Սվետոնիոս
Գայոս Սվետոնիոս Տրանքվիլոս (լատիներեն` Gaius Suetonius Tranquillus, մ.թ. 69/75 - 130 թ հետո), հռոմեական պատմիչ, նրա հեղինակությամբ մեզ հասած հիմնական աշխատությունն է «Տասներկու կեսարների կյանքը» («Vitae XII imperatorum», 120թ.), որը նվիրված է Հուլիոս Կեսարից առ Դոմիցիանոս բոլոր հռոմեական կայսրերի կյանքի նկարագրությանը: Գրքում հետաքրքրաշարժ ձևով ներկայացվում է նրանցից յուրաքանչյուրի ծագումը, երիտասարդությունը, գործունեությունն իր բոլոր կողմերով, կենցաղը և մահվան հանգամանքները: Սվետոնիոսը առատ փաստեր է տալիս կայսրերի հասարակական և մասնավոր կյանքից, շարադրանքը սեղմ է, թեև երբեմն համեմված անեկդոտներով և ասույթներով: Լեզուն չոր ու ճշգրիտ է, սակայն որոշ դրվագներ (օրինակ` Հուլիոս Կեսարի սպանության նկարագրությունը) լատինական արձակի լավագույն նմուշների շարքին են դասվում: Երկասիրությունը կարևոր պատմական աղբյուր է շնորգհիվ իր պարունակած հարուստ փաստագրական նյութի, որի արժեքն էլ ավելի է մեծանում հեղինակի օբյեկտիվության և բարոյական խստության պատճառով: Բոլոր կայսրերի կյանքի հանգամանքները ներկայացվում են անողոք ճշմարտացիությամբ, դրական և ախտավոր հատկությունների նկարագրությամբ: Սվետոնիոսի իդեալը Օգոստոս և Տիտոս կայսրերն են:
Սվետոնիոսը շատ նմանակողներ է ունեցել ինչպես անտիկ դարաշրջանում (օրինակ` «Scriptores Historiae Augustae»), այնպես էլ միջնադարում (նրա աշխատությունը որպես հիմք է ծառայել Էյնհարդի համար Կարլոս Մեծի կենսագրությունը գրելիս): Հենց «Տասներկու կեսարների կյանքից» են սերվում հռոմեական կայսրերի հետ կապված որոշ հանրածանոթ պատմություններ (Կալիգուլայի ձին, Ներոնի թատերական վարժանքները, «փողը հոտ չունի»` Վեսպասիանոսի խոսքերը, «ընկերներ, ես օր եմ կորցրել»` Տիտոսի խոսքերը):
«Տասներկու կեսարների կյանքը» ռուսերենից հայերեն է թարգմանվել Վ.Ա.Դիլոյանի կողմից, հրատարակվել է 1986թ. [1]:
[խմբագրել] Հղումներ
- ↑ Տասներկու կեսարների կյանքը / Գայոս Սվետոնիոս Տրանքվիլոս; Թարգմ.՝ Վ.Ա. Դիլոյան; Խմբ.՝ Վ.Մ. Մարտիրոսյան. - Երևան : Հայաստան, 1986. - 520 էջ : [6] թ. նկ