Պոլ Անրի Հոլբախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլ Անրի Հոլբախ

Պոլ Անրի Հոլբախ[1] (կամ Օլբակ, կամ Բարոն դ'Օլբախ, ֆրանս.՝ Paul-Henri Thiry, Baron d'Holbach, 1723, դեկտեմբերի 81789, հունվարի 21) ֆրանսիացի մատերիալիստ, աթեիստ, համարվում է գիտական աթեիզմի հիմնադիրը, ֆրանսիական բուրժուա–դեմոկրատական հեղափոխության գաղափարախոս, «աթեիստների աստվածաշունչ» համարվող «Le Système de la nature» աշխատության հեղինակը։ Ծագումով՝ գերմանացի։ 12 տարեկան հասակում փոխադրվել է Փարիզ և դաստիարակվել քեռու ընտանիքում՝ նրանից ժառանգելով մեծ հարստություն և բարոնի տիտղոս։ Բարձրագույն կրթությունն ստացել է Լեյդեն Հոլանդիա համալսարանում։

Ծնվել է Էդեսհեյմ քաղաքում, սակայն իր կյանքն անցկացրել է Փարիզում։ Հոլբախը ևս եղել է հանրագիտարանի աշխատակից, ինչի համար հաճախ հանդիպումներ է ունեցել Դենի Դիդրոյի, Հելվեցիուսի, Դալամբերի, Բյուֆոնի և ուրիշների հետ։ Հոլբախը գտնում էր, որ փիլիսոփայական հեղափոխությունը հանդիսանում է քաղաքական հեղաշրջման սկիզբ։ Նա իր կոնցեպցիայում տեսականորեն հիմնավորում է ֆեոդալական կարգերը նորով փոխարինելու անհրաժեշտությունը։

Գործունեությունը[խմբագրել]

Դ. Դիդրոյի և ժ. դ’Ալամբերի հետ կազմակերպել է «Հանրագիտարանի>> հրատարակությունը, խմբագրել քիմիայի, դեղաբանության, ֆիզիոլոգիայի, բժշկության բաժինները: Թարգմանել է գերմանացի և շվեդ, բնագետների, անգլիացի մատերիալիստների աշխատությունները, հրատարակել է XVIII դ. 1-ին կեսի դեիստների անանուն ձեռագրերը և իր աշխատությունները (մոտ 60 հատոր): XVIII ղ. ամենանշանավոր փիլիսոփայական սալոնը Հոլբախինն էր, ուր հաճախում էին Դ. Դիդրոն, Կ. Ա. Հելվեցիուսը, ժ. դ’Ալամբերը, ժ. Լ, Բյուֆոնը, ժ. Ա. Նեժոնը, Բ. Ֆրանկլինը, Դ. Հյումը, Ա. Մմիթը և ուրիշներ: Հոլբախը փիլիսոփայության պատմության մեջ հայտ նի է «Բնության համակարգը» (հրտ. 1770) աշխատությամբ։ Այդ աշխատության մեջ նա ի մի բերեց և համակարգեց ֆրանսիացի մատերիալիստների փիլիսոփայությունը, աթեիստական, բարոյագիտական և սոցիալ-քաղաքական հայացքները։

Ուսմունքը[խմբագրել]

Հոլբախը հանդես եկավ կրոնի և իդեալիստական փիլիսոփայության, հատկապես Թովմա Աքվինացոу, Մալբրանշի, Բերկլիի ուսմունքների քննադատությամբ, դրանք համարեց պատրանք, որը հակասում է առողջ բանականությանը։ Նա իր մատերիալիզմը մշակեց դարի բնական գիտությունների զարգացման մակարդակով։ Մատերիան, ըստ նրա, մշտապես գոյություն ունեցող միակ նախահիմքն է, բնության երևույթների բազմազանության պատճառը։ Նա ընդհուպ մոտեցավ մատերիայի փիլիսոփայական ըմբռնմանը, գտնելով, որ «Մատերիան այն ամենն է, ինչ որևէ ձևով ներգործում է մեր զգայարանների վրա», գոյություն ունենալով օբյեկտիվորեն։ Շարժումը, ժամանակը և տարածությունը նրա գոյության օբյեկտիվ ձևերն են։ Մարդը, ըստ Հոլբախի, բնության մի մասն է և ենթակա է նրա օրենքներին։ Հոլբախը պաշտպանում էր դետերմինիզմը, սակայն պատճառականությունն ըմբռնում էր մեխանիստորեն և ժխտում էր պատահականությունների օբյեկտիվ բնույթը։ Իմացաբանության մեջ Հոլբախը հարում էր սենսուաւիզմին, հանդես գալիս ագնոստիցիզմի դեմ։ Հոլբախը աստվածաբանության անողոք քննադատն էր։ Մարտնչող աթեիստական հետևություններ անելով մատերիալիզմից՝ նա առողջ բանականության դատին հանձնեց կրոնի գրեթե բոլոր դոգմաները և վճռական պայքար ծավալեց կղերա-ֆեոդալական գաղափարախոսության դեմ։ Հասարակության վերաբերյալ հայացքներում իդեալիստ էր. գտնում էր, որ հասարակության ծագման հիմքը հասարակական դաշինքն է, որ «կարծիքներն են կառավարում աշխարհը»։ Մարդկության ազատագրության ուղին նա տեսնում էր լուսավորության մեջ, այդ պատճառով պատմության մեջ վճռական դեր էր հատկացնում օրենսդիրների, լուսավորյալ միապետների գործունեությանը։ Քննադատելով ֆեոդալիզմը՝ նա գալիք հասարակությունն ըմբռնում էր իբրև բանականության թագավորություն զերծ ֆեոդալիզմի սոցիալ-տնտեսական և հոգևոր բարոյական արատներից։ Տելվեցիուսի հետ նա որոշակի դեր է կատարել ուտոպիական սոցիալիզմի գաղափարական նախապատրաստման համար։ XIX դ. հայ առաջադեմ մտածողները հաճախ անդրադարձել են նրա փիլիսոփայությանը՝ այն դարձնելով առաջադիմական-լուսավորական գաղափարների մշակման նախադրյալ։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Հովհաննես Բարսեղյան (2006)։ "Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում", Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք, 59։ ISBN 99941-56-03-9։ 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png