Սոճի կովկասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոճի կովկասյան
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Մերկասերմեր
Կարգ Ասեղնատերևավորներ
Ընտանիք Սոճազգիներ
Ցեղ Սոճի
Տեսակ Սոճի կովկասյան
Լատիներեն անվանում
Pinus hamata


Սոճի կովկասյան (լատին․՝ Pinus hamata), սոճազգիներ ընտանիքի, սոճի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառ է՝ 20-35 մ բարձրությամբ, կլորավուն կամ բրգաձև։ Կեղևը կարմրադեղնավուն է, որը անջատվում է բարակ շերտիկներով։ Ճյուղերը ծածկված են հարթ, մոխրագույն կեղևով։ Փշատերևները ուղիղ են կամ թեթևակի ալիքավոր, սրածայր, կապտականաչ, 2—7 սմ երկարությամբ, կոշտ։ Կոները ձվաձև են կամ օվալաձև, փայլուն, մոխրագորշավուն, 2,5—5,5 սմ երկարությամբ, 2—4 սմ լայնությամբ, ասիմետրիկ, դեպի ցած թեքված, մեկական կամ 2—4-ական հատ։ Վահանիկը ռոմբաձև է, կնճռոտ, կոնի արտաքին մասում հարթ է կամ բրգաձև, կեռիկանման թեքված դեպի կոնի հիմքը։ Սերմերը մանր են՝ 5 մմ երկարությամբ, 14 մմ-անոց թևիկով։ Ծաղկում է մարտին, պտղաբերում է հուլիս-օգոստոսին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կովկասում հանդիպող բոլոր սոճիներից կովկասյանը ամենաընդարձակ արեալը ունի։ Հյուսիսային Կովկասում ընդհատումներով է հանդիպում։ Նրա տարածման արևմտյան սահմանը համարվում է Անապայի շրջակայքի լեռները։ Արևելքում հանդիպում է Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայի լեռնազանգվածներում, տարածման արևելյան սահմանը համարվում է Ադրբեջանական Հանրապետություն-ում գտնվող Բուսարչայ գետը։ Մեծ Կովկասի հյուսիսային լանջերին կովկասյան սոճու տարածման արևմտյան սահմանը կարելի է համարել Նավագիր լեռնաշղթայի կիրճը, որը գտնվում է Նովորոսիյսկից դեպի արևմուտք։ Փոքր Կովկասի լեռնազանգվածում հանդիպում է Աջարիսցկալի գետի ավազանում, ավելի հեռու՝ Աջարա-Իմերեթյան լեռնաշղթայի հյուսիսային լանջերում, Սուպսա, Նաթանեբի, Խանիսցկալի, Սակիրեոլլա, Չխերիմելա գետերի ավազաններում։ Այդ լեռնաշղթայի հարավային լանջերին հանդիպում են Աբասթումանի, Պոցխովի, Կոբլիանի, Ցինուբանի, Կվաբիսխևի գետերի ավազաններում։ Թրիալեթի լեռնաշղթայի հյուսիսային լանջերին հանդիպում է Բուռ գետի և նրա վտակների կիրճերում։ Այդ լեռնաշղթայի հարավային լանջերին տարածված է Չոբարեթյան բարձրավանդակում, Ալգետի, խրամի ավազաններում, ավելի հարավ՝ Հայաստանի Լոռիի և Բզովդալի լեռներում՝ Փամբակ, Աղստև, Ձեգամի, Շամխոր գետերի ավազաններում։ Կովկասյան սոճու տարածման արևելյան սահմանը պետք է համարել Բևիազ լեռան լանջերը Գյեկ-Գյոլ լճի մոտակայքում։ Նշված վայրերում կովկասյան սոճին հանդիպում է խոշոր զանգվածներով և փոքր պուրակների ձևով, նույնիսկ առանձին ծառերով։

Կովկասում այս ծառատեսակը խոշոր զանգվածներ է կազմում միայն ցամաքային կլիմա ունեցող շրջաններում, Կովկասի հյուսիսային լանջերին, Ավարական Կոյսու գետի վերին հոսանքներում, ինչպես նաև Արշուն, Բակսան, Կուբան, Տեբերդա, ՋելԵսչուց գետերի ավազաններում։ Անդրկովկասում այդպիսի զանգվածներ են հանդիպում Մսխեթ-Ջավախեթիայում, Տանա գետի ավազանում։ Կովկասյան սոճու տարածման արեալը համապատասխանում է չորրորդական ժամանակաշրջանի ամենամեծ սառցապատման սահմաններին։ Ինչպես կովկասյան սոճու տարածման արևելյան սահմանը, այնպես էլ դրա բացակայությունը՝ Բալիշում Լեռնային Դարաբաղում, կապված է Կովկասի սառցադաշտերի տարածման բնույթից։ Այս ծառատեսակի ուղղաձիգ տարածվածությունը Նույնպես բավականին ընդարձակ է։ Ճան դիպում է կաղնու և շագանակենու անտառների տարածման գոտում, հաճարենու անտառների գոտում։

Հատկապես լեռների հարավային լանջերին հասնում է անտառների տարածման ալպիական սահմաններին, ծովի մակերևույթից 2500-2600 մ բարձրության վրա (Ավարական Կոյսուգետի վերին հոսանքներում, Լեռնային Տուշեթիայում և էլբրուսի բարձունքներում՝ Բակսան գետի վերին հոսանքներում)։ Տարածման ներքին սահմանը Արևմտյան Հարավային Կովկասում հասնում է ծովի մակերևույթից մինչև 500 մ բարձրության (Մայակովսկու շրջան), 300 մ (Շարգայա) և Աջարիայում նույնիսկ հանդիպում է 200 մ բարձրության վրա։ Արևելյան Անդրկովկասում աճում է մինչև լուսավոր անտառների գոտին՝ ծովի մակերևույթից մինչև 600 մ բարձրության վրա, Գլխավոր Կովկասյան լեռների հյուսիսային լանջերին մինչև 800 մ բարձրության վրա (Տեբերդա, Կուբան, Բակսան, Բերեք և այլ գետերի ավազաններում)։ Կովկասյան սոճին լուսասեր ծառատեսակ է։ Ջերմության նկատմամբ պահանջկոտ չէ, որի մասին վկայում է նրա ուղղաձիգ լայն տարածվածությունը։ Դեռ ավելին, ցրտադիմացկուն տեսակ է, հասնում է մինչև ծառաթւիային բուսականության տարածվածության վերին ալպիական սահմանին։ Դեպի ներքև այն տարածված է մինչև կաղնու անտառների Ներքին սահմանը։ Լուսավոր անտառների գոտում բացակայում է, քանի որ նրա տարածմանը խանգարում են ամառային բարձր ջերմաստիճանը, անբավարար քանակությամբ սառնամանիքային օրերը և խոնավության մեծ պակասությունը։ Ծիլերը չեն տուժում աշնանային և գարնանային ցրտահարություններից, սակայն ոչնչանում են արմատավզիկի այրվածքներից, հատկապես հարավային թեքության բաց, արևոտ լանջերում (կաղնու անտառների գոտում) և հաճարենու անտառների ներքին մասերում։ Կովկասյան սոճին քսերոֆիլծառատեսակ է։ Դրա հետ միասին լավ է տանում հողերի գերխոնավացումը և աճում է Նույնիսկ սֆագնային ճահիճներում (Սակոչավի-Բրիալեթյան լեռներ)։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ և հաճախ աճում է թույլ զարգացած քարքարոտ, ինչպես նաև կրով հարուստ և թեթև աղակալած հողերում։

Զարգացնում է խոր գնացող, հզոր արմատային համակարգ, որի շնորհիվ հողմադիմացկուն է նույնիսկ մեծ թեքություն, սակավ հզորություն ունեցող հողերում։ Քամիներից տապալվում է միայն անդեզիտների, բազալտների վրա առաջացած փոքր հզորության հողերում, որտեղ սոճու արմատները խոր թափանցել չեն կարող։ Կովկասյան սոճու մաքուր տնկարկները հաճախ վնասվում են ձյունատեղումներից։ Բազմանում է միայն սերմերով։ Ազատ պայմաններում աճող առանձին ծառերի պտղաբերումը սկսվում է 10-12, իսկ խիտ տնկարկներում՝ 15-20 տարեկան հասակից։ Սերմնային տարիների հաճախությունը կազմում է կաղնու և հաճարենու անտառներում 3-4, իսկ վերին գոտում՝ 5-6 տարի։ Ապրում է մինչև 400 տարի։ Կազմում է նաև խառն անտառներ վրացական և արևելյան կաղնու, եղևնու, ինչաես նաև կեչու հետ։ Խոր, հզոր հողային ծածկոցով ոչ թեք լանջերում առաջացնուս է միատարր, խիտ, նույնահասակ տնկարկներ, մեծ թեքության լանջերում, թույլ զարգացած հողերում՝ տարահասակ, կիսախիտ, ցածր լրիվության տնկարկներ։ Լավ վերաճ է տալիս անտառի ծածկոցի տակ՝ 0,4 խտության դեպքում։ Ավելի խիտ տնկարկներում ծիլերը արագորեն ոչնչանում են, իսկ ավելի փոքր խտության դեպքում ոչնչանում են խոտաբույսերի մրցակցությանը չդիմանալով։ Նույնը պետք է ասել նաև բաց տարածությունների մասին։

Կովկասյան սոճին հզոր հողերում աչքի է ընկնում ինտենսիվ աճով, 70-80 տարեկան հասակում հասնելով 25 մ բարձրության։ 100 տարեկան հասակում 1 հա-ի արտադրողականությունը կազմում է 400-500 մ3։ Ի տարբերություն սովորական սոճու, կովկասյան սոճին 60 տարեկանից սկսած տուժում է միջուկային փտախտից։ Առողջ ծառաբույսերը տալիս են արժեքավոր բնափայտ, որից ստանում են հրաշալի շինանյութ։ Օգտագործվում է կահույքի և ատաղձագործական նպատակներով։ Բնափայտից ստացվում է սկիպիդար, կանիֆոլ և խեժ։ Երևանում խիստ տուժում է ընձյուղակերից։ Լայնորեն է օգտագործվում անտառապատման և կանաչապատման բնագավառում։

Մաքուր տնկարկներով հանդիպում է Դաղստանում, Լեռնային Տուշեթիայում, ինչպես նաև Բակսան, Մալքի, Կուբան, Տեբերդա գետերի ավազաններում, Մցխեթ-Ջավախքում, Թան գետի ավազանում, Բզովդալի լեռներում և այլ կոնտինենտալ շրջաններում։ Տարածման ներքին սահմանը Արևմտյան Անդրկովկասում հասնում է ծովի մակերևույթից մինչև 500 մ բարձրության (Մայակովսկու շրջան), 300 մ (Շարգայա) և Աջարիայում նույնիսկ հանդիպում է 200 մ բարձրության վրա։

Արևելյան Հարավային Կովկասում աճում է մինչև լուսավոր անտառների գոտին՝ ծովի մակերևույթից մինչև 600 մ բարձրության վրա, Գլխավոր Կովկասյան լեռների հյուսիսային լանջերին մինչև 800 մ բարձրության վրա (Տեբերդա, Կուբան, Բակսան, Բերեք և այլ գետերի ավազաններում)։ Կովկասյան սոճին լուսասեր ծառատեսակ է։ Նրա տարածման արևելյան սահմանը ինչպես Գլխավոր Կովկասում, այնպես էլ Փոքր Կովկասում չի հասնում անտառային բուսականության տարածման սահմանին, չնայած չկան ոչ կլիմայական և ոչ էլ հողային արգելակող պայմաններ։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակության հավանական շրջանները' 1 —32:Էկոլոգիական խումբը՝ XI[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 57։