Բովաձոր
| Գյուղ
Բովաձոր
|
Բովաձոր — գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում:
Բովաձոր գյուղը (մինչև 1992 թիվը` Մաքսիմ Գորկի) հիմնվել է 1818 թ. գեներալ Երմոլովի զինվորների, Սարատովից և Կուրսկից եկած ռուսների կողմից: Սկզբում այն գտնվել է Էրեվան- Թիֆլիս ճանապարհի վրա, որտեղով 1829թ. հունիսի 11-ին անցել է Պուշկինը, իսկ 2 օր անց այդ նույն ճանապարհով Թիֆլիս են տարել Գրիբոյեդովի դին: Բայց առաջին իսկ գարնան ջրհեղեղը մեծ վնասներ է պատճառել գյուղի բնակիչներին, և գյուղը տեղափոխվել է դեպի հարավ- արևելք, որտեղ էլ մնում է կանգուն մինչև այսօր: Գյուղի կառուցումը տևել է 7 տարի: Տարածքը կազմել է այժմյան Բովաձորի 1/4 -րդ մասը:
18 ընտանիք ունեցող գյուղն, ի պատիվ Կովկասն ազատագրող ռուս ցար Ալեքսանդր Առաջինի, անվանվում է Նովոալեքսանդրովկա: 1935թ. ռուս մեծանուն գրողի պատվին գյուղը կոչվում է Մաքսիմ Գորկի: Հայաստանի հանրապետության կազմավորումից հետո`1992 թվին այն ստացավ Բովաձոր անունը: Բացի ռուսներից գյուղում ապրել են նաև գերմանացիներ, լեհեր, քրիստոնեա թաթարներ, ուկրաինացիներ: Բնակիչները դավանել են ռուս ուղղափառ եկեղեցուն: Գյուղի ստեղծման օրից բնիկները տարածքից քշել են թուրք մեծահարուստ Ղարա- Մամադին, և նրա ողջ ցեղախմբին: 1918թ. ռուսերը, որոնց թիկունքում կանգնած էր հզոր պետություն, իրենց տան նկուղներում թաքցրել են Արևմտյան Հայաստանից փախած հայ ընտանիքների: Նրանց թվում է եղել նաև Ալավերդի քաղաքի առաջին քարտուղար Բորիս Գյոզալյանի ընտանիքը: Գյուղն ունեցել է ծխական դպրոց և եկեղեցի: Վերջինիս տարածքում 1936թ. կառուցվել է դպրոց: Գյուղի թիկունքի բարձրաբերձ լեռներում է գտնվում 15 մետր խորությամբ հանքահորը: Գյուղ բերող ճանապարհի ձախ կողմում է գտնվում Բովաձորի այգին, որտեղ նոր տնկիների կողքին դեռևս ապրում ու բերք են տալիս կացնի հարվածից փրկված ծառերը: Այգու վերին հատվածով է անցնում Սարատովկա- Նոյեմբերյան ջրանցքը: 1971-72թթ գյուղի ճանապարհին` ձորի վրա կառուցվեց կամուրջ: 1994թ. գյուղացիների,գյուղապետ Էդուարդ Մելիքսեթյանի և քարտաշ- քանդակագործ Հրաչիկ Ջիլավյանի ջանքերով դեպի Ստեփանավան տանող ոտքի ամենակարճ ճանապարհին` գետի վրա ձգվեց քար- բետոնե կամուրջը: Դա այն տարիներին մեծ փրկություն էր, քանզի գյուղ մտնող ավտոբուս չկար, և մարդիկ ամենուր, հիմնականում Ստեփանավան, ոտքով են գնացել: Ներկայումս ավտոբուս կա, սակայն միայն առավոտյան է գյուղ մտնում, մնացած բոլոր ժամերին գյուղից դուրս գալու կամ գալու համար բնակիչներն ստիպված են օգտվել տաքսի ծառայություններից կամ քայլել ոտքով: Գյուղում բնակություն հաստատող առաջին հայը եղել է մեծահարուստ Թաթոս Նիկիտիչ Խանաղյանցը: Նա ունեցել է ձիթահանքեր և պանրի գործարան: 1922թ. բոլշևիկների գալուց հետո Խանաղյանցը հեռացել է, իսկ գյուղը հայաբնակ է դարձել հիմնականում 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո: Որպես քրիստոնյա ազգ` ռուսները պահպանել են բոլոր ծեսերն ու ավանդույթները, չնայած դրանցից շատերը կոմունիստների ժամանակ արգելվել են: Օրինակ ամեն տարի Զատկի օրը գյուղացիները ոտքով հասել են Նիկոլաևկա գյուղ (այժմյան ` Ամրակից), որպեսզի տերտերն աղոթի պասկաները (Զատկի նախօրյակին սեղանին դրվող հատուկ թխվածք):
Եվ առաջին, և երկրորդ համաշխարհային պատերազմներին գյուղից մեկնել են հայ և ռուս զինվորներ: Բովաձոր գյուղի բնակիչ, վետերան, 90 ամյակը բոլորած Կոբատենկո Պետրոյի հավաստմամբ, չնայած գյուղի փոքրությանը, մեկնողների թիվը հասել է 83-ի: Վերադարձել են միայն 41-ը:
Պատերազմի տարիներին է զոհվել և հետմահու Սովետական Միության Հերոսի կոչմանն արժանացել գյուղի բնակիչ Բոնդարև Իվան Իվանովիչը: 1978թ կառուցված դպրոցը անվանվել է ի պատիվ նրա, իսկ 1984թ. նույն դպրոցի բակում բացվել է մեծ հերոսի կիսանդրին:
Ներկայիս դպրոցի մի կողմում գյուղապետարանը և բուժկետն են , մյուս կողմում` ակումբը, որը ցավոք, վերջին տասը տարիներին դադարել է գործել որպես այդպիսին: Ակումբի դատարկ ու լքված սենյակները վերանանորոգման կարիք ունի: Գյուղի սկզբնամասում` երկու փողոցների հատման կետում է գտնվում գյուղում կառուցված ամենագեղեցիկ աղբյուր- հուշարձանը: Այն ունի հարյուր տարվա պատմություն: Տարեց- տարի Բովաձորին հրաժեշտ տվող ռուս բնակիչների թիվը մեծանում է: Նրանք, թողնելով իրենց պապենական տները, մեկնում են նախնյաց երկիր ` Ռուսաստան: Հակառակը` մեծանում է նամակի սպասող ընտանիքների թիվը:
Սպասումից աչք չի թարթում նաև Բովաձորը: Նա հավատում է, որ կգա այն օրը, երբ իր որդիք կվերադառնան, գյուղը կրկին կխնդա անվերջ բերկրանքից, երբ մանկան անվերջանալի ծիծաղն ու ճիչերը կպարգևեն իրեն ու բնակիչներին հավերժ գարուններ:
Հ.Գ. Բովաձոր գյուղի մասին տեղեկություններ են հաղորդել 90 ամյա Կոբատենկո Պետրոն, որի համար հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը, գյուղապետ` Էդուարդ Մելիքսեթյանը, բնակիչ` Սախլյան Սամվելը: Այս ամենը գրի առավ Նարէ Աթոյանը`փրկելով և ապագա սերունդներին փոխանցելով իր գյուղի պատմությունը:
Բովանդակություն |
[խմբագրել] Աշխարհագրություն
| Այս բաժինը ավարտված չէ: Դուք կարող եք օգնել նախագծին, լրացնելով և ուղղելով այն: |
[խմբագրել] Տես նաև
[խմբագրել] Արտաքին հղումներ
- Բովաձոր բնակավայրը «GEOnet Names Server» կայքում: (որպես Մաքսիմ Գորկի)
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 666, available online at the website of the Հայաստանում ԱՄՆ դեսպանություն: