Զաքարյան Հայաստան
|
||||
| Քարտեզ | ||||
| Ընդհանուր տեղեկանք | ||||
| Մայրաքաղաք | Անի | |||
| Լեզու | Հայերեն | |||
| Ազգություն | Հայեր | |||
| Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի | |||
| Իշխանություն | ||||
| Պետական կարգ | Միապետություն | |||
| Դինաստիա | Զաքարյաններ | |||
| Պետության գլուխ | Թագավոր | |||
| Պատմություն | ||||
| - Անին ազատագրվում է | 1200 | |||
| - Գրավվում է Կարա Կոյունլու ցեղերի կողմից | 1360 | |||
Զաքարյան Հայաստան, հայկական թագավորություն Զաքարյանների իշխանատոհմի գլխավորությամբ 1200-1350 թթ-ին:
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմություն
[խմբագրել] Զաքարյանների ծագումը
XII դ․ քայքայվող սելջուկյան տիրակալության դեմ Վրաստանում և Հայաստանում ծավալված հուժկու ազատագրական պայքարը գլխավորել են վրաց Բագրատունիների շուրջ համախմբված Մամիկոնյանների շառավիղները՝ Օրբեթցիները (Օրբեթ բերդի անվանումով) կամ Օրբելյանները և Զաքարյանները։ Վերջիններիս նախնի համարվող Խոսրով Արծրունին XI դ․ 2-րդ կեսին, խուսափելով սելջուկյան նվաճողների բռնություններից, հաստատվել է Գուգարքում և ծառայության մտել Տաշիր-Ձորագետի Բագրատունիների արքունիքում։ Վասալական ծառայության դիմաց Կյուրիկե Ա Բագրատունին Խոսրով Արծրունուն և նրա որդի Զաքարիային շնորհել է Խոժոռնի բերդը և շրջակա հողերը։ Մեծ հեղինակություն ձեռք բերած Զաքարիայի անունով էլ Խոժոռնու Արծրունիների իշխանատունն այնուհետև կոչվել է Զաքարյան։ XI դ․ 2-րդ կեսին Արծրունիների տոհմի մի ուրիշ իշխան՝ Վահրամը, հաստատվել է Գուգարքի Ձորոփոր գավառում և վասալական ծառայության դիմաց նույն Կյուրիկե Ա Բագրատունուց ստացել Մահկանաբերդ և Կայան բերդերը՝ շրջակա հողերով հանդերձ։ 1118-ին, երբ Վրաստանին է միացվել Կյուրիկյանների թագավորության տարածքի զգալի մասը և այն վրաց Բագրատունիները շնորհել են Օրբելյաններին, Զաքարյան-Արծրունի իշխանատները դարձել են Օրբելյանների վասալները։ Վրաց թագավոր Դեմետրե I-ի օրոք (1125-56) Վահրամի որդի Վասակ Արծրունին կարգվել է Տփղիս քաղաքի շահապ (քաղաքագլուխ), որին 1170-ական թթ․ հաջորդել է եղբայրը՝ Ամիր Քուրդ Արծրունին։ Վերջինիս քույր Սահակադուխտն ամուսնացել է Զաքարիայի որդի Սարգիս Մեծի (Սարգիս Զաքարյան) հետ։ Նրանց որդիներն էին Զաքարյան տոհմի նշանավոր ներկայացուցիչներ Զաքարե Բ ու Իվանե Ա։
[խմբագրել] Զաքարյանների հզորացումը
| Հայոց պատմություն | |
| Նախապատմություն Մ.թ.ա. 2492 - մ.թ.ա. 590 |
|
|---|---|
| Հայ ժողովրդի ծագումը | |
| Հայկ նահապետ | |
| Հայասա | |
| Նաիրի | |
| Արարատյան Թագավորություն | |
| Անտիկ ժամանակաշրջան Մ.թ.ա. 591 - մ.թ. 428 |
|
| Երվանդյան Հայաստան | |
| Մեծ Հայք | |
| Քրիստոնեության տարածում | |
| Ծոփքի թագավորություն | |
| Հռոմեական Հայաստան | |
| Արքայական տոհմեր. | |
| Երվանդունիներ | |
| Արտաշեսյաններ | |
| Արշակունիներ | |
| Միջնադար 429 - 1375 |
|
| Մարզպանական շրջան | |
| Բյուզանդական հատված | |
| Արաբական արշավանքներ | |
| Արաբական իշխանություն | |
| Բագրատույնաց թագավորություն | |
| Վասպուրականի թագավորություն | |
| Կիլիկիայի Հայկական Թագավորություն | |
| Զաքարյան Հայաստան | |
| Արքայական տոհմեր. | |
| Բագրատունիներ | |
| Ռուբինյաններ | |
| Հեթումյաններ | |
| Զաքարյաններ | |
| Արծրունիներ | |
| Օտար տիրապետություն 1376 - 1918 |
|
| Պարսկական | |
| Օսմանյան | |
| Ռուսական | |
| Հայկական մարզ | |
| Հայ ազգային շարժում | |
| Համիդյան կոտորածներ | |
| Հայոց Ցեղասպանություն | |
| Ժամանակակից պատմություն 1918 - ներկա |
|
| Հայաստանի Առաջին Հանրապետություն | |
| ՀԽՍՀ | |
| Արցախյան ազատամարտ | |
| Հայաստանի Հանրապետություն | |
| Արցախի Հանրապետություն | |
|
Հայոց պորտալ |
1177-78-ին Գեորգի III թագավորի դեմ ծավալված գահակալ․ կռիվների ժամանակ հայ-վրացական զորքերի ամիրսպասալար Իվանե Օրբելյանը պաշտպանել է իր փեսային՝ գահի հավակնորդ Դեմետրեին։ Սակայն հայկական զորքերի հրամանատար Սարգիս Մեծ Զաքարյանի աջակցությամբ հաղթանակը շահել է Գեորգի III։ Պարտված Օրբելյանների տոհմը սրատվել է, իսկ փրկվածներն ապաստանել են Սյունիքում։
1185-ին Վրաց Թամար թագուհին Սարգիս Մեծին շնորհել է հայ-վրացական զորքերի գերագույն հրամանատարի՝ ամիրսպասալարի պաշտոնը, ինչպես նաև Օրբելյանների նախկին այն տիրույթները, որոնք վրացական աղբյուրներում հիշատակվում են Սոմխեթ (Հայաստան) անվանումով։ Սարգիս Մեծի որդիներ Զաքարեն և Իվանեն գլխավորել են հայկական զորաբանակը, որի մարտիկների թիվը XIII դ․ սկզբին հասել է 40 հզ-ի։ Սարգիս Մեծի մահից (1187) հետո Զաքարեն կարգվել է ամիրսպասալար, իսկ Իվանեն՝ վրաց արքունի մեծ վեզիր։ Ամիր Քուրդ Արծրունին նշանակվել է Քարթլիի և Տփղիսի Էրիսթավների էրիսթավ, ինչպես նաև վրաց արքունի գանձապետ։ Վահրամ Զաքարյանի (Սարգիս Մեծի եղբայրը) ավագ որդի Զաքարեին շնորհվել է Գագ ամրոցը և մերձակա հողերը, իսկ կրտսեր որդի Սարգսին՝ Թմուկ (Թմոգվի) բերդը և շրջակա գավառը։ Հայ-վրացական սերտ համագործակցության արդյունքում ոչ միայն ամրապնդվել և հզորացել է վրաց Բագրատունիների թագավորությունը, այլև սելջուկյան նվաճողներից շուտով ազատագրվել են Հայաստանի հյուսիսային, հյուսիս-արևելյան և կենտրոնական նահանգները։
1195-ին Ատրպատականի աթաբեկության զորքերը ներխուժել են Հայաստան, սակայն Շամքորի մոտ Զաքարյանները գլխովին ջախջախել են և հետ շպրտել թշնամուն։ Զարգացնելով հաջողությունը՝ 1196-1211-ին Զաքարյաններն ազատագրել են Ամբերդը, Անին, Բջնին, Դվինը, Կարսը, Մանազկերտը, Արճեշը, Բագրեվանդ գավառը, Տուրուբերան նահանգի մեծ մասը, Սյունիքը և Վասպուրականի հյուսիս-արևելյան որոշ գավառներ։
[խմբագրել] Անկում
XIII դ․ 1-ին կեսին՝ մոնղոլ-թաթարական հորդաներն արշավել և գրավել են Հայաստանը, որը տրոհվել է նվաճողների նորաստեղծ վարչատարածքային բաժանումների՝ վիլայեթների միջև։ Հարավ-արևմտյան նահանգները ներառվել են Մեծ Հայքի վիլայեթի, իսկ Այրարատը, Սյունիքը, Խաչենը և Գուգարքը՝ Գյուրջիստանի վիլայեթի կազմում։ Զաքարյան իշխանաճյուղերը կառավարիչներ են ճանաչվել իրենց նախկին տիրույթներում, Օրբելյանները՝ Սյունիքում, Հասան-Ջալալյանները՝ Խաչենում ևն։ Մեծ Հայքի վիլայեթում հայկական իշխանությունները մեծամասամբ ոչնչացվեցին, իսկ մի քանի մանր իշխանություններ գոյատևեցին Վասպուրականում (Վան, Ռշտունիք), Աղձնիքում (Սասուն, Սավուր, Իսյան) և Մոկսում։
[խմբագրել] Տարածքը և վարչական բաժանումը
Ազատագրված հայկական հողերի կառավարումն անցել է Զաքարյաններին և նրանց վասալ հայ իշխաններին։ 1212-ին Զաքարյանների տիրույթները Հայաստանում ընդգրկել են Գուգարք, Այրարատ, Սյունիք նահանգները, Տուրուբերանի մեծ մասը, Արցախի, Ուտիքի արևմտյան և Վասպուրականի հյուսիս-արևելյան գավառները։ Իրենց գերիշխանությունը հաստատելով Հայաստանի զգալի մասում՝ Զաքարյանները հռչակվել են հայ Բագրատունիների օրինական իրավահաջորդները և սեփականացրել են նրանց «շահնշահ» տիտղոսը։ Ազատագրված Հայաստանը Զաքարյանները տնօրինել են լիակատար իրավունքներով՝ որպես «սեփական ժառանգութիւն նախնեաց»։ Նրանց իշխանանիստ կենտրոնն էր Անի քաղաքը։ Ազատագրված Հայաստանում գոյատևող մյուս բոլոր իշխանական տոհմերը դարձել են Զաքարյանների ավատառու վասալները։ Վաչուտյաններն իշխել են Արագածոտնի արևելյան մասում և Նիգ գավառում, Պահլավունիները՝ Մարմաշենում, Բագնայրում և Լմբատում, Օրբելյանները՝ Սյունիքում, Խաղբակյանները՝ Վայոց ձորի արևելյան մասում, Դոփյանները՝ Վերին Խաչենում, Սոդքում և Գեղարքունիքի հարավ-արևելյան մասում, Հասան-Ջալալյանները՝ Ներքին Խաչենում, Համազասպյան-Մամիկոնյանները՝ Դսեղում, Արծրունիները՝ Մահկանաբերդում, Կյուրիկյանները՝ Մածնաբերդում, Սևադյանները՝ Ձորագետում ևն։
Զաքարյանների երեք խոշոր իշխանաճյուղերը թեև իրենց տիրույթների ներքին գործերը վարել են ինքնուրույն, սակայն երկրի ընդհանուր կառավարումն իրականացվել է միասնաբար՝ իշխանապետի և «շահնշահի» գլխավորությամբ։
[խմբագրել] Զաքարյան Հայաստանի պատմական դերակատարությունը
Բացարձակ անկախության տարիներին` 1200-1236 թթ-ին Զաքարյան Հայաստանը ծաղկում ապրեց, իսկ մոնղոլական տիրապետության սահմանափակ անկախության տարիներին` 1236-1350-ական թթ-ին, կառավարող Զաքարյանների օգնույթամբ ապահովվեց հայ բնակչության անվտանգությունը:
[խմբագրել] Գրականություն
- Կիրակոս Գանձակեցի, Պատմություն հայոց: Աշխատասիրությամբ Կ.Մելիք-Օհանջանյանի: Երևան, 1961 թ.:
- Լևոն Բաբայան, Հայաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական պատմությունը 13-14-րդ դարերում: Երևան, 1964 թ.:
- Գարեգին Ա Հովսեփյանց, Խաղբակեանք, մաս Ա: Վաղարշապատ, 1928 թ.:
- Բագրատ Ուլուբաբյան, Խաչենի իշխանությունը 10-14-րդ դարերում: Երևան, 1975 թ.:
- Տիգրան Պետրոսյանց, Վաչուտյաններ: Երևան, 2001 թ.:
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանի ց, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |