Ալեքսանդր Երիցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալեքսանդր Դավթի Երիցյան (Հոկտեմբերի 24, 1841, Թիֆլիս - Փետրվարի 21, 1902, Թիֆլիս), հայ պատմաբան։

19-րդ դարի երկրորդ կեսին հայ պատմագրությունը զգալի առաջընթաց ապրեց։ Բուրժուական պատմագրության զարգացումը Եվրոպայում և Ռուսաստանում, 1850-60-ական թվականների հասարակական կյանքի վերելքը, բուրժուական հարաբերությունների մուտքը հայ իրականություն մեծապես նպաստեցին նախորդ շրջանում իշխող կղերա-ֆեոդալական պատմագիտության տիրապետությանը հաղթահարելուն։

Արխիվային վավերագրերի ու փաստսկան նյութերի լայն օգտագործմամբ հայ ժողովրդի նոր շրջանի պատմության ամենաբազմազան հարցերին առաջին անգամ անդրադարձավ Ալեքսանդր Երիցյանը։ Ծավալելով իր գործունեությունը պատմական այդ կարևոր ժամանակաշրջանում, երբ Անդրկովկասի հասարակական-տնտեսական և քաղաքական կյանքում տեղի էին ունենում կարևոր տեղաշարժեր և ձևավորվում էին հայ քաղաքական հոսանքները Երիցյանը չդարձավ այդ հոսանքներից և ոչ մեկի հետևողական ախոյանը կամ գաղափարական պաշտպանը։ Նա հիմնականում միջին դիրք էր գրավում հայ պահպանողականության և լիբերալիզմի միջև։

Կենսագրություն[խմբագրել]

Ալեքսանդր Դավթի Երիցյանը ծնվել է Թիֆլիսում 1841 թվականի հոկտեմբերի 24-ին ցարական աննշան պաշտոնյայի ընտանիքում։ Նրա ծնողները Սանահին գյուղից էին։ Սկզբնական կրթությունը ստացել Է Ներսիսյան դպրոցում 1851 թվականից, բայց շուտով թողնում է այն, 1854 թվականին Երեսփոխյանի պանսիոնում որոշ ժամանակ սովորելուց հետո մտնում Է Թիֆլիսի գիմնազիա, որից ստիպված է լինում դուրս գալ վեցերորդ դասարանից՝ բրոնխիտ հիվանդության պատճառով։ Թեև Երիցյանը համալսարանական կրթություն չի ստանում, բայց զբաղվելով ինքնակրթությամբ դառնում Է իր դարի զարգացած մարդկանցից մեկը։ Գիմնազիան թողնելով և կյանքի ասպարեզ մտնելով՝ նա ընտրում է սկզբում պետական ծառայությունը, միարժամանակ զբաղվելով գրականությամբ։ Սկզբում՝ մոտ հինգ տարի, ծառայում Է Կովկասի փոխարքայության պալատում, ապա նահանգական կառավարչական դիվանատանը, այնուհետև՝ գլխավոր վարչությունում և այլն։ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Երիցյանը նշանակվում Է Լոռիս-Մելիքովի և Շելկովնիկովի մոտ, որպես առանձին հանձնարարությունների պաշտոնյա։ Պատերազմից հետո 80-ական թվականներին նա աշխատանքի է անցնում պետական կալվածքների մինիստրությունում։ Այստեղ աշխատելով նա մասնակցում է «Տիխեևի ծրագրած՝ Անդրկովկասի պետական գիւղերի ստորագրութեան ընդարձակ գործում, հետազոտելով Ղազախի գավառը»։

Ալեքսանդր Երիցյանը հնագետ[խմբագրել]

1880 թ. Թիֆլիսի Ռուսական հնագիտական արշավախումբ Ա. Դ. Երցյանի ու Ա. Ս. Ուվարովի գլխավությամբ նախաձեռնեցին հայոց Արմավիր մայրաքաղաքի հետախուզական պեղումները /չի բացառվում՝ Երիցյանի նախաձեռնությամբ/: Սակայն, ինչպես ձեռք բերած, այնպես էլ Արմավիրում պեղած հնագիտական նյութերը /պեղվել են <Արմավիրի թագավորական չորսը դամբարանադաշտեր/դամբարանադաշտերը այժմ մնացել են Արմավիրի բլրի շրջակա գյուղերի գերեզմանների և այգիների տակ/, Երվանդ Վերջին հայոց արքայի դամբարանը /Ջրաշեն գյուղի Աղվեսասարի վրա//գտել են կմախք, զենքերի մնացորդներ, կերամիկա, մահարձանի հունարեն սեպագիրը//, զննել են միջնաբերդի և տաճարի ավերակները, դրանց շրջակայքը, կազմել են տեղանքի հնագիտական քարտեզ, սակայն Ա. Ս. Ուվարովը առաջադրեց, որ <իրենք չեն գտնվում Խորենացու ներկայացրած Արմավիր մայրաքաղաքը>, որ իրենց պեղածը մ.թ.ա. 4-րդ դարի ինչ-որ բերդի ավերակներ են: Ավաղ, պարսիկ խաները Սարդարաբադի բերդը 18-րդ դարում կառուցելու նպատակով, այնպես էին ավերել հայոց հայոց Արմավիր մայրաքաղաքը /դարձրել էին պատրաստի քարի ՔԱՐՀԱՆՔ/, որ Ա. Երիցյանը և ռուսական հնագիտության հայր Ուվարովը չըմբռնեցին, որ իրենք կանգնած էին Արմավիր մայրաքաղաքի բլրի բարձրունքում, և ականատեսն էին միջնաբերդի դեռ չավիրած պատերին /մոտ 100 ոտնաչափ/» /Նույն տեղը Բ. Առաքելյանի գլխավորած հնագիտական արշավախումբը 1962 թվականից սկսեց հայոց Արմավիր մայրաքաղաքի պեղումները/:

1888 թ. ստիպված թողնում է ծառայությունը, քանի որ պետական գործերով հաճախակի կատարած գործուղումները քայքայել էին նրա առանց այդ էլ թույլ առողջությունը։ Կյանքի վերջին 14-15 տարիները Երիցյանը անցկացրեց տանը, ամբողջապես նվիրվելով գիտությանը։

Ստեփան Մալխասյանցը 1902 թ. «Մշակ» պարբերականում անրադառնալով Երիցյանին, նրա գրական գործունեությունը բաժանում է երկու շրջանի. առաջինը 1870-1890 թվականները, երբ նրա «գործունէութիւնը այնքան նշանաւոր չէ քանակութեամբ ու որակութեամբ», և երկրորդ շրջանը 90-ական թվականներին, երբ «շատանում է գրուածքների թիւը և մեծանում է նրանց ներքին գիտնական արժէքը»։ Առաջին շրջանում Երիցյանը հանդես է գալիս պարբերական հրատարակություններում մեծ քանակությամբ հայերեն և ռուսերեն լեզուներով գրված ընդարձակ ու համառոտ հոդվածներով, այն ինչ վերջին շրջանում տպագրում է առանձին մենագրություններ և ընդարձակ գործեր։ Ստեփան Մալխասյանցը այս երևույթը բացատրում է նրանով, որ առաջին շրջանում դեռ ծանոթանում էր նյութերի հետ և ուսումնասիրում, միարժամանակ աշխատելով տարբեր հիմնարկություններում ապրուստի միջոցներ էր վաստակում, որը բնականաբար խլում էր նրա ժամանակը և ուշադրությունը։

Վախճան[խմբագրել]

Նա վախճանվել է Թիֆլիսում 1902 թվականի փետրվարի 21-ին, 61 տարեկանում, երկարատև հիվանդությունից հետո (սրտի արատ, թոքերի խրոնիկական բորբոքում)։ Երիցյանը ուներ մեկ որդի, որը այդ ժամանակ սովորում էր Սանկտ Պետերբուրգի գեղարվեստական ճեմարանում։ Փետրվարի 24-ին տեղի է ունեցել Ալ. Երիցյանի թաղման արարողությունը, ինչպես տեղեկացնում է «Մշակ»-ի 1902 թ. փետրվարի 26-ի համարը «Մեծ բազմութիւն հաւաքվել էր Վանքի եկեղեցում և գաւթում՝ հանգուցեալի գրական և անձնական յարգողներից և բարեկամներից։ Ներկա էին բոլոր պարբերական հրատարակությունների խմբագիրները կամ ներկայացուցիչները։ Օտարական հուղարկաւորողների մէջ մենք նկատեցինք Սուլթան Կրիմ-Գիրէյին, գեներալ Պօտտօին, Վեյդենբաումին. վրաց գիտնական Կիւրոն եպիսկոպոսը, որ հոգեհանգստին էլ ներկա էր շաբաթ երեկոյ՝ եկել էր նաև եկեղեցի, որին պատուով ընդունեցին և դասը հրաւիրեցին կանգնելու։ Պատարագի ժամանակ եկաւ և Վեհափառ Կաթողիկոսը, որ բանախոսություն անելով Ալ. Երիցյանի հիշատակին՝ մատնանիշ եղավ հայ գրագետների անապահով նիւթական դրության վրա»։ Համառոտ խոսքով հանդես է եկել նաև հանգուցյալին հարգանքի տուրքը մատուցելու եկած՝ վրացի հնագետ-պատմաբան Ջանաշվիլին։ Թաղումը տեղի է ունեցել Խոջիվանքի գերեզմանատանը՝ Րաֆֆու և Ծերենցի շիրիմներից ոչ հեռու։