Կարո Հալաբյան
| Կարո Հալաբյան | |
|---|---|
ճարտարապետ |
|
| ԱԱՀ՝ | Կարո Հալաբյան |
| Ծննդյան օր՝ | հուլիսի 26, 1897 |
| Ծննդավայր՝ | Գանձակ (Ռուսական կայսրություն) |
| Վախճանի օր՝ | հունվարի 5, 1959 |
| Վախճանի վայր՝ | Մոսկվա (Ռուսաստան) |
Կարո Հալաբյան (1897, հուլիսի 26, Գանձակ – 1959, հունվարի 5 Մոսկվա), հայ խորհրդային ճարտարապետ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940)։
Կենսագրություն [խմբագրել]
1917–ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1929–ին Մոսկվայի բարձրագույն գեղարվեստա–տեխնիկական ինստիտուտը։ 1929-31–ին գլխավորել է «Պետնախագիծ» ինստիտուտը՝ Խորհրդային Հայաստանի առաջին նախագծային հաստատությունը, Մ.Մազմանյանի և Գ.Քոչարի հետ նախագծել բնակելի, վարչական, կուլտուր–լուսավորչական շենքեր։ Հալաբյանի վաղ շրջանի գործերը կատարված են կոնստրուկտիվիզմի ոգով և արտահայտիչ ծավալատարածական հորինվածքով։ Դրանցում նշմարելի է նորարական միտումների և դասական ճարտարապետական ընդհանուր սկզբունքների ներդաշնակ միասնությունը, որն արտահայտվել է ուշ շրջանի լավագույն աշխատանքներում։
1932-ից Հալաբյանի ստեղծագործական, գիտական և հասարակական գործունեությունը ծավալվել է Մոսկվայում։ Հայրենական պատերազմի տարիներին Հալաբյանը ճարտարապետական ակադեմիայի ղեկավար աշխատանքը համատեղել է կարևորագույն արդյունաբերական և պաշտպանական կառույցների քողարկման նախագծման հետ՝ գլխավորելով ակադեմիային առընթեր հատուկ արվեստանոցը։ 1943-ին նրա ղեկավարմամբ սկսվել է Վոլգոգրադի վերակառուցման նախագծի մշակումը։ 1936-ին ընտրվել է ճարտարապետների Բրիտանական թագավորական ինստիտուտի պատվավոր թղթակից անդամ։ Պարգևատրվել է 2 շքանշաններով։
Ստեղծագործություններ [խմբագրել]
Նախագծել է Սովետական բանակի թատրոնի շենքը Մոսկվայում (1940), Սոչիի ծովային կայարանը (1950), Մոսկվայի Խիմկի–Խովչինո խոշոր բնակելի զանգվածը (1962), Հայկական ԽՍՀ ԳԱ շենքը (1946)։ Ստեղծել է Կ. Մարքսի, Ս. Շահումյանի, Կամոյի դիմաքանդակները։