Սենեքերիմ-Հովհաննես Արծրունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սենեքերիմ Արծրունիից)
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Սենեքերիմ-Հովհաննես (այլ կիրառումներ)

Սենեքերիմ Արծրունի (968/969 - 1026 [1]), Արծրունիների նախարարական տոհմից, Աբուսահլ-Համազասպի որդին, Վասպուրականի թագավորության վերջին թագավորը, իշխել է 1003-1021 թվականներին։ Իր իշխանության տարիներին Բյուզանդիայի կայսրն էր Բարսեղ Բ Բուլղարասպանը։

XI դարի սկզբին Վասպուրականը թյուրքական ցեղերի հարձակումների թիրախ դարձավ։ [2] Վասպուրականի այդ ծանր վիճակից օգտվեց կայսր Բարսեղ Բ-ն, որը 1021 թ. ստիպեց թագավորին Բյուզանդիային հանձնել իրեն պատկանող տարածքը,[3] որի փոխարեն Սենեքերիմը ստացավ Սեբաստիա քաղաքը և մերձավոր շրջանները։ «Արծրունյաց տան պատմության» աշխատության շարունակող Անոնիմ Արծրունու, Սենեքերիմը տեղափոխվեց այնտեղ 1023 թվականին` 14 հազարանոց զորքի, իրենց կանանց և երեխաների հետ։ [4] Սենեքերիմի ղեկավարության ներքո հիմնվեցին Արաբկիր և Ակն քաղաքները։

Մահացել է 1026 թվականին։ Շիրիմը տեղադրվել է Վարագավանքում, որը նույնպես կառուցվել էր իր հրամանով։

Կենսագրություն[խմբագրել]

Կնության է առել Գագիկ Ա Բագրատունու դստերը՝ Խուշուշին։ Հոր մահից (968) հետո թագավորել է եղբայրների՝ Գուրգեն-Խաչիկի և Աշոտ-Սահակի հետ (Գուրգեն-Խաչիկը իշխել է Անձևացիքում, Աշոտ-Սահակը՝ Տոսպում, Սենեքիմ-Հովհաննեսը՝ Ռշտունիքում), իսկ 1003 թվականից միանձնյա (Անձևացիքում իշխող եղբորորդի Դերենիկն ընդունել է նրա գերագահությունը)։ Նեղվելով հարևան մահմեդական իշխանություններից, 1001 թվականին Գուրգեն-Խաչիկի հետ դիմել է արևելք արշաված Վասիլ II կայսրին, նրանից ստացել է Խլաթը, Մանազկերտը, Բերկրին, Արճեշն ու Արծկե, սակայն ընկել է բյուզանդական կախման մեջ։ 1016 թվականից հետո, երբ Վասպուրականի հայոց բանակը՝ արքայորդի Դավիթ Արծրունու և սպարապետ Շապուհի գլխավորությամբ, պարտություն է կրել երկիր ներխուժած թուրքական հրոսակախմբերից, Սենեքիմ-Հովհաննեսը ռազմական օգնություն է խնդրել Վասիլ II-ից, որի ուղարկած բուլղար ռազմագերիների անկանոն ջոկատներն ավելի են ավերել երկիրը։ Բյուզանդական նենգ քաղաքականության որոգայթն ընկած Սենեքիմ-Հովհաննեսը ճարահատյալ դեսպանություն է ուղարկել Կոստանդնուպոլիս, որդու՝ Դավթի գլխավորությամբ, և ընդունել Վասիլ II-ի պարտադրած ծանր պայմանագիրը՝ կայսրությանը զիջել է Վասպուրականը (8 քաղաք, 72 բերդ, 4 հազար գյուղ) և 1021 թվականին իր արքունիքով, մերձավորներով ու զորքով (մոտ 70—80 հազար մարդ) գաղթել Սեբաստիայի նահանգ, որը ճանաչվել է Արծրունիների ժառանգական տիրույթը։ Սենեքիմ-Հովհաննեսն այնտեղ իշխել է մագիստրոսի կոչումով, հավանաբար ունենալով կուսակալի իրավունքներ։ Սենեքիմ-Հովհաննեսի իշխանությունը Սեբաստիայում ժառանգել են որդիները՝ Գավիթը, Ատոմը, Աբուսակը։ Նրա դուստր Մարիամը, որը Ափղազաց և Վրաց թագավոր Բագրատ III-ի կինն էր, Մարմաշենի վանքի արձանագրությունում հիշատակված է «Ափղազաց և հայոց թագուհի»։ Սենեքիմ-Հովհաննեսը Վասպուրականում Խուշուշ թագուհու հետ ծավալել է շինարարական մեծ աշխատանք (հատկապես Վարազում և Աղթամարում), հովանավորել գիտությունն ու արվեստը։ Իր կտակի համաձայն՝ թաղվել է Վարազի Սուրբ Նշան վանքում (Սուրբ Գևորգ եկեղեցում գտնվող Սենեքիմ-Հովհաննեսի տապանաքարը ուշ շրջանի կեղծիք է)։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Gérard Dédéyan (éd.)։ Les Arméniens entre Grecs, Musulmans et croisés. Etude sur les pouvoirs arméniens dans le Proche-Orient méditerrannéen (1068—1150), Fundação Calouste Gulbenkian, Lissabon 2003, ISBN 972-8767-14-5, Bd. 2, S. 1524
  2. Rouben Paul Adalian: Historical Dictionary of Armenia The Scarecrow Pres, Lanham, Maryland and Oxford, 2002 ISBN 0-8108-4337-4, S. 22
  3. Robert H. Hewsen: Armenia. A Historical Atlas, The University of Chicago Press, Chicago und London 2001, S. 116
  4. Robert W. Thomson (Hrsg.), Thomas Artsruni, History of the House of the Artsrunik. Detroit, Wayne State University Press 1985, 370
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png