Կոկիսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոկիսոն, հին բերդաքաղաք Կիլիկիայի հյուսիսարևելյան սահմանում, Անտիտավրոսի փեշին, համանուն գետի ափին։ 405 թվականին Կոկիսոն այցելած Հովհան Ոսկեբերանն այն անվանում է հայաբնակ, որի հայ իշխան Սոբատրոսի մասին գովեստով է խոսում։ Կոկիսոնի հայ եպիսկոպոս Դիոսկորոսը Հովհան Ոսկեբերանին հրավիրել է հայկական եկեղեցի՝ հայոց տոնախմբությունը նախագահելու։ Կոկիսոնի խստաշունչ ձմեռը Ոսկեբերանն անվանում է «հայկական ձմեռ»։ Արաբ մատենագիրները Կոկիսոնի հայերին հիշատակում են որպես «քաջ և հանդուգն մարտիկներ», որոնց 700-ական թվականներին չկարողացան նվաճել արաբները։ XII դարից Կոկիսոնը միացել է Կիլիկյան Հայաստանին։ Ըստ ավանդախառն տեղեկության, Կիլիկիայի թագավորության անկումից հետո իշխան Հեթումի կին Զարմանուհին 300 մարտիկներով տիրել է Կոկիսոն և Կապան բերդը, հիմնել անկախ իշխանություն, որը գոյատևել է 65 տարի։ Հետագայում Կոկիսոն ավերել են թուրքական նվաճողները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 526