Պիեռ Կոռնեյլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Pierre Corneille 2.jpg

Պիեռ Կոռնեյլ (ֆրանսերեն՝ Pierre Corneille; 1606թ. հունիսի 6, Ռուան1684թ. հոկտեմբերի 1, Փարիզ), ֆրանսիացի դրամատուրգ, համարվում է «ֆրանսիական ողբերգության հայր»: Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1647):

[խմբագրել] Կյանքը և ստեղծագործությունները

Պիեռ Կոռնեյլը ծնվել է 1606 թվականին Ռուան քաղաքում՝ դատական պաշտոնյայի ընտանիքում: Ավարտելով ճիզվիտական քոլեջը, ուսումնասիրելով իրավագիտություն և ստանալով փաստաբանի պաշտոն` Կոռնեյլը վարել է այն ոչ ուրախությամբ և հաջողությամբ: Սկսել է գրել կատակերգություններ՝ «Մելիտե» (1629թ.), 1631-1369 թվականներին՝ «Կլիտանդր», «Դատական սրահ», «Թագավորական հրապարակ», որոնք այժմ մոռացված են, բայց ժամանակին ջերմորեն են ընդունվել հանդիսականների կողմից: Սկսում է իր ուժերը փորձել նաև ողբերգության մեջ` Սենեկայի համանուն պիեսի մոտիվներով գրելով «Մեդեա» պիեսը:

1636թ. Կոռնեյլը ստեղծում է «Սիդ» ողբերգությունը (որպես աղբյուր օգտագործել է իսպանացի դրամատուրգ Գիլյեն դե Կաստրոյի պիեսը` Էլ Սիդի պատանեկության և սխրանքների մասին), որը մեծ հռչակ է բերում ֆրանսիացի դրամատուրգին՝ թարգմանվելով գերմաներեն, անգլերեն, իտալերեն և այլ լեզուներով: Ֆրանսիայում տարածվում է մի թևավոր խոսք. «Գեղեցիկ, ինչպես Սիդը»:

Կոռնեյլի փառքը առաջացնում է կարդինալ Ռիշըլյոյի նախանձն ու զայրույթը: Կարդինալի դրդումով Ֆրանսիական ակադեմիան սկսեց բացահայտել «Սիդ» ողբերգության սխալները և շեղումները «օրենքներից» և ապա խստագույնս դատապարտեց այն: Դրամատուրգը միառժամանակ լռեց` քաշվելով իր ծննդավայր` Ռուան: 1639-1640 թվականներին նա հանդես եկավ նոր հոյակապ ողբերգություններով` «Հորացիուս», և «Կիննա». 1643 թվականին գրեց «Պողիկտոսը»: 1652 թվականին նրա «Պերտարիտ» ողբերգությունը սառը ընդունելության է արժանանում: Ցնցված Կոռնեյլը յոթ տարով դադարում է նոր ստեղծագործություններ գրելուց և միայն 1659 թվականի հանդես է գալիս «Էդիպոս» ողբերգությամբ: 1662 թվականին հաստատվում է Փարիզում, շարունակում է գրել, բայց նրա փառքը խամրում է, թուլանում է նրա կերպարների հմայքը, մարում են նրա ստեղծագործական ուժերը: Նրան փոխարինելու է գալիս մի նոր տաղանդ` Ժան Ռասինը: Կոռնեյլը դադարեց գրել 1674 թվականին և տաս տարի անց` 1684 թվականի սեպտեմբերի 30-ին վախճանվեց 78 տարեկան հասակում:

Կոռնեյլի ողբերգությունները տիպիկ կլասիցիստական ողբերգության օրինակ են: Կոռնեյլը հետևում է կլասիցիստական թատրոնի նորմերին, հատկապես եռամիասնության` տեղի, ժամանակի և գործողության միասնության օրենքին, սակայն այն կիրառում է հարաբերականորեն. «Եթե ես շեղվում եմ դրանցից, ապա ամենևին ոչ այն պատճառով, թե չգիտեմ դրանք»: Երբեմն նա նույնիսկ վիճարկում է այդ օրենքները` վկայակոչելով իր ժամանակակիցների համար անառարկելի հեղինակություններին. «Տեղի միասնության վերաբերյալ ես ոչ մի ցուցմունք չեմ գտնվում ոչ Արիստոտելի, ոչ Հորացիուսի մոտ» («Խոհեր եռամիասնության մասին») :

[խմբագրել] Կոռնելի պիեսները (ամբողջական ցուցակ)

  • «Մելիտե» (Mélite , 1629)
  • «Քլիտանդր» (Clitandre (1631)
  • «Այրի» (La Veuve, 1632)
  • «Դղյակի պատշգամբասրահը» (La Galerie du Palais, 1633)
  • «Ընկերակցուհին» (La Suivante, 1634)
  • «Թագավորական հրապարակ» (La Place royale, 1634)
  • «Մեդեա» (Médée, 1635)
  • «Թյուիլրիի պարտեզում խաղացած կատակերգություն» (Comedie de Tuileries, համահեղինակ, 1635)
  • «Կոմիկական պատրանք» (L’Illusion comique, 1636)
  • «Սիդ» (Le Cid, 1636, թարգմանվել է հայերեն[1])
  • «Հորացիոս» (Horace, 1640)
  • «Կիննա» (Cinna, 1641)
  • «Պողիկտոս» (Polyeucte, (1642, թարգմանվել է հայերեն[1])
  • «Պոմպեոսի մահը» (La Mort de Pompée, 1644)
  • «Ստախոսը» (Le Menteur, 1644)
  • «Ռոդոգունե» (Rodogune, 1644)
  • «Թեոդորա» (Théodore, 1646)
  • «Հերակլիոս» (Héraclius, 1647)
  • «Անդրոմեդե» (Andromède, 1650)
  • «Դոն Սանչո Արագոնցի» (Don Sanche d’Aragon, 1650)
  • «Նիկոմեդես» (Nicomède, 1651)
  • «Պերտարիդե» (Pertharite, 1652)
  • «Էդիպոս» (Œdipe, 1659)
  • «Ոսկե գեղմ» (La Toison d’or, 1660)
  • «Սերտորիուս» (Sertorius, 1662)
  • «Սոփոնիսբե» (Sophonisbe, 1663)
  • «Օթոն» (Othon, 1664)
  • «Ագեսիլաոս» (Agésilas, 1666)
  • «Աթթիլա» (Attila, 1667)
  • «Տիտոս և Բերենիկե» (Tite et Bérénice, 1670)
  • «Պսիքե» (Psyché) (Մոլիերի և Ֆիլիպ Կինոյի հետ համահեղինակությամբ, 1671)
  • «Պուլքերիա» (Pulchérie, 1672)
  • «Սուրեն» (Suréna, 1674)

[խմբագրել] Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Ֆրանսիական կլասիցիզմ : [Թատերգություն] / Կազմ., խմբ. և թարգմ.՝ Հ.Գ. Բախչինյան; Թարգմ.՝ Ն. Վարդանյան, Ա. Ղազինյան, Ալ. Թոփչյան; ԵՊՀ. - Երևան : ԵՊՀ հրատ., 1982. - 464 էջ : դիմանկ. ; 22 սմ. - (Ուսանողի գրադարան) - Սիդ - Պոլիկտոս - Դոն Ժուան կամ քարե հյուրը - Միզանտրոպ - Ֆեդրա - Քերթողական արվեստ Կենսագրականներ և ծանոթագր.
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով