Կլոդ Ադրիան Հելվեցիուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հելվեցիուսից)
Claude Adrien Helvétius.jpg

Կլոդ Ադրիան Հելվեցիուս[1] կամ Հելվեցիոս[1] (հունվարի 31, 1715-դեկտեմբերի 26, 1771), Ֆրանսիացի փիլիսոփա-մատերիալիստ, 18-րդ դարի ֆրանսիական բուրժուական հեղափոխության գաղափարախոս։

Ծնվել է Փարիզում արքունական բժշկի ընտանիքում։ Ավարտել է հրեական քոլեջը։ Մինչև 1751 թվականը զբաղեցրել է գլխավոր վաճառականի պաշտոնը։ Ոգեշնչվելով հակաֆեոդալական տրամադրություններով ` նա մտերմացավ Մոնտեսքյոյի և Վոլտերի հետ, որոնց ազդեցությամբ գրեց իր վաղ աշխատանքները։ 1751 թ. Հելվեցիուսն իրեն ամբողջովին նվիրեց գիտությանը։ Նա հանդիսանում էր Դենի Դիդրոյի և Հոլբախի խմբակի անդամ։ Նրա "Խելքի մասին"(1758 թ.) աշխատանքն ուղղված էր ֆեոդալական կարգերի, կրոնի, եկեղեցու հիմքերի դեմ, որն առաջացրեց ռեակցիոն շրջանների ցասումը։ Աշխատանքը շուտով արգելվեց իշխանությունների կողմից և այրվեց։ Հետագայում այդ գրքի հիմնական մտքերը զարգացվեց Հելվեցիուսի կողմից իր իսկ "Մարդու, նրա մտավոր ունակությունների և դաստիարակության մասին"(1773 թ.) աշխատության մեջ։ Հելվեցիուսը Ջոն Լոկի սենսուալիզմին հաղորդել է բացարձակ մատերիալիստական բնույթ։ Զգացողությունը նրա կողմից դիտվում է որպես մարդու զգացական օրգանների վրա արտաքին առարկաների ազդեցության արդյունք և մարդկային գիտելիքների միակ աղբյուր։ Հելվեցիուսը գտնում էր, որ աշխարհը մատերիական է, անվերջանալի ժամանակի և տարածության մեջ, գտնվում է անընդհատ շարժման մեջ։ Նա ագնոստիցիզմի հակառակորդ է և ապացուցում է, որ անսահման են մատերիական աշխարհի ճանաչողության մեջ մարդկային ինտելեկտի հնարավորությունները։ Հելվեցիուսը սուր քննադատության է ենթարկում հոգու անմահության, աշխարհի ստեղծման, Աստծո գոյության մասին իդեալիստական գաղափարները։ Առաջնորդվելով իր ժամանակի առաջադեմ փիլիսոփայական գաղափարներով՝ այնուամենայնիվ Հելվեցիոսը մնաց մետաֆիզիկայի սահմաններում։ Հելվեցիուսը քննադատում է մարդկանց բնածին ինտելեկտուալ ունակությունների անհավասարությունը, որը հիմք էր հանդիսանում ֆեոդալական հասրակարգի։ Նա պնդում էր, որ մարդիկ ունեն հավասար մտավոր կարողություններ, իսկ նրանց հոգեկան և բարոյական կերպարի տարբերությունները բացատրում էր այն միջավայրով, ուր նրանք դաստիարակվել են։ Հելվեցիուսի ուշադրության կենտրոնում են սոցիալական-քաղաքական, սոցիլոգիական և գեղագիտական պրոբլեմները։ Ի տարբերություն Մոնտեսքյոյի և Վոլտերի, որոնք համաձայնության եզրեր էին փնտրում արիստոկրատիայի հետ, Նա առաջ քաշեց ֆեոդալական հարաբերությունները և սեփականությունը վերացնելու պահանջը։ Մերժելով Ռուսոյի էգալիտարիզմը՝ Հելվեցիուսը գտնում է, որ պետությունը պարտավոր է թուլացնել սեփականության անհավասար բաշխումը։ Նա անընդունելի է համարում կառավարման հանրապետական ձևը մեծ պետությունների համար և իր սոցիալ-քաղաքական հայացքների իրագործումը կապում է աբսոլյուտիզմի հաստատման հետ, որի մեջ նա տեսնում է բուրժուադեմոկրատական բովանդակություն։ Նրա սոցիոլոգիական հայացքները ներառում են մտորումներ հասարակական կյանքում նյութական պայմանների դերի կարևորության մասին։ Հելվեցիուսը եսասիրությունը համարում է հասարակության զարգացման շարժիչ ուժ և եսասիրության մասին ուսմունքի մեջ ընդգծում էր մարդու պայքարի գաղափարը կենսական պահանջմունքների բավարարման համար։ Դրա հետ միասին նա նշում է արդյունաբերության մեծ նշանակությունը։ Այս գաղափարները Հելվեցիուսին դարձրին 18-րդ դարի ամենախոր մտածողներիզ մեկը։ Հելվեցիուսը կարևորում է սոցիալական միջավայրի դերը։ Նա գտնում է, որ սոցիալական կյանքը որոշվում են ընդհանուր առմամբ մարդու գիտակցությամբ։ Մեծ է նրա դերը գեղագիտության զարգացման գործում։ Նա սուր քննադատության է ենթարկում ոչ միայն կրոնական, այլև սպիրիտուալիստական գեղագիտությունը։ Իր աշխատություններում մեծ տեղ է գրավում բարոյական պատկերացումների փորձնական ծագման ապացույցները և դրանց պայմանավորվածությունն անհատի շահերով։ Անհատի շահերը Հելվեցիուսը զուգակցում է հասարակական շահերի հետ։ Հելվեցիուսի գործունեությունը մեծ ազդեցություն ունեցավ ֆրանսիական բուրժուական հեղափոծության գաղափարական նախապատրաստման գործում, ինչպես նաև հիմք հանդիսացավ 19-րդ դարի առաջին կեսի ուտոպիական սոցիալիզմի գաղափարական նախապատրաստման համար։

Մեջբերումներ[խմբագրել]

  • Աշխարհում չկա մի բան, որն ավելի արժանի լինի հարգանքի, քան խելքը;
  • Ամենախիզախ պետությունը այն է, որտեղ ամենից լավ է պարգևատրվում արիությունը և ամենից ուժեղ է պատժվում վախկոտությունը։
  • Ազնիվ լինելու համար հարկավոր է հոգու ազնվությանը միացնել լուսավոր խելքը։ Նա, ում մեջ միավորված են բնության այդ տարբեր շնորհները, միշտ ղեկավարվում է հասարակական օգուտի կողմնացույցով։
  • Միայն ընկերոջ ձեռքը կարող է սրտիցդ հանել փշերը։
  • Մարդու բնավորության ու խելքի մասին դատելու ճիշտ միջոցը նրա կողմից գրքերի ու բարեկամների ընտրությունն է։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 Հովհաննես Բարսեղյան (2006)։ "Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում", Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք, 58։ ISBN 99941-56-03-9։