Վանաձորի կերպարվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանաձորի կերպարվեստի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունՎանաձոր
ՀասցեՏիգրան Մեծի 52
Հիմնադրվել էհունիսի 8, 1974
ՏնօրենՀայկուհի Ավագյան
Կայքvanart.org(հայ.)
Քարտեզ
Քարտեզ

Վանաձորի կերպարվեստի թանգարան (ամբողջական անվանումը՝ «Վանաձորի քաղաքային համայնքի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան»), հայ կերպարվեստը ներկայացնող թանգարան, որը գտնվում է Վանաձոր քաղաքի[1] Տիգրան Մեծ պողոտայի 52 հասցեում՝ Թումանյան հրապարակում։ Եռահարկ շենքի շուրջ 1500 քմ տարածքում պահպանվում և ցուցադրվում են շուրջ 1800 թանգարանային առարկաներ՝ գեղանկար, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստ, գրաֆիկա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանաձորի կերպարվեստի թանգարանը հիմնադրվել է 1974 թվականի հունիսի 8-ին՝ որպես Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ։ 1979 թվականին թանգարանը վերակազմավորվել է՝ դառնալով կերպարվեստի թանգարան իր հավաքածուով։ Կերպարվեստի թանգարանը Լոռու մարզի կարևոր մշակութային օջախներից է։

Թանգարանի ֆոնդերը ներառում են շուրջ 1800 թանգարանային նմուշներ՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստ։ Այստեղ ներկայացվում է թե՛ դասական, թե՛ ժամանակակից հայ կերպարվեստը։ Ներկայացված էքսպոզիցիան հնարավորություն է տալիս միաժամանակ ծանոթանալու կերպարվեստի համաժամանակյա մի քանի շերտերի։

Թանգարանում առանձնացված են թեմատիկ մի քանի սրահներ, որոնք միմյանց տրամաբանական շարունակությունն են կազմում։ Միմյանց կողքի ցուցադրվում են ինչպես ավագ, այնպես էլ երիտասարդ ստեղծագործողների աշխատանքներ, որը խոսում է ժամանակակից կերպարվեստի հասուն մտածողության ու զարգացման մասին։

Քանդակը և գրաֆիկան ցուցադրվում են առանձին հարկաբաժնում։ Սրահն աչքի է ընկնում հետաքրքիր դիմանկարներով ու դիմաքանդակներով։ Իր հետաքրքրությամբ աչքի է ընկնում նաև վանաձորցի նկարիչների առանձին ցուցասրահը։ Ցուցադրվող շուրջ 30 աշխատանքները ներկայացնում են Լոռու բնաշխարհի ուրույն դեմքն ու դիմագիծը։ Թանգարանի ֆոնդային հավաքածուն վերջին 10 տարիների ընթացքում բավականին համալրվել է արժեքավոր ստեղծագործություններով, հիմնականում նվիրատվությունների տեսքով։ Ֆոնդային բոլոր ցուցանմուշներն ու աշխատանքները թվայնացված են։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն ակտիվ գործունեություն է իրականացնում ինչպես գիտական-ցուցադրական, այնպես էլ կրթական ոլորտում։ Կազմակերպվում են Վանաձորի նկարիչների, հանրապետությունում ու նրանից դուրս ճանաչում գտած շատ ու շատ այլ արվեստագետների անհատական ու խմբային ցուցահանդեսներ, տարաբնույթ այլ միջոցառումներ՝ ցուցադրություններ, գրքի շնորհանդեսներ, մոնոներկայացումներ, համերգներ և այլն։ Մասնակցություն է ունենում հանրապետական, համաքաղաքային ու միջազգային միջոցառումներին։ Իրականացվող գիտական աշխատանքի արդյունքում թանգարանում առկա է հոդվածների, թարգմանությունների, ֆիլմերի հարուստ արխիվային նյութ, որը հասանելի է բոլոր այցելուներին։

Թանգարանում իրականացվում են եռալեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով անվճար էքսկուրսիաներ՝ մարզի դպրոցականների, ինչպես նաև ուսանողության շրջանում մշակութային անհրաժեշտ մակարդակ ապահովելու նպատակով։ Թանգարանում գործում են՝ գիտական, ֆոնդային – հաշվառման ու պահպանության բաժիններ, վերականգնման արվեստանոց, հուշանվերների տաղավար, կինոդահլիճ, գրադարան։ Թանգարանն իրականացնում է լուրջ առաքելություն. պահպանում և անխաթար սերունդներին է փոխանցում մշակութային արժեքները, նպաստում է սերունդների գեղագիտական դաստիարակությանը, հասարակության հոգևոր զարգացմանը, իրականացնում է գիտալուսավորչական ու գիտակրթական գործունեություն։

Հայաստանում տարբեր երկրների դեսպանատների, հասարակական կազմակերպությունների և այլ կառուցների հետ համագործակցության արդյունքում թանգարանում իրականացվում են նաև տարաբնույթ միջոցառումներ։ Վերջին 10 տարիների ընթացքում թանգարանում կազմակերպվել են 85 միջոցառումներ՝ խմբային և անհատական ցուցահանդեսներ, մոնոներկայացումներ, համերգներ, տարբեր դարաշրջանների հայկական դրամների նմուշների, Ջիզ Բենդի վերմակների, հակակոռուպցիոն պլակատի ցուցադրություններ, գրքերի շնորհանդեսներ և այլն։ Համագործակցություն է հաստատվել Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հետ, և թանգարանի սրահներում մոնոներկայացումներ կազմակերպելը դարձել է ավանդույթ։

Թանգարանում բացվում են հանրապետությունում ու նրանից դուրս ճանաչում գտած արվեստագետների անհատական ու խմբային ցուցահանդեսներ։ Ամեն տարի գարնանև և աշնանը բացվում է ավանդույթ դարձած «Վանաձորյան ներկապնակ» խորագրով ցուցահանդեսը, որտեղ արվեստասեր հասարակության ուշադրությանն են ներկայացվում լոռեցի կերպարվեստագետների աշխատանքները։

Թանգարանում կատարվող աշխատանքները գրավել են միջազգային տարբեր կազմակերպությունների ուշադրությունը։ Որպես հանրապետության լավագույն թանգարաններից մեկը՝ Վանաձորի կերպարվեստի թանգարանը երեք անգամ հրավեր է ստացել Թբիլիսիում, Սանկտ Պետերբուրգում և Յասնայա Պոլյանայում մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած միջազգային սեմինար-դասախոսությանը։

Թանգարանի հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանաձորի կերպարվեստի թանգարանն ակտիվ գործունեություն է ծավալում համապետական ու միջազգային միջոցառումներում։ Թանգարանի հավաքածուն ներկայացնում է առավելապես 20-րդ դարակեսի հայկական կերպարվեստը։ Այստեղ ներկայացվում են այնպիսի նշանավոր արվեստագետների ստեղծագործություններ, ինչպիսիք են Երվանդ Քոչարը, Մհեր Աբեղյանը, Արա Բեքարյանը, Արմինե Կալենցը, Ռուդոլֆ Խաչատրյանը։ Առանձին գնումների ու առավելապես նվիրատվությունների շնորհիվ թանգարանի ֆոնդը հարստանում է նաև ժամանակակից կերպարվեստի ստեղծագործություններով։

Վանաձորի կերպարվեստի թանգարանն ակտիվորեն մասնակցում է միջազգային ակցիաների՝ «Թանգարանների գիշեր», «Եվրոպական ժառանգության օրեր», «Եվրոպայի օրեր», կազմակերպում է կրթական ծրագրեր, որոնք իրենց հետաքրքրությամբ ու առաջարկվող նյութերով ապահովում են մասնակիցների լայն լսարան՝ առանց տարիքային սահմանափակումների՝ «Պատանի արվեստաբան», «Իմ քաղաքը», «Երեխաները հանուն երեխաների», «Լաբիրինթոս», «Էլեկտրոնային ցուցադրություն հենաշարժողական համակարգի խնդիրներով այցելուների համար» և այլն։

Թանգարանում իրականացվում են գիտական աշխատանքներ (լուսաբանող-վերլուծական հոդվածներ, ֆոնդերի գիտավերլուծական աշխատանք, ֆոնդերի գլխավոր գրանցամատյանի ճշգրտում, նոր գրանցամատյանի ստեղծում, հայ և համաշխարհային կերպարվեստի պատմությանը, հանրահռչակ նկարիչների կյանքին և գործունեությանը նվիրված սեմինարների անցկացում, կերպարվեստին նվիրված նյութերի թարգմանություններ, փաստավավերագրական ֆիլմերի ստեղծում)։

Վանաձորի կերպարվեստի թանգարանը համագործակցում է Վանաձորի պետական համալսարանի հետ. «Մշակութաբանություն» բաժնի ուսանողների գործնական պարապմունքներն անցկացվում են այստեղ՝ գիտաշխատողների մշակած հատուկ ուսումնական ծրագրով։ Կոլեկտիվը համագործակցում է նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի հետ. «Գեղագիտություն» և «Արտասահմանյան գրականություն» առարկաների որոշակի դասեր և գործնական պարապմունքներ, ինչպես նաև «Արվեստի պատմություն» առարկայի ավարտական քննություններն անցկացվում են թանգարանում։

Կերպարվեստի թանգարանն ունի բարեկամների մեծ շրջանակ, որը գնալով ընդլայնվում է՝ Սանկտ Պետերբուրգ, Սան Ֆրանցիսկո, Լոս Անջելես, Գլենդել, Չիկագո։ Թանգարանի բարեկամների աջակցությամբ վերանորոգվել է սեմինար-դասընթացների հատուկ լսարանը, ձեռք է բերվել թվային տեսախցիկ. որը հնարավորություն է ընձեռել վավերացնելու կազմակերպվող յուրաքանչյուր միջոցառում, պատրաստվել է եռալեզու բուկլետ-ուղեցույց, ստեղծվել է թանգարանի վեբ-կայքը։

Թանգարանը բարեկամության շրջանակներում ոչ միայն օգնություն է ստանում, այլև ինքն է հնարավորությունների սահմաններում օգնում քաղաքի առանձին կազմակերպությունների՝ նրանց համար իրականացնելով տպագրական աշխատանքներ, պատրաստելով թեմատիկ վահանակներ ու ալբոմներ։

Վանաձորի կերպարվեստի թանգարանի ստեղծման ու կայացմնա գործում մեծ ավանդ են ներդրել Մարատ Մինասյանը և Վիլեն Գաբազյանը։ 2001 թվականից նրանց գործն արժանապատվորեն շարունակում է գեղանկարիչ Փափագ Ալոյանը։

Թանգարանի գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպարվեստի թանգարանն իրականացնում է մշակութային գործունեություն մշակութային արժեքների և առարկաների պահպանություն, տարածում և հանրահռչակում մշակութային ծառայությունների մատուցում։

Թանգարանում իրականացվում են՝

  • մշակութային ժառանգության պահպանություն, օգտագործում, հանրայնացում
  • թանգարանային առարկաների գիտական մշակում, հետազոտում և ուսումնասիրություն, հրապարակում և թվայնացում
  • մշակութային, կրթական, ճանաչողական, ժամանցային ծրագրերի կազմակերպում
  • մշակութային առարկաների, միջոցառումների, իրողությունների գիտական վերլուծություններ
  • թանգարանի գործունեության հրապարակում։

Թանգարանում գործում է դասընթացների, սեմինարների համար հատուկ կահավորանքով լսարան, իսկ մեծ սրահում տեղակայված է բաց դասերի ու լսումների լսարանը։ Երրորդ հարկում առանձին սենյակներով առանձնացված են թանգարանի աշխատասենյակները՝ գիտական, գիտալուսավորական ընդունարան, ֆոնդային տնօրինություն։ Ֆոյեում առանձնացված է տոմսարկղը, հուշանվերների խանութ-տաղավարը։ Թանգարանը մեծ դրակատարում ունի ոչ միայն քաղաքի մշակութային կյանքում։ Դեռևս հիմնադրման թվականից թանգարանն ակտիվ գործունեություն է ծավալել ինչպես գիտալուսավորական, այնպես էլ մշակութային ու կրթական բնագավառներում՝ սպասարկելով տարեկան ավելի քան 3500 այցելուի։ Թանգարանում բացվում են հանրապետությունում ու նրանից դուրս ճանաչում գտած շատ ու շատ արվեստագետների անհատական ու խմբային ցուցահանդեսներ։ Ամեն տարի իրականացվում է «Երեխաները հանուն երեխաների» բարեգործական-ուսուցողական միջոցառումը՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Համագործակցելով Հայաստանում տարբեր երկրների դեսպանատների, հասարակական կազմակերպությունների և այլ կառույցների հետ՝ թանգարանում իրականացվում են նաև տարաբնույթ այլ միջոցառումներ՝ ցուցադրություններ, գրքի շնորհանդեսներ, ներկայացումներ, համերգներ և այլն։ Ուշագրավ էին «Թռչնաձուկ» մոնոներկայացումը 2005 թվականին, «Փարոս» երգչախմբի համերգը 2006 թվականին, Վանաձորի «Երգի թատրոնի» անակնկալ համերգը 2014 թվականին՝ նվիրված թանգարանի հիմնադրման 40-ամյա հոբելյանին։ Իրականացվող գիտական աշխատանքի արդյունքում թանգարանում առկա է հոդվածների, թարգմանությունների, ֆիլմերի հարուստ արխիվային նյութ։

Թանգարանի կատարած աշխատանքը գտնվում է շահագրգիռ կազմակերպությունների, անհատների ուշադրության կենտրոնում, որի արդյունքում, թանգարանը երեք անգամ մասնակցել է Մարզային մշակութային էքսպոների՝ Գյումրիում և Վանաձորում, և 2013 թվականին արժանացել է «Լավագույն թանգարան» անվանակարգին՝ պարգևատրվելով ՀՀ Մշակույթի նախարարի Պատվոգրով և դրամական խրախուսանքով։ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի Վանաձորի մասնաճյուղի և «Լոռի տուր» կազմակերպության հետ համագործակցությամբ 2011 թվականից կազմակերպվում է «Լոռի տուր-էքսպո» ցուցադրությունը, որի նպատակը տարածաշրջանում տուրիզմի զարգացումը խթանելն է։

2014 թվականի հոկտեմբերի 3-ին մեծ շուքով նշվեց Վանաձորի կերպարվեստի թանգարանի հիմնադրման 40-ամյա հոբելյանը։ Կազմակերպված հանրապետական ցուցահանդեսին իրենց մասնակցությունը բերեցին լոռեցի 40 և հանրապետության մյուս մարզերից 40 կերպարվեստագետներ։ Հոբելյանի շրջանակում թանգարանի բարերարներ Ռոջեր Ստրաուխ և Ջուլի Կուլհանջյան ամուսինների և «Փարոս» հիմնադրամի աջակցությամբ տպագրվեց թանգարանի 40-ամյա մշակութային գործունեությունը ներկայացնող արժեքավոր պատկերագիրքը, որտեղ առանձին ներկայացված են գեղանկարի, գրաֆիկայի, քանդակի, դեկորատիվ արվեստի ու նվիրատվությունների բաժինները, թանգարանի համառոտ պատմությունն ու գործունեության ընդհանուր բնութագիրը, պատմական լուսանկարներ։

Թանգարանի տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գուգարաց աշխարհ խքնաղ Լոռի, Վանաձոր, Ասողիկ, 2017, Գիրք չորրորդ, 360 էջ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանը 45 տարեկան է». vanadzor.am. 06,07,2019. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]