Գյուղացիություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղացի Գերմանիայում

Գյուղացիություն, մինչսոցիալիստական ֆորմացիաներում տնտեսությունը անհատական եղանակով վարող մանր գյուղատնտեսական արտադրողների, սոցիալիզմի ժամանակ՝ գյուղի կոոպերացված աշխատողների դասակարգ։

Բովանդակություն

Պատմությունը[խմբագրել]

Ստրկատիրական հասարակարգ[խմբագրել]

Գյուղացիության առաջացումը կապված է դասակարգային փոխհարաբերությունների ծագման և մասնավոր սեփականության առաջացման հետ։ Ստրկատիրական հասարակարգում հիմնական դասակարգերի կողքին գոյություն է ունեցել ազատ գյուղացիություն։ Արտադրության ստրկատիրական հարաբերությունների հակասությունները որոշակի փուլում արգելակել են արտադրողական ուժերի զարգացումը։ Ստրկական աշխատանքի վրա հիմնված խոշոր հողատիրությունը վերջապես դարձել է տնտեսապես ոչ շահավետ, և երբեմնի ազատ հողագործները, ստրուկներն ու կոլոնները ամրացվել են հողին, դարձել ֆեոդալից կախում ունեցող ճորտ գյուղացիություն։ Այսպիսով, ստրկատիրական հասարակարգի ընդերքում ծնունդ են առել արտադրության նոր, ֆեոդալական եղանակի տարրեր։ Ճորտ գյուղացին պարտավոր էր ձրի աշխատել ֆեոդալի համար, կատարել բազմապիսի կոռ և բահրա։

Ֆեոդալական կախվածություն[խմբագրել]

Գյուղացիության ֆեոդալական շահագործման հիմքը ֆեոդալի սեփականությունն էր հողի նկատմամբ և անմիջական արտադրողների կախվածությունը նրանից։ Ֆեոդալը աշխատավճարային, մթերային և դրամական ռենտայի ձևով յուրացրել է գյուղացու աշխատանքով ստեղծված հավելյալ արդյունքը։ Հարկադիր, ուժից վեր աշխատանքը ճորտին ստիպել է դիմել պայքարի։ Ֆեոդալիզմի շրջանում բազմաթիվ գյուղացիական ապստամբություններ և այլն տեղի ունեցել․ Իգուան Չաոի՝ Չինաստանում (IX դար), Ժակերիան՝ Ֆրանսիայում, Ուոտ Թայլերի՝ Անգլիայում (XIV դար), գյուղացիական պատերազմները՝ Գերմանիայում (XVI դար), Ի․ Ի․ Բոլոտնիկովի, Ս․ Տ․ Ռազինի, Ե․ Ի․ Պուգաչովի՝ Ռուսաստանում (XVIIXVIII դարեր)։

Գյուղացիների տոնակատարություն, 18-րդ դար

Բուրժուական դասակարգ[խմբագրել]

Ճորտատիրությանը հաջորդած բուրժուական հասարակարգը գյուղացիոթյանը տվել է ձևական (իրավական) ազատություն։ Կապիտալիզմի օրոք գյուղացիությունը դառնում է մանր հողագործների՝ ապրանքարտադրողների մանրբուրժուական դասակարգ և տրոհվում է սոցիալական տարբեր աստիճանների վրա կանգնած երեք խմբի՝ մանր տնտեսատերերի, միջակների և կուլակների։ Իմպերիալիզմի ժամանակ գյուղացիության շահագործումը, հատկապես գաղութային ու կախյալ երկրներում, էլ ավելի է սաստկացել, մանավանդ առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների տարիներին։ Օգտվելով գիտատեխնիկական առաջադիմության նվաճումներից՝ խոշոր կապիտալիստական արտադրությունը մասսայաբար դուրս է մղում մանր արտադրողներին՝ գլխավորապես աշխատավոր գյուղացիներին։ Մոնոպոլիստական կապիտալը յուրացնում է նրանց ոչ միայն հավելյալ աշխատանքը, այլև անհրաժեշտ աշխատանքի մի մասը։ Ապա գյուղացիացման պրոցեսը ընդունում է մեծ չափեր ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իտալիայում, ԳՖՀ-ում և այլ երկրներում։ Բուրժուական սոցիոլոգները սքողելով գյուղացիության քայքայման իսկական պատճառը՝ կապիտալիստական արադրաեղանակը, քարոզում են մանր գյուղացիական տնտեսությունների, այսպես կոչված, «կայունության» կեղծ տեսությունը։

Գյուղացիների հարսանիք, Պիտեր Բրուգել, 1568 թվական

Կոլտնտեսությունների ստեղծումը[խմբագրել]

Մարքսիզմ-լենինիզմը ցույց է տվել, որ կապիտալիստական ու ֆեոդալական շահագործման ծանր լծից գյուղացիությունը կարող է ազատագրվել միայն ամենահեղափոխական դասակարգի՝ պրոլետարիատի ակտիվ աջակցությամբ ու ղեկավարությամբ, նրա հետ սերտորեն դաշնակցած։ Քննադատելով նարոդնիկների, էսեռների, մենշևիկների հայացքները՝ Վ․ Ի․ Լենինը մշակել է ագրարային-գյուղացիական հարցի՝ կուսակցության տեսությունն ու ծրագիրը, ցույց տվել դրանց պրակտիկ իրականացման ձները, մեթոդներն ու եղանակները։ Ռուսաստանում բուրժուա-դեմոկրատական և սոցիալիստական հեղափոխության ամենահրատապ խնդիրներից մեկը Լենինը համարում էր ագրարային հարցի լուծումը։ Այն իր արտացոլումը գտավ հողի մասին դեկրետում, որ խորհրդային իշխանության առաջին քայլն էր գյուղացիության հարցի փաստական լուծման ճանապարհին։ Խորհրդային իշխանությունը ազգայնացրեց հողը, այն տվեց աշխատավոր գյուղացիությանը՝ ձրի օգտագործման համար, իսկ ամբողջ հողն իր ընդերքով հայտարարեց համաժողովրդական սեփականություն։ Սոցիալիստական հեղափոխությունը արմատապես փոխեց գյուղացիության գոյության և զարգացման պայմանները։ Խորհրդային իշխանության տարիներին անհատական գյուղացիական տնտեսությունների թիվը զգալիորեն ավելացավ, գյուղատնտեսության կոլեկտիվացման նախօրեին հասնելով 25 միլիոնի (1927), նախահեղափոխական ժամանակաշրջանի 16 միլիոնի դիմաց։ Ընդ որում կուլակության տոկոսը 15-ից իջավ 5-ի, չքավորությանը՝ 65-ից 35-ի, իսկ միջակներինը 20-ից բարձրացավ 60-ի։ Կոմունիստական կուսակցությունը և խորհրդային պետությունը մեծ աշխատանք կատարեցին լենինյան կոոպերատիվ պլանի հիման վրա գյուղատնտեսության կոլեկտիվացման նախապատրաստման ու անցկացման ուղղությամբ։ Կոլտնտեսային կարգը արմատապես փոխեց գյուղացիության կեցությունը և հոգեբանությունը։ Համատարած կոլեկտիվացման հիման վրա կուլակությունը որպես դասակարգ վերացվեց։ Սոցիալիզմը վերացրեց գյուղացիության շերտայնությունը։ Գյուղացիությունը դարձավ բովանդակությամբ նոր, սոցիալիստական կոլեկտիվ սեփականատերերի միատարր դասակարգ։ Գյուղացիական հարցի արմատական լուծումը ԽՍՀՄ-ում ունեցավ միջազգային խոշոր նշանակություն։ Սոցիալիստական երկրների կոմունիստական ու բանվորական կուսակցությունները ստեղծագործաբար օգտագործեցին Խորհրդային Միության պատմական փորձը։ Այն մեծ նշանակություն ունեցավ նաև իմպերիալիզմի լծից գաղութային ու կախյալ երկրների գյուղացիական հոծ զանգվածների ազատագրման գործում։

Գյուղացիները պանդոկում, Ադրիանա վան Օստադ

Գյուղացիությունը Հայաստանում[խմբագրել]

Համայնական գյուղացիություն[խմբագրել]

Ստրկատիրական կացութաձևի պայմաններում Հայաստանում եղել է համայնքային հողատիրություն։ Գյուղացիության անմիջական արտադրողների հիմնական մասն էր և, լինելով անձնապես ազատ, ուներ իր հողակտորը, հողօգտագործման իրավունքը, բայց լիրավ չէր, համերաշխիքի սկզբունքով վճարում էր հարկեր ու տուրքեր, կատարում աշխատանքային պարտավորություններ։ Հարկերը, տուրքերը, պարհակները հավասարաչափ չէին բաշխվում տարբեր շերտերի գյուղացիությանյան միջև։ Հելլենիստական դարաշրջանի Հայաստանում գյուղացիության պարհակների միջոցով ծավալվում էր պետական շինարարությունը։

1794 թվական Գերմանիա

Կախյալ գյուղացիություն[խմբագրել]

Համայնական գյուղացիությունից զատ Հայաստանում կար նան կախյալ գյուղացիություն, որը մշակում էր պետական (թագավորական, տաճարական) հողերը։ Ֆեոդալական հասարակարգում Հայաստանում գյուղացիության բնակչության մեծամասնությունն էր, գլխավոր արտադրող ն հարկատու ուժը։ Գյուղացիներն ապրել են առանձին գյուղերով («շեներով») ն կոչվել «գեղջուկ» կամ «շինական»։ Նրանց ընտանիքը (գերդաստանը) հայտնի էր «երդ», օգտագործման համար ստացած հողաբաժինը՝ «հող երդո» անունով։ Գյուղացիները ֆեոդալ-հողատիրոջ հետ հարաբերություններ են ունեցել գյուղապետի («գեղջավագի») միջոցով։

Գյուղացի Կամերունից

Գյուղացիության պարտավորությունները[խմբագրել]

Գյուղացիության անձնական պարտավորություններ է ունեցել ֆեոդալների, արքունիքի հանդեպ (մուծել է հարկեր, տուրքեր, կատարել պարհակներ)։ Գյուղացիները, որպես «անազատներ» (այդպես են կոչել ոչ թե իրավական իմաստով, այլ շահագործող դասից տարբերելու համար), ժառանգաբար կապված էին իրենց իրավունքներին ու պարտականություններին։

Brouche.jpg

Գյուղացիության իրավունքները[խմբագրել]

Գյուղացիությունը ունեցել է անձնական, ընտանեկան, ունեցվածքային և ժառանգական իրավունքներ, կարող էր հայց ներկայացնել և դատվել եկեղեցական դատարաններում, ամուսնանալ առանց հողատիրոջ համաձայնության, գնել անշարժ գույք։ Նա հաշվի է առնվել երկրի քաղաքական կյանքում, համալրել հետևակազորը, մասամբ՝ այրուձին (հատկապես ազատագրական պատերազմների ժամանակ), գեղջավագները մասնակցել են կարևոր ժողովներին, միջոցառումներին։

Ժան Ֆրանսու Միլետ
Կախումը հողատիրոջից[խմբագրել]

Հողատիրոջից կախումը հիմնականում եղել է տնտեսակն բնույթի։ Առանց նրա համաձայնության գյուղացին չէր կարող հրաժարվել այդ կախումից և հազվադեպ միայն ի վիճակի էր անցնել ազատների շարքը (երբ ցուցադրում էր բացառիկ արարք կամ ընդունակություններ)։ Սակայն գյուղացիության պարտականությունները ոչ թե ամբողջապես կախված էին նախարարների կամայականություններից, այլ սովորութային եկեղեցական իրավունքի նորմերից։

Գյուղացի Գերմանիայում

Աղանդավորական շարժումները Հայաստանում[խմբագրել]

Միջնադարյան իրավաըմբռնմամբ գյուղացիությունը ստորադասվել է քաղաքաբնակներին։ «Քաղաքացիք առավել քան զգեղջուկս պատուիցեն»,— գրում է Մխիթար Գոշը։ XII-XIII դարերի Հյուսիսային Հայաստանում առկա էր գյուղացիության ճորտացում։ Գյուղացիության և ֆեոդալների հակամարտության սրմամբ Հայաստանում ուժեղացել է սոցիալական պայքարը, տարածվել աղանդավորական գաղափարներ։ Դրանք ուժեղ թափով են դրսևորվել հատկապես VI—VIII դարերի, ի դեմս Պավլիկյան շարժման, ինչպես և IX—XI դարերի, երբ գործում էին թոնդրակյանները։ X դարի առաջին քառորդին ապստամբություններ են ծավալվել Այրարատում, Սյունիքում։

Գյուղացի, 18-րդ դար

Հայկական գյուղացիությունը օտար տիրապետության ժամանակ[խմբագրել]

Օտար տիրապետության (արաբական, սելջուկ-թուրքական, մոնղոլական) ժամանակ գյուղացիության վիճակն ավելի է ծանրացել, քանի որ ենթարկվել է կրկնակի և ավելի բիրտ շահագործման, անլուր կեղեքումների ու հարկման, կրոնական անհանդուրժողականության։

Norblin - Peasant from Lithuania.jpeg

Մոնղոլական տիրապետություն[խմբագրել]

Մոնղոլական տիրապետության շրջանում (XIII—XIV դարերում) բազմատեսակ հարկերն ու տուրքերը վերջնականապես քայքայեցին գյուղացիությանը։ Ուժից վեր հարկերը վճարելու համար գյուղացիությունը ստիպված վաճառում էր իր հողը, ունեցվածքը, հաճախ հեռանում հայրենիքից։

Թուրքմենական տիրապետություն[խմբագրել]

XIV դարի վերջին և XV դարի ընթացքում հայ գյուղացիությունը հեծում էր թուրքմենական խաշնարած ցեղերի լծի տակ։ Իր ինչքն ու պատիվը պաշտպանելու համար նա ստիպված էր մշտապես անհավասար պայքարի մեջ մտնել վաչկատուն ավագանու հետ։

Թուրք-պարսկական տիրապետություն[խմբագրել]

Նույն իրավիճակը շարունակվել է թուրք-պարսկական բռնատիրության պայմաններում, երբ հայ գյուղացիությունը շահագործվում էր թուրք և պարսիկ ֆեոդալների, քուրդ ցեղապետների և պետական պաշտոնյաների կողմից։ Մահմեդական տիրողների իրավասության տակ հայ գյուղացիությունը իրավազուրկ ռայա էր՝ զուրկ մարդկային տարրական իրավունքներից։ Նա իրավունք չուներ մահմեդականի դեմ վկայություն տալ դատարանում կամ ինքնապաշտպանական նպատակով դիմադրել նրան։ Հայ գյուղացիությունը ծանր փորձությունների ենթարկվեց Աբբաս I1604 թվականին կատարած բռնագաղթի ժամանակ, երբ Արևելյան Հայաստանի գյուղացիությունը զանգվածաբար տեղահանվեց և քշվեց Պարսկաստան։ Հաճախադեպ էին բռնի մահմեդականացման փաստերը։ Կատարյալ պատուհասներ էին աղջկահավաքները, մանկահավաքները։

Panszczina.jpg

Պարսկաստանի տիրապետություն[խմբագրել]

Պարսկաստանի տիրապետության տակ ընկած Հայաստանում XVII դարի 2-րդ կեսից սկսած ուժեղացել է աշխատավոր գյուղացիության հողազրկումը։ Հողազուրկ գյուղացին (կոչվում էր «ռանչպար») վերածվում էր հողագործ բանվորի, որն ստիպված էր իր գոյությունը պահպանել վարձու աշխատանքով։ Հայ գյուղացիության («ռայաթը») բազմապիսի հարկերից զատ կանխիկ դրամով վճարում էր հատուկ գլխահարկ։ Պատերազմների ժամանակ գյուղացիները կատարում էին ձրի պարհակներ։ Աշխատավոր գյուղացի, թեև հողատերերի ճորտը չէր և առուծախի չէր ենթարկվում, բայց չուներ ազատ տեղաշարժվելու իրավունք։ Լոռի-Փամբակում ն Արևելյան Վրաստանի վալիությանը ենթակա հայաբնակ մյուս շրջանների ճորտացված էր և վաճառվում էր հողի հետ միասին։ Արևմտյան Հայաստանում թուրքական իշխանություններն ու կալվածատերերը հայ գյուղացիությանը ամրակցել էին հողին։ Նրանք բռնի վերադարձնում էին այն գյուղացիներին, որոնք հուսահատ դրությունից ելք էին գտնում փախուստի կամ պանդխտության մեջ։

Հայկական գյուղացիությանը XIX դարի և XX դարի սկզբին[խմբագրել]

XIX դարի և XX դարի սկզբին գյուղացիությունը շարունակում էր կազմել հայ բնակչության ճնշող մեծամասնությունը և նյութական բարիքներ արտադրող հիմնական զանգվածը։ XIX դարի սկզբին Արևելյան Հայաստանում կային պետական կամ արքունական, մուլքադարական (Մուչքաղարություն), արքունական-մուլքադարական, թիուլդարական վանքապատկան գյուղացիներ, որոնց շուրջ 73%-ը պետական էր, 26%-ը՝ կալվածատիրական, 1%-ը՝ վանքապատկան։ Ուսումնասիրողներից ոմանց կարծիքով, պարսկական տիրապետության ժամանակ կալվածատիրական գյուղացիները եղել են փաստացի ճորտական վիճակում (Ի․ Պետրուշնսկի), ոմանք էլ գտնում են, որ գյուղացիության ֆեոդալական կախվածության մեջ արտահայտվել են սոսկ ճորտության տարրեր (Վ․ Ռշտունի), իսկ երրորդները պնդում են, թե գյուղացիները եղել են միայն կախյալ վիճակում, իսկ ճորտատիրությունը ամենևին ժխտում են (Ս․ Մարկոսյան)։ Գյուղացիները կատարում էին կոռ, պետության համար վճարում բահրա կամ բնամթերային ռենտա և դրամահարկ։

Հայկական գյուղացիությունը Ցարական Ռուսաստանի տիրապետության կառավարման ժամանակ[խմբագրել]

Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո ցարական կառավարությունը մի շարք միջոցառումներով (1846 թվականի հրովարտակ, 1847 թվականի և 1851 թվականի կանոնադրություններ են, որոնք չեն իրականացվել) փորձեց ամրապնդել ֆեոդալա-ճորաատիրական կարգը Անդրկովկասում և Հայաստանում։ Իսկ արդեն 1870 թվականի մայիսի 14-ի կանոնադրությամբ, ապա 1875 թվականի մայիսի 14-ի ու 1877 թվականի սեպտեմբերի 5-ի կանոններով կառավարությունը գյուղացիական ռեֆորմ անցկացրեց նաև Արևելյան Հայաստանում, որը փաստորեն ոչինչ չարեց գյուղացիների վիճակը բարելավելու համար։ Պահպանվեցին նրանց սակավահողությունն ու տերունական պարտավորությունները։ Ռեֆորմը չտարածվեց պետական ու վանքապատկան գյուղացիների վրա։ Կալվածատիրական գյուղացիության մեջ նախկինի պես մեծամասնություն էիև կազմում մուլքադարական գյուղացիները։

Old farmer woman.JPG

XIX դարի Արևմտյան Հայաստանի գյուղացիություն[խմբագրել]

XIX դարի Արևմտյան Հայաստանի գյուղացիությունը գտնվում էր ճորտական և կիսաճորտական վիճակում։ 1830-ից 1860-ական թվականներին Թուրքիայում կատարված բարենորոգումները (Թանզիմաթ) էական փոփոխություններ չմտցրին հայ գյուղացիության դրության մեջ։ Աբդուլ Համիդ II-ի կառավարման տարիներին հայ գյուղացիները ենթարկվեցին ազգային, սոցիալական ավելի դաժան ճնշումների և հալածանքների։ Սուլթանը արգելեց հայ գյուղացիների տեղաշարժերը գյուղից քաղաք, գյուղից գյուղ։ Պարբերաբար կազմակերպվող ջարդերը (1894-ից 1896 թվականներին զոհվեց 300 հազար հայ) և հետզհետե ծավալվող արտագնացությունը նվազեցրին հայ գյուղացիության թիվը։ Չնայած դրան, գյուղացիությունը շարունակում էր կազմել արևմտահայ բնակչության մեծամասնությունը։ XIX դարի վերջին և XX դարի սկզբին արևմտահայ գյուղացիության մեջ կային մարաբաներ, որոնք բաժանվում էին երկու խմբի՝ ընչազուրկների և միայն անասուններ ու աշխատանքի գործիքներ ունեցողների, նրանք վարձակալում էին աղաների հողերը և ընկնում ֆեոդալական կախվածության մեջ։ Կային նաև խաֆիրատա գյուղացիներ, որոնք որոշակի հարկ էին տալիս քուրդ աղաներին իբրև իրենց «պաշտպանների»։ Խաֆիրությունը տարածված էր Սասանում, Խութում, Մաշում, Մոկսում, Շատախում և այլն։ Արևմտահայ գյուղացիության մի մասը ազատ էր, բայց սակավաթիվ էր և ցրված երկրի տարբեր շրջաններում։ Հայ գյուղացիության վիճակը Թուրքիայում չբարելավվեց նաև 1908 թվականի երիտթուրքական հեղափոխությունից հետո, ընդհակառակն, սաստկացան նրանց ազգային ու սոցիալական ճնշումները, ուժեղացավ արտագաղթը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին արևմտահայ գյուղացիության մի մասը դարձավ ջարդերի զոհ, տեղահանված մասն Էլ փրկվելով ցեղասպանությունից՝ ցրվեց աշխարհով մեկ, մնացածները հարկադրված ընդունեցին մահմեդականություն։

Հայկական գյուղացիության վերելքը[խմբագրել]

Հայ գյուղացիությունը ինչպես պատմական անցյալում, այնպես էլ XIX դարի և XX դարի սկզբին արիաբար պայքարել է իր ազգային ու սոցիալական ազատագրության համար։ Դրա վկայություններն են Սևանի ավազանի, Ղարաբաղի, Լոռու, Զանգեզուրի, Զեյթունի, Սասանի, Չարսանջակի, Վասպուրականի գյուղացիական ելույթները։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակի և խորհրդային իշխանության հաստատման շնորհիվ արմատապես փոխվեց Հայաստանի գյուղացիության հասարակական-տնտեսական դրությունը։ 1920 թվականի դեկտեմբերի 28-ի դեկրետով ազգայնացվեց ամբողջ հողը և գյուղացիների օգտագործմանը հանձնվեց 1,5 միլիոն հեկտար հողատարածություն։ 1920-ական թվականներին ագրարային վերափոխումները արագացրին գյուղատնտեսության վերականգնումը։ Նէպի և գյուղատնտեսության վերականգնման ու զարգացման շնորհիվ զգալի տեղաշարժեր կատարվեցին գյուղացիության սոցիալ-դասակարգային կառուցվածքում։ Գյուղը միջականում Էր, կրճատվում չքավորների ու կուլակների թիվը։ Աշխատավոր գյուղացիները ներգրավվում էին գյուղատնտեսական կոոպերացիայի մեջ, որը սոցիալիզմի կառուցման ուղին էր գյուղում։ 1920 թվականին կոոպերացված էր Հայաստանի գյուղացիական տնտեսությունների 45%-ը։ 1929-ից 1930 թվականին սկսվեց մասսայական կոլեկտիվացումը։ 1932 թվականին կազմակերպված էին 892 կոլտնտեսություններ, որոնք ընդգրկում էին գյուղացիական տնտեսությունների 37,9%-ը։ 1937 թվականին կոլեկտիվացումը հասավ 88,7%-ի։ Գյուղատնտեսության մեջ սոցիալիստական արտադրական հարաբերությունները տիրապետող դարձան 1930-ական թվականներին վերջին։ Սոցիալիզմի հաղթանակի հետևանքով ձևավորվեց սովետական հասարակության նոր դասակարգը՝ կոլտնտեսային գյուղացիություն։ Ամրապնդվեց բանվոր դասակարգի և կոլտնտեսային գյուղացիության դաշինքը, որտեղ առաջատար դերը պատկանում էր բանվոր դասակարգին։ Ստեղծվեց սովետական ժողովրդի բարոյաքաղաքական միասնությունը։ Կոլտնտեսային արտադրական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում կարևոր նշանակություն ունեցավ ԽՄԿԿ ԿԿ-ի մարտյան պլենումը (1965)։ Կոմունիստական կուսակցությունը մշակել և կենսագործում է գյուղատնտեսության ինտենսիվացման, արտադրության ավելացման և կոլտնտեսային գյուղացիության ու գյուղատնտեսական բանվորների նյութական և կուլտուրական մակարդակի բարձրացման լայն ծրագիր։ Խոշորացման և, մասնավորապես, խորհրդային տնտեսությունների վերածվելու շնորհիվ (գլխավորապես թույլ և քաղաքամերձ տնտեսությունների հաշվին) զգալի չափով պակասեց ՀԽՍՀ կոլտնտեսությունների թիվը։ 1940 թվականի 1030 կոլտնտեսության և նրանցում ընդգրկված ավելի քաև 180 հազար տնտեսությունների դիմաց, 1973 թվականին հանրապետությունում կար 376 կոլտնտեսություն, 86,1 հազար տնտեսությամբ։ Կոլտնտեսական գյուղացիների թիվը 1970 թվականին հասնում էր 427 հազար, որը հավասար է ամբողջ բնակչության 17,1%-ին 1959 թվականի 37,5%-ի դիմաց։ 1959-ից 1970 թվականներին գյուղական բնակչության մեջ կոլտնտեսականների տեսակարար կշիռը 69,4%-ից իջավ 39,0%-ի։ Ինդուստրացման և գյուղատնտեսության մեքենայացման շնորհիվ նվազել է նաև ամբողջ գյուղական բնակչության տեսակարար կշիռը, չնայած այն բացարձակորեն աճել է։ 1926-ին գյուղական բնակչությունը կազմում էր հանրապետության ամբողջ բնակչության 81,0, իսկ 1974 թվականին՝ 37,7%-ը։

Հաղթանակած պրոլետար գյուղացին մատնանշում է ճանապարհը, արծաթե խորհրդային ռուբլի, 1924 թվական

Կոլտնտեսության ղեկավարումը և կազմակերպումը[խմբագրել]

Ժամանակակից կոլտնտեսական արտադրությունը ղեկավարում և կազմակերպում են բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթությամբ նախագահներ, բրիգադավարներ, ֆերմաների վարիչներ, գյուղատնտեսներ, անասնաբույծներ, անասնաբույժներ, ինժեներներ ու տեխնիկներ։ Կոլտնտեսական դաշտերում աշխատում են 7,5 հազար ավելի տրակտորիստներ, կոմբայնավարներ ու վարորդներ։ 1920-ից 1930-ական թվականներին վերացվեց գյուղական բնակչության անգրագիտությունը։ 1939 թվականին գյուղում յուրաքանչյուր հազար բնակչից բարձրագույն կրթություն ուներ միայն երկու մարդ, իսկ 1973 թվականին՝ 17-ը։ Թերի բարձրագույն և միջնակարգ կրթություն ունեցողների թիվը համապատասխանաբար 59-ից բարձրացել է 369-ի։ Արմատական փոփոխություններ են տեղի ունեցել խորհրդային գյուղացիության հոգևոր կյանքում և կենցաղում, աճել է նրանց կուլտուրական մակարդակը։ Արտադրողական ուժերի զարգացման և գիտատեխնիկական հեղափոխության շնորհիվ գյուղատնտեսությունը աստիճանաբար դրվում է ինդուստրիալ հիմքի վրա։ Վերացվում են գյուղի և քաղաքի միջև եղած էական տարբերությունները։ Կոոպերատիվ-կոլտնտեսային սեփականությանը մոտենում է համաժողովրդական սեփականության մակարդակին։ Այդ ամենը նպաստում է սոցիալիստական հասարակության երկու հիմնական դասակարգերի տարբերությունների վերացմանը և տանում է դեպի միատարր, անդասակարգ կոմունիստական հասարակության ստեղծում։

Գրականություն[խմբագրել]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png