Անտառային արտույտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտառային արտույտ
Lullula arborea

Անտառային արտույտ (Lullula arborea), արտույտների ընտանիքին պատկանող թռչուն:

Անտառային արտույտի մարմնի վերին մասը, այտերը, պոչը, թևերը դարչնամոխրագույն են, պոչի եզրային փետուրները և աչքի վերին մասով ձգվող հոնքանման շերտերը սպիտակ են, մեջքի և կրծքի վրա կան երկայնակի դարչնագույն բծեր: Գլխի փոփուլը թույլ է արտահայտված, պոչը համեմատաբար կարճ է: Քաշը` 20-25 գ, թևի երկարությունը` 88-101 մմ:

ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է, առանձին դեպքերում` նստակյաց: Գարնանը վերադառնում է մարտի վերջին, ապրիլի սկզբին, աշնանը չվում է սեպտեմբեր-հոկտեմբերին: Հանդիպում է Երևանի շրջակայքում, Դիլիջանում, Վանաձորում, Ստեփանավանում, Եղեգնաձորի, Վայքի և Կապանի անտառային գոտիներում: Նախապատվությունը տալիս է անտառային բացատներին, լեռնային տափաստաններին, որտեղ շատ թփուտներ կան: Հանդիպում է առավելապես փոքր երամներով կամ զույգերով: Համարվում է փոքրաքանակ: Բնադրվում է գետնին, բույնը սարքում է չոր խոտերից` թփերի տակ, փոսիկի մեջ: Դնում է 5-6 սպիտակ, կարմրավուն պտերով ձվեր: Բազմանում է ապրիլից մինչև հունիս, օժտված է գեղեցիկ ձայնով, երգում է ճախրելիս` ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը:

Սնվում է առավելապես խոտաբույսերի սերմերով և հատիկներով, բնադրման շրջանում` նաև միջատներով:

Տարածված է Եվրոպայում, հյուսիսային Իրանում, Ռուսաստանում` Վոլոգդայի, Կիրովի և Պերմի մարզերում, Ղրիմում, Անդրկովկասում, Թուրքմենիայում:[1]

Աղբյուրներ [խմբագրել]

  1. Մ. Ս. Ադամյան (1988)։ Հայաստանի թռչունները։ Երևան: «Արևիկ», էջ 8։