում՝ Աղստև գետի վտակ Ցայտաջուր գետի ավազանում։ Պահպանվող օբյեկտներն են՝ այծյամ, գորշ արջը, վայրի խոզ, կովկասյան մարեհավ։

Գետիկի արգելավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակերեսը՝ 5718 հա։ Ստեղծվել է 1971 թվականին։ Տեղակայված է Հայաստանի արևելքում՝ Աղստև գետի վտակ Գետիկ գետի ավազանում՝ ծովի մակերևույթից 1500-2700 մ բարձրության վրա։ Պահպանվող օբյեկտներն են՝ այծյամ, գորշ արջը, վայրի խոզ, կովկասյան մարեհավ։

«Գիլան» արգելավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակերեսը՝ 118 հեկտար։ Գտնվում է Հայաստանի Արարատի մարզում, Ազատ գետի Միլի վտակի ափին։ 2007 թվականին առանձնացվել է Խոսրովի արգելոցից։

Հայաստանի տարածքի մյուս արգելոցներից են՝

Հայաստանի բնության հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի բնության կենդանի հուշարձաններից են արևելյան սոսու մնացուկային պուրակը (Հայաստանի Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ մոտ), Գրիֆիթի հուդայածառը (Մեղրու նախալեռնային շրջան) և այլն, իսկ անկենդան հուշարձաններից՝ բազալտե սյունաձև, և ճառագայթաձև մերկացումները (Ազատի, Արփայի, Հրագդանի կիրճեր), հրաբխային կոները (Գեղամա, Վարդենիսի լեռնավահաններ), ռելիեֆի հողմահարման եզակի ձևերը՝ բնական ժայռաբուրգերը (Գորիս, Խնձորեսկ), ինչպես նաև բազմաթիվ բարձրլեռնային լճակներ, հանքային աղբյուրներ, ջրվեժներ (Թռչկան, Ջերմուկի, Շաքիի) և այլն։

Բնության հուշարձանները բացառիկ կամ յուրահատուկ, գիտական և պատմամշակութային հատուկ արժեք ներկայացնող բնական օբյեկտներ են։

Հայաստանի կառավարության 2008 թվականի որոշմամբ 230 բնական հուշարձաններ կան։ Դրանց ստեղծման նպատակն է մարդու ակտիվ գործունեության զերծ պահումը բնական բոլոր գիտաճանաչողական բարձրարժեք համալիրներ, նրանց առանձնահատկությունները

230 բնական հուշարձաններից 109-ը հանդիսանում են երկրաբանական (Աժդահակ և Արմաղան հրաբուխներ Գառնիի «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտները, Որոտանի վրա գտնվող «Սատանի կամուրջ»), 48-ը՝ ջրաերկրաբանական (Ապարանի «Սրբի աղբյուր», Մալիշկա գյուղի «Մոզ աղբյուր»), 38-ը՝ ջրագրական (Շաքիի ջրվեժ, Գեղամա լեռների «Վիշապալիճ»), 16-ը՝ բնապատմական (Երիցվանքի մոտ գտնվող Արծվանիկ գյուղի բնական քարայրներ), 19-ը՝ կենսաբանական հուշարձաններ (Շիրակի «Փետրախոտային տափաստան», Տավուշի մարզի «Սարի գյուղի սոսին»)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրապետյան Է․Մ․, Հարությունյան Լ․Վ․, Հարությունյան Ս․Ս․, Վարդանյան Ժ․Հ․ - «Շրջակա միջավայրի պահպանություն», Երևան, ՀԳԱ, 2005 թվական, 458 էջ
  • Գևորգյան Ա․, Աղասյան Ա․ - «Հայաստանի հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգի ներկա վիճակը», Երևան, 2008 թվական, 52 էջ
  • Խանջյան Ն․ - «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներ, ՀՀ Բնապահպանության նախարարություն, Դար, Երևան, 2001 թվական, 64 էջ»
  • Խանջյան Ն․ - «Խոսրովի անտառ» արգելոց, «Վարդ հրատ» ՍՊԸ, Երևան, 2009 թվական, 98էջ
  • Մելքույան Լ․ - «Էկոլոգիայի հիմունքներ», Երևան, Զանգակ-97, 2008 թվական, 288 էջ
  • Մելքույան Լ․ - «Բնության պահպանության հիմունքներ», Երևան, Զանգակ-97, 2008 թվական, 224 էջ
  • Ղանդիլյան Ա․Պ․, Բարսեղյան Ա․Մ․ - «Հայաստանի վայրի ուտելի և համեմունքային բանջարաբույսերի գենոֆոնդը», Երևան, Ամարաս, 1999 թվական, 48 էջ
  • Ծատուրյան Թ․Գ․, Գևորգյան Մ․Լ․ - «Հայաստանի ուտելի վայրի բույսերը», Երևան, Լուսակն, 2007 թվական, 300 էջ
  • Հարությունյան Լ․Վ․, Հարությունյան Ս․Լ․ - «Հայաստանի դենդրոֆլորան»,Երևան, Լույս, 1985 թվական, 1-2 մաս
  • Հայաստանի բնաշխարհ, Հայկական հանրագիտարան, Երևան, 2006 թվական, 692 էջ
  • Հայաստանիկենսաբազմազանության Չորրորդ ազգային զեկույց, ՀՀ Բնապահպանության նախարարություն, Երևան, 2008 թվական

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։