Քաղաքացիական պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քաղաքացիական պատերազմ, կազմակերպված զինված պայքար երկրի ներսում դասակարգերի և սոցիալական խմբերի միջև պետական իշխանության համար դասակարգային պայքարի առավել սուր ձևը։ Քաղաքացիական պատերազմը ծագում է սոցիալական ճգնաժամի հիման վրա, երբ պետական իշխանությունն ի վիճակի չէ թշնամի դասակարգերի «բախումները մեղմել», իր «օրինական» միջոցներով ճնշել գոյություն ունեցող քաղաքական և հասարակական կարգի դասակարգային հակառակորդներին[1]։ Քաղաքացիական պատերազմ ծնող պայմանները որոշվում են երկրի ներսում և միջազգային ասպարեզում դասակարգային ուժերի տեղաբաշխմամբ, այդ պատճառով էլ կարող են զուգակցվել միջպետական պատերազմների, օտարերկրյա ինտերվենցիայի դեմ պայքարի և ազգային-ազատագրական պայքարի հետ։ Սոցիալական հեղափոխության դարաշրջանին հատուկ են այնպիսի քաղաքացիական պատերազմները, որտեղ պատերազմող կողմերն առաջադիմական և հետադիմական դասակարգերն են՝ հարստահարվողները և հարստահարողները։ Հակամարտ հասարակական ֆորմացիաներում լինում են, սակայն, այնպիսի քաղաքացիական պատերազմներ, որտեղ միմյանց հակադրվում են տիրապետող դասակարգերի տարբեր խմբավորումներ (օրինակ, Հռոմեական հանրապետության անկման շրջանի Քաղաքացիական պատերազմը, Կարմիր և սպիտակ վարդերի պատերազմները Անգլիայում

Քաղաքացիական պատերազմի պատմական տեսակներն ու ձևերը բազմազան են․ ստրուկների ապստամբություններ, գյուղացիական պատերազմներ, պարտիզանական պատերազմներ, ժողովրդի զինված պայքար ընդդեմ կառավարության և այլն։

Սահմանում[խմբագրել]

Ստենֆորդի համալսարանում քաղաքացիական պատերազմներ ուսումնասիրող Ջեյմս Ֆերոնը, սահմանում է քաղաքացիական պատերազմը, որպես «բռնի ուժի գործադրմամբ կոնֆլիկտ պետության ներսում, կազմակերպված խմբերի հակամարտություն, որոնք ձգտում են իշխանության գալ կենտրոնում կամ մարզում, կամ ձգտում են փոփոխել պետական քաղաքականությունը»։ Այն պահը, երբ քաղաքացիական խռովությունները դառնում են քաղաքացիական պատերազմ, բավականին վիճելի է։

Եթե որպես չափանիշ ընդունվի տարեկան հազար և ավելի զոհերի առկայությունը, ապա 1816-1997 թվականներին եղել է շուրջ 213 քաղաքացիական պատերազմ, որոնցից 104-ը տեղի են ունեցել 1944-1997 թթ.։ [2] Եթե օգտագործենք ավելի մեղմ չափանիշ՝ ընդհանրապես հազար զոհ, ապա 1945-2007 թվականներին տեղի են ունեցել ավելի քան 90 քաղաքացիական պատերազմներ, որոնցից 20-ը 2007թ.-ի դրությամբ դեռ շարունակվում էին։ [2]

Ժնևյան համաժողովները չեն ներառում «քաղաքացիական պատերազմ» տերմինի սահմանումը, սակայն ներառում են չափանիշներ, որոնց համար հակամարտությունը կարող է ընդունվել որպես «ոչ միջազգային բնույթի զինված ընդհարում», որը ներառում է նաև քաղաքացիական պատերազմներ։

Գոյություն ունի 4 չափանիշ․ [3][4]

  • Ապստամբ կողմերը պետք է տիրեն ազգային տարածքների մի մասին։
  • Ապստամբ քաղաքացիական իշխանությունները պետք է փաստացի իշխանություն ունենան բնակչության վրա երկրի որոշակի հատվածում։
  • Ապստամբները պետք է ստանան որոշակի ճանաչում՝ որպես պատերազմող կողմ։
  • Կառավարությունը «պարտավոր է որոշակի պարբերական ռազմական քայլեր ձեռնարկել ապստամբների դեմ»։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Փ․ Энгельс, в кн․։ Маркс К․ и Энгельс Ф․? Соч․, 2 изд․, т․ 21, с․ 170; Վ․ Ի․ Լենին, Երկ․ լիակտ․ժող․, հ․ 33, էջ 7—8)
  2. 2,0 2,1 Ջեյմս Ֆերոն «Իրաքի քաղաքացիական պատերազմները», «Արտաքին հարաբերություններ» ամսագիր, մարտ/ապրիլ, 2007թ (անգլերեն)
  3. Final Record of the Diplomatic Conference of Geneva of 1949, (Volume II-B, p. 121)
  4. See also the International Committee of the Red Cross commentary on Third 1949 Geneva Convention, Article III, Section «A. Cases of armed conflict» for the ICRC’s reading of the definition and a listing of proposed alternate wording
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png