Հարավային Եվրոպա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարավային Եվրոպան ըստ ՄԱԿ-ի (կանաչ գույնով)՝      Հյուսիսային Եվրոպա      Արևմտյան Եվրոպա      Արևելյան Եվրոպա      Հարավային Եվրոպա

Հարավային Եվրոպան ընդգրկում է Պիրենեյան, Ապենինյան, Բալկանյան թերակղզիների, նախկին Հարավսլավիայի կազմի մեջ մտնող և Միջերկրական ծովի կղզիների վրա գտնվող թվով 16 երկիր: Միջերկրական ծովի ավազանում գտնվելը Հարավային Եվրոպայի աշխարհագրական դիրքի առավել կարևոր առանձնահատկություններից է: Այստեղով են անցնում Եվրոպայից դեպի Ասիա, Աֆրիկա, Ավստրալիա, Կենտրոնական և Հարավային Ամերիկա տանող ծովային ուղիները: Հարավային Եվրոպայի աշխարհագրական դիրքի կարևոր հատկանիշ է նաև այն, որ նա գտնվում է զարգացած Արևմտյան Եվրոպայի և նրա հետ բազմակողմանի կապերի մեջ գտնվող Հյուսիսային Աֆրիկայի միջև:

Քանի որ Հարավային Եվրոպան գտնվում է երկրակեղևի ալպյան ծալքավոր գոտու սահմաններում, այստեղ չեն ավարտվել լեռնակազմական պրոցեսները: Դրա հետևանքով էլ հաճախակի են երկրաշարժերն ու հրաբխային ժայթքումները: Առավել ակտիվ հրաբուխներն են Էտնան (Սիցիլիայում) և Վեզուվը (Ապենինյան թերակղզում):

Դաշտավայրերը ընդարձակ չեն, տարածվում են ափամերձ շրջաններում և գետահովիտներում: Առանձնանում են Անդալուզյան դաշտավայրը Իսպանիայում և Պադանի դաշտավայրը Իտալիայում:

Տարածաշրջանի ընդերքը հարուստ է անագի, վոլֆրամի, ուրանի, երկաթի, ծծմբի, քրոմիտների, տարբեր տեսակի շինանյութերի պաշարներով (հիմնականում Իսպանիայում): Թույլ է վառելիքաէներգետիկ բազան: Եղածը գլխավորապես ջրաէներգետիկ ռեսուրսներն են` հիմնականում Իսպանիայում, Իտալիայում, Սլովենիայում, Մակեդոնիայում:

Հարավային Եվրոպան գտնվում է մերձարևադարձային կլիմայական գոտու սահմաններում: Կլիմայական այսպիսի պայմանները հնարավորություն են տալիս բնակչությանը համարյա ամբողջ տարին զբաղվելու երկրագործությամբ և աճեցնելու տարբեր տեսակի մերձարևադարձային մշակաբույսեր: Բացառիկ հարուստ են ռեկրեացիոն ռեսուրսները: Դրանք Միջերկրական ծովի աղի և տաք ջրերն են, ավազոտ լողափերը, գեղատեսիլ լանդշաֆտները, հանքային ջրերը, առատ արևը:

Միջերկրական ավազանը, լինելով հնագույն քաղաքակրթության օջախնեից, բավականին խիտ է բնակեցված եղել: Հետևաբար բնության վրա մեծ է եղել մարդու ազդեցությունը: Նախկին բնական լանդշաֆտները խիստ կրճատվել են` իրենց տեղը զիջելով մարդային (կուլտուրական) լանդշաֆտներին:

Հարավային Եվրոպայի բոլոր երկրների, բացառությամբ Իսպանիայի, բնակչությունը միատարր ազգային կազմ ունի: Այն իր ճնշող մեծամասնությամբ պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի ռոմանական լեզվախմբին, մասամբ սլավոնական, իսկ Մալթայի բնակչությունը` սեմական լեզվախմբին: Հատուկ լեզվախումբ է հունարենը, որով խոսում է Հունաստանի ազգաբնակչությունը:

Ժողովրդագրական իրավիճակն բնորոշ է բնակչության թվաքանակի ավելացումը գլխավորապես բնական աճի միջոցով: Ներգաղթն աննշան է:

Բնակչությունը խիստ անհավասարաչափ է տեղաբաշխված: Այն խիտ է արդյունաբերական զարգացած շրջաններում, գետահովիտներում և ծովափնյա գոտում: Թույլ են բնակեցված լեռնային շրջանները:

Ինչպես երևում է քարտեզից, Հարավային Եվրոպայի պետություններից տարածքով համեմատաբար խոշոր են Իսպանիան, Պորտուգալիան, Իտալիան և Հունաստանը:

Իսպանիան և Պորտուգալիան գտնվում են Եվրոպա աշխարհամասի ծայր հարավ-արևմուտքում` Պիրենեյան թերակղզու վրա: Միջին դարերում նրանք եղել են աշխարհագրական մեծ հայտնագործությունների ակտիվ կազմակերպիչներ ու մասնակիցներ, դարձել են աշխարհակալ ծովային տերություններ, ունեցել են ընդարձակ գաղութներ աշխարհի տարբեր մասերում: Սակայն հետագայում, աստիճանաբար զրկվելով գաղութներից, կորցրել են իրենց նախկին շուքն ու նշանակությունը և վերածվել միջին հզորության պետությունների:

Հարավային Եվրոպային որոշ պետություններ առանձնահատուկ են նրանով, որ քաղաք-պետություններ են, չունեն գյուղական բնակավայրեր: Դրանք են Սան Մարինոն, Անդորրան, Մոնակոն, Վատիկանը: Ընդունված է դրանք կոչել նաև «գաճաճ պետություններ»: Յուրաքանչյուրի բնակչության թիվը կազմում է 2-3 տասնյակ հազար, իսկ Վատիկանինը` մոտ հազար մարդ:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով