Աթթիլա
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Աթթիլա | |
|---|---|
Նվաճող |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | |
| Ծննդյան օր՝ | Անհայտ |
| Վախճանի օր՝ | 453 |
Աթթիլա (լատիներեն՝ Attila, հունարեն՝ Ἀττήλας, մահացել է` 453թ.), նվաճող, զորավար, հոների խաքան (առաջնորդ) 434–453թթ.: Իր հորեղբայր` խաքան Ռոասի մահից հետո 434թ. իր եղբոր` Բլեդայի հետ դառնում է հոների առաջնորդ, որոնք այդ ժամանակ վարում էին քոչվոր կյանք Դանուբից ու Սև ծովից հյուսիս ընկած տափաստաններում: 444 (կամ 445)թ. (Հավանաբար) սպանելով Բլեդային` իշխում է միանձնյա: 434–441 թթ., ենթարկելով ալաններին, օստգոթերին, հեպիդներին, հեռուլներին և շատ այլ ցեղեր` ստեղծում է հզոր ցեղային միություն, որը վերահսկում էր Հռենոս գետից մինչև Չինաստանի սահմանն ընկած տարածքները: 436թ. ջախջախում է Բուրգունդական առաջին թագավորությունը (իրադարձությունները նկարագրված են «Ասք Նիբելունգների մասին» միջնադարյան վիպերգության մեջ): 441 թվականից սկսում է պարբերական արշավներ Արևելյան Հռոմեական կայսրության մերձդանուբյան տարածքների վրա (Պաննոնիա, Դակիա, Մյոզիա), թալանում է Սերդիկա (ներկայիս Սոֆիա) և Սինգիդուն (ներկայիս Բելգրադ).քաղաքները: 443 թ. (այլ տվյալներով 447թ.) Պարսկաստան և Հայաստան կատարած անհաջող արշավանքից հետո նախաձեռնում է լայնածավալ ներխուժում Բալկաններ: Հոների մի մասը հասնում է մինչև Հունաստանի Ֆերմոպիլները, մյուս մասը շարժվում է դեպի Կոստանդնուպոլիս: Թալանի և ավերածությունների են ենթարկվում Թրակիան, Մակեդոնիան, Հունաստանը, գրավվում է շուրջ 70 քաղաք: Թրակիայի Քերսոնես քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում (ներկայիս Հալիպոլի) Աթիլլան ջախջախում է բյուզանդական զորքերը, սակայն որևէ փորձ չի կատարում զարգացնել հաջողույունը և գրավել Կոստանդնուպոլիսը, որը լավ ամրացված էր: Բյուզանդական կայսր Թեոդոսի II հետ կնքված խաղաղության համաձայն Աթիլլային էին զիջվում Դանուբից հարավ ընկած որոշ տարածքներ, կայսրությունը նաև պարտավորվում էր ամենամյա տուրք վճարել 2000 ոսկեդրամ:
451թ. հավաքելով իրեն ենտակա ցեղերից մեծ զորք` Աթիլլան անցնում է Հռենոսը և ներծուժում Գալլիա: Սակայն հռոմեացի զորավար Աեցիոսը վեստգոթերի աջակցությամբ ստիպում է Աթիլլային նահանջել: Վճռական ճակատամարտը տեղի է ունենում 451թ. հունիսի 23-ին Կատալաունյան դաշտերի վրա (Մառնա գետի հովիտ): «Ժողովուրդների ճակատամարտ» անունով հայտնի այդ մարտում հռոմեացիները և նրանց դաշնակից վեսթգոթերը, բուրգունդները և ֆրանկները ջախջախում են հոներին: Ըստ պատմիչ Իորդանի վկայության ճակատամարտում ընկել է 180 հազար մարդ: Սակայն Աեցիոսը ավարտին չի հասցնում հոների ջախջախումը` թույլ տալով նրանց նահանջել Հռենոսի աջ ափ: Դա ուներ իր պատճառը ` փոքր տարիքում Աեցիոսը վերցվել էր որպես գերի հոների կողմից ` այդ ժամանակներում ընդունված կարգի համաձայն ` ի նշան խաղաղության կողմերի միջև: Հավանաբար նրա ստացած հոնական դաստիարակությունը խաղաց իր դերը այդ ժամանակ:
452թ. գարնանը հավաքելով նոր զորք Աթիլլան ներխուժում է Իտալիա` գրավելով ու թալանելով Աքվիլեա, Կոնկորդիա, Ալտինում, Պատավիում (Պադուա), Մեդիոլան և Տիցինում (Պավիա) քաղաքները. նրա առջև դարպասներն են բացում Վիցետիա (Վիչենցա), Վերոնա, Բրիկսիա (Բրեշիա) և Բերգամում (Բերգամո) քաղաքները: Սակայն Հռոմի պապ Լևոն I հետ հանդիպումից հետո Աթիլլան հրաժարվում է Հռոմը գրավելու մտադրությունից` բավարարվելով ամենամյա տուրք վճարելու խոստումով: Հավանաբար դեր խաղացին Պապի` Աստծո մասին ասածները, ինչպես նաև իր սեփական խորհրդականների նախազգուշացումները մահվան մասին, ինչը եղավ, թեև առանց Հռոմի գրավման: 453թ. Աթիլլան հանկարծամահ է լինում կաթվածից Պանոնիայի Տիս գետի մոտ իր ռազմակայանում, երբ նախապատրաստվում էր նոր արշավանքի դեպի Բյուզանդիա: Ըստ մի վարկածի նա սպանվել է դավադրության արդյունքում: Ըստ մեկ այլ վարկածի` նա մահացել է իր սեփական հարսանիքի ժամանակ: Բանն այն է, որ ամեն մի տեղում, ուր հաստատվում էին հոները, Աթիլլան իրեն կին էր ընտրում այդ վայրից: Այսպիսով նրա այդ կինը առաջինը չէր, բայց վերջինն էր: Ասում են, որ նա պարզապես խեղդվել է գինարբուքի ժամանակ: Ավանդության համաձայն թաղված է երեք դագաղներում` ոսկյա, արծաթյա և երկաթյա. նրա գերեզմանն առ այսօր գտնված չէ:
Աթիլլայի մահից հետո նրա ստեղծած տերությունը փուլ առ փուլ` ձուլվելով կազմալուծվում է:
Հոները համարում էին Աթիլլային գերբնական անձնավորություն, անհաղթությամբ օժտող ռազմի աստծո թուրի տիրակալ: Նա դարձավ գերմանական և սկանդինավյան վիպերգերի գործող անձ. «Ասք Նիբելուլգների մասին» երկում նա հանդես է գալիս Էտցել , իսկ «Ավագ Էդդայում»` Աթլի անվամբ: 5-րդ դարի քրիստոնյաների համար Աթիլլան հանդիսանում էր «Աստծո խարազան», որն ուղարկված է որպես պատիժ մեղքերի համար: Հետագայում համարվում էր եվրոպական քաղաքակրթության գլխավոր թշնամիներից մեկը: Նրա կերպարը գրավել է բազմաթիվ գրողների, երգահանների և նկարիչների ուշադրությունը (Ռաֆայել «Սբ. Լևոնի և Աթիլլայի հանդիպումը» որմնանկարը, Պ.Կոռնել «Աթիլլա» ողբերգությունը, Ջ. Վերդի «Աթիլլա» օպերա և այլն):