Պատրիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատրիկներ (լատ.՝ patricii, pater՝ հայր), Հին Հռոմում սկզբնապես, հավանաբար, տոհմական համայնքի մեջ մտնող ամբողջ բնիկ բնակչությունը, որը կազմում էր հռոմեացի ժողովուրդը և հակադրվում էր պլեբեյներին․ տոհմական համայնքից երևելի ընտանիքների առանձնանալուց հետո՝ տոհմական ազնվականությունը։ Մեր թվարկությունից առաջ VI դարի վերջից, պետության առաջացման ժամանակաշրջանում, պատրիկները վերածվել են Հռոմեական հանրապետության տիրապետող դասակարգ-խավի․ նրանց հզորության տնտեսական հիմքը հասարակական հողից (ager publicus) օգտվելու բացառիկ իրավունքն էր։ Պլեբեյներին հռոմեացի ժողովրդի կազմի մեջ ներառնելուց, նրանց իրավունքները պատրիկների իրավունքներին հավասարեցնելուց (մ․ թ․ ա․ III դ․ սկիզբ) հետո, պատրիկների և պլեբեյների վերնախավերի միաձուլումից առաջացել է նոբիլիտետը։ Կայսրության ժամանակաշրջանում ձևավորվել է նոր պատրիկություն և կազմել ծերակուտական խավի արտոնյալ մասը, նրա մեջ ներգրավվել են կայսեր առաջ քաշած անձնավորությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png