Հռոմուլոս
Հռոմուլոս (լատիներեն` Romulus), Հռոմ քաղաքի առասպելական հիմնադիրն ու առաջին թագավորը (մ.թ.ա. 753 - 716 թթ.), Ռեա Սիլվիայի և ռազմի աստված Մարսի որդին, հետագայում աստվածացվել է Քվիրինուս անունով: Ըստ ավանդության Ամուլիոսը, Ռեա Սիլվիայի հորեղբայրը գահընկեց է անում իր եղբորը` Նումիտորին, իսկ նրա դստեր դարձնում է վեստալուհի: Սակայն Ռեա Սիլվիան հղիանում է Մարս աստծուց և ծնում երկվորյակներ` Հռոմուլոսին և Ռեմոսին: Ամուլիոսը հրամայում է բանտարկել կուսության ուխտը խախտած վեստալուհուն, իսկ ծնված երկվորյակներին գցել Տիբր գետը: Սակայն նրանք չեն խորտակվում, այլ գետը նրանց տանում է ափ, որտեղ նորածիններին իր կաթով սնուցում է էգ գայլը, իսկ այնուհետև գտնում ու մեծացնում է Ֆաուստուլ անունով մի հովիվ իր կնոջ` Ակկա Լարենցիայի հետ: Հետագոյում եղբայրները վրեժ են լուծում Ամուլիոսից, իսկ այն տեղում, որտեղ փրկվել էին որոշում են հիմնադրել քաղաք: Սակայն շինարարության ընթացքում նրանց միջև վեճ է առաջանում, և Հռոմուլոսը սպանում է Ռեմոսին` տալով նոր քաղաքին իր անունը և դառնալով նրա միակ տիրակալը: