Թոմաս Փեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Փեյն

Թոմաս Փեյն [խմբագրել]

Թոմաս Փեյն (1737-1809)՝ ամերիկացի քաղաքական գործիչ, հրապարակախոս, Հյուսիսամերիկյան նահանգների Անկախության պատերազմի և 1789թ. Ֆրանսիական հեղափոխության մասնակից: Նա գրել է "Առողջ դատողություն"(1776) երկը, որը հանուն քաղաքական և տնտեսական ազատության պայքարի կոչ էր ամերիկյան ժողովրդին, ինչպես նաև "Մարդու իրավունքները" փիլիսոփայաքաղաքական նշանավոր ակնարկը՝ ի պաշտպանություն ֆրանսիական հեղափոխության սկզբունքների: Բնական իրավունքի և հասարակական դաշինքի տեսության դիրքերից Փեյնը Անգլիայի Հյուսիսամերիկյան գաղութների Անկախության պատերազմը համարում է ժողովրդի բնական, անօտարելի իրավունքը, քանի որ բռնությանը նա իրավունք ունի պատասխանել բռնությամբ: Այս և մի շարք այլ գաղափարներ արտացոլվեցին Անկախության հռչակագրում:

Քաղաքական հայացքները [խմբագրել]

Փեյնը հաստատում է մարդու ի բնե տրված ազատության ու հավասարության գաղափարները. "Բոլոր մարդիկ իրենց սեռով միասնական են և, հետևաբար, բոլորն էլ ծնվում են հավասար և ունեն հավասար բնական իրավունքներ": Դրանք են՝ խոսքի ազատություն, հավասարություն, երջանկության իրավունք և այլն: Մարդու բնական իրավունքները նա համարում է քաղաքացիական իրավունքների միակ աղբյուրն ու հիմքը: Բնական իրավունքների հիման վրա ստեղծվում է քաղաքացիական իրավունքը, որը չպետք է հակասի մարդու բնածին իրավունքներին: Քաղաքացիական են այն իրավունքները, որոնք պատկանում են անձին՝ իբրև հասարակության անդամի: Փեյնը համանմանություն է հաստատում մարդու և սերունդների իրավունքների միջև: Ինչպես "մարդը սեփականության իրավունք չունի այլ մարդու հանդեպ", ճիշտ այդպես էլ "որևէ սերունդ սեփականության իրավունք չունի հաջորդ սերնդի նկատմամբ": Այստեղից նա բխեցնում է, որ յուրաքանչյուր սերունդ "պետք է լիազորված լինի՝ լուծելու իրեն վերաբերող բոլոր հարցերը": Տվյալ սկզբունքը տարածվում է ողջ ազգի վրա. "Եթե ազգը որոշում է անել ինչ-որ բան, նա դրա իրավունքն ունի":

Նա հիմնավորում է ժողովրդական ինքնիշխանության գաղափարը: Իշխանության աղբյուրը ժողովուրդն է, իսկ օրենսդրական իշխանության ստեղծումը՝ նրա բնական, անօտարելի իրավունքը: Այստեղից նա բխեցնում է ժողովրդի հեղափոխության և քաղաքական այն կարգի ոչնչացման իրավունքը, որը չի համապատասխանում հասարակության շահերին և նպատակներին: Դա դիտվում է իբրև հասարակական առաջընթացի դրսևորում: Փեյնը առաջիններից մեկն է, որ հստակ տարբերակում է հասարակությունը և պետությունը: "Հասարակությունը ստեղծվում է մեր պահանջմունքներով, իսկ կառավարությունը՝ մեր արատներով...Հասարակությունը բոլոր վիճակներում բարիք է, կառավարությունը, նույնիսկ ամենալավը, սոսկ անհրաժեշտ չարիք է, իսկ վատագույնը՝ անտանելի չարիք": Հետևաբար՝ պետությունը հասարակության արդյունք է: Եթե մարդիկ չունենային արատներ և իրենց փոխհարաբերությունները կառուցեին արդարության սկզբունքի վրա, ապա կառավարությունները հարկավոր չէին լինի: "Եթե խղճի պատվիրանները լինեին հստակ որոշակի և անշեղորեն կատարվեին, ապա մարդը որևէ այլ օրենսդրի կարիք չէր ունենա, բայց քանի որ այդպես չէ, մարդը հարկադրված է մասնակիորեն հրաժարվել իր սեփականությունից, որպեսզի ապահովի մնացածի պաշտպանության միջոցները": Փեյնի համաձայն՝ որքան կատարյալ է քաղաքացիական հասարակությունը, այնքան այն ինքնակառավարվող է և պետության հովանավորության կարիք գրեթե չի զգում: Հենց մարդկանց բնական փոխօգնությունից են "կախված պետական կառավարման ուժը և կառավարողների երջանկությունը": Նա համոզված է, որ քաղաքացիական հասարակության մեջ ոչ այն բանի համար, որ ավելի վատը դառնա...կամ ունենա պակաս իրավունքներ, քան նախկինում, այլ այդ իրավունքներն, "օրենքները" արտահայտում են համընդհանուր շահեր և իրենց նշանակությամբ ու ազդեցության ուժով առավել բարձր են, քան կառավարության հաստատած օրենքները: Քանի որ անհատը միշտ չէ, որ ի վիճակի է օգտվել իր բնական, մանավանդ՝ անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող իրավունքներից, "նա իրավունքը հանձնում է հասարակությանը, որի մասն է կազմում՝ նախընտրելով հասարակության ուժը սեփականից: Հասարակությունը ոչինչ չի պարգևում նրան: Յուրաքանչյուր մարդ սեփականատեր է իր հասարակության մեջ": Որքանով կառավարության կոչումը քաղաքացիների անվտանգության և ազատության ապահովումն է, Փեյնի քաղաքական իդեալը ժողովրդավարական հանրապետությունն է՝ համընդհանուր ընտրական իրավունքով, լայն ու հավասար ներկայացուցչությամբ: Նա առաջին հերթին անընդունելի է համարում իշխանության միապետական ձևը, որի առաջացումն իսկ առնչվում է բռնությանը, իշխանության բռնազավթմանը: Մարդկանցից ոչ ոք չի կարող մյուսների նկատմամբ առավելություն, բնածին իրավունք ունենալ: Միաժամանակ Փեյնը քննադատում է ունեցվածքային անհավասարության ծայրահեղության դրսևորումները, պահանջում վերացնել "շքեղության" և "աղքատության" հակադրությունները, մարդկանց մեծամասնությանը ապահովել սեփականությամբ: Փեյնը հիմնավորում է խաղաղության գաղափարը, իսկ այն կառավարությունները, որոնք չեն պահապանում խաղաղությունը, պետք է տապալվեն: Բացի այդ, նա արդարացնում է հանուն անկախության պատերազմները՝ որպես արդարացի պատերազմներ: "Եթե որևէ երկիր հարձակման և թշնամու ներխուժմանն է ենթարկվել, և վտանգվել է նրա իսկ գոյությունը, ապա ժողովուրդը պետք է ոտքի ելնի՝ հանուն իր պաշտպանության և փրկության, բայց բոլոր այլ տեսանկյուններից ու այլ պատճառներով պատերազմը դատապարտելի է և նողկալի": Փեյնի իրավաքաղաքական հայեցակարգը լայնորեն տարածվեց ու զարգացավ ազատամտական քաղաքական ուսմունքներում և կարևոր դեր խաղաց ԱՄՆ Անկախության հռչակագրի ու Սահմանադրության նախապատրաստման գործում: