Աստղագուշակություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիեզերք Ք. Ֆլամմարիոն (Փարիզ, 1888) Գունավորում Հայկենվալդեր Հուգո (Վիենա, 1998).

Աստղագուշակությունը (նաև աստղաբանություն, ախտարք) հավատանքների, ավանդույթների և ուսմունքների համակարգ է, որը ենթադրում է տիեզերական մարմինների՝ (աստղերի, մոլորակների, գիսավորների և այլն) հատկությունների և շարժման ազդեցությունը երկրային իրականության՝ բնության, մարդու և մարդկային հանրության ճակատագրի վրա։ Ըստ գիտնականների, աստղագուշակությունը կեղծ գիտություն է և սնահավատություն է։[1][2][3][4][5][6]

Աստղագուշակությունը հերմետիկ ուսմունք է, ի տարբերություն աստղագիտության, այն չի զբաղվում Տիեզերքի նյութական բաղադրամասի ուսումնասիրությամբ և ոչ էլ Երկրագնդի ու Տիեզերքի զուտ ֆիզիկական փոխհարաբերությունների հետազոտմամբ։ Հնագույն շրջանում, երբ գոյություն չուներ գիտելիքի դասակարգումն ու ստորաբաժանումը գիտությունների Աստղագուշակությունը ներքո ձևավորվում և զարգանում էին մի շարք գիտություններ և հատկապես՝ աստղագիտությունը, թվաբանությունը, տոմարագիտությունը, օդերևութաբանությունն ու բժշկությունը։ Աստղաբանությունն ու աստղագիտությունը հազարամյակներ շարունակ զարգանում էին, որպես մեկ ամբողջություն, նույն գիտության երկու ճյուղեր. առաջինը՝ Տիեզերքի հոգևոր կառույցի և մարդու փոխհարաբերությունների, և երկրորդը՝ Տիեզերքի նյութական կազմվածքի վերաբերյալ։ Միջնադարում աստղագուշակությունը համարվել է մեծարգո արվեստ, իսկ աստղաբանը՝ վարպետը կամ արտիստը, հասարակական մեծ պատիվ էր վայելում։ 18-րդ դարում սկիզբ առած աստղաբանական գիտելիքի նահանջն ու աղավաղումը, ինչպես նաև էմպիրիկ /փորձարարական/ գիտությունների զարգացումը հանգեցրին աստղաբանության վարկանիշի անկմանն ու ակադեմիական գիտությունների շարքից նրա դուրս մղմանը։ Ժամանակակից աստղաբաններից ոմանք գտնում են, որ աստղագուշակությունը գիտություն է, որն առավելապես մոտ է կանգնած հոգեբանությանը, քանի որ աստղաբանական վերլուծության ժամանակ օգտագործվում են նաև ժամանակակից հոգեթերապիայի ձեռք բերումները։ Կան նաև այնպիսինները, ովքեր համոզված են, որ ժամանակակից գիտության մեթոդներով հնարավոր չէ ապացուցել աստղագուշակության դրույթները ճշմարտացիությունը, ուստի անհնարին է այն գիտությունների շարքին դասել։ Այնուամենայնիվ, չնայած աստղագուշակության անկումնային իրավիճակին, հասարակության մեջ շարունակում է պահպանվել հետաքրքրությունն ու հավատքը նրա նկատմամբ։

Աստղագուշակության հիմնադրույթները[խմբագրել]

Աստված նախագծում է աշխարհը։ 13-րդ դարի ձեռագրից։

Աստղագուշակությունը, ինչպես նաև այլ գաղտնագիտությունների, առաջնային տեսական հիմնադրույթը հանդիսանում է Հերմես Եռամեծի Զմրուխտե քառասալիկը, որտեղ զետեղված է նմանության հնագույն իմաստասիրական թեզը՝ Այն, ինչ վերևում է նման է նրան, ինչ ներքևում է։

Հերմետիզմի սկզբունքների համաձայն մարդու/Միկրոկոսմի/ և Տիեզերքի/Մակրոկոսմի/միջև գոյություն ունի անմիջական կապ։ Ըստ էության մարդը համարվում է Տիեզերքի արտացոլանքը, նրա միկրոպատկերը, ուստի և Տիեզերքում գոյություն ունեցող երկնային մարմինները՝ լուսատուները, մոլորակները և այլն իրենց նմանակությամբ արտացոլվում են թե մարդու արտաքին տեսքի ու կառուցվածքի, և թե նրա կյանքի, գործունեության ձևավորման ու զարգացման գործընթացներում։

Աստղաբանությունը կարևորում և ուսումնասիրում է ցանկացած երևույթի սկիզբը, ելակետը, որով նա պայմանավորում է այդ երևույթի հետագա զարգացումները։ Լինի դա մարդ թե պետություն, ճարտարապետական կառույց թե նոր գործի ձեռնարկում, աստղաբանին հետաքրքրում է ծննդյան կամ հիմնադրման պահը, սկզբնավորումը։ Երևույթների և իրադարձությունների հավերժական ընթացքի մեջ, աստղաբանը զատում է մի առանձնահատուկ պահ՝ նոր կյանքի, պետության, մտահղացումների ծննդյան պահը, որը երկնային մարմինների դիրքավորմանը /բաշխմանը/ համապատասխան ձեռք է բերում յուրահատուկ զարգացում։ Այդ պահը իր արտացոլանքն է գտնում հորոսկոպի մեջ։

Հորոսկոպը ժամանակի որոշակի պահին, աշխարհագրական որոշակի տեղանքի նկատմամբ, երկնային մարմինների դիրքավորումն արտահայտող գծագիր է։ Հորոսկոպի վերլուծության մեջ հաշվի են առնվում երկնային մարմինների դիրքը Կենդանակերպի նշանների, աստղաբանական տների, միմյանց և այլ "զգայուն" կետերի /Լուսնի հանգույցների, արաբական կետերի և այլն/ նկատմամբ։ Աստղաբանական կարևորագույն տարրերից են ասպեկտները /հայեցողությունները/՝ հորոսկոպի կետերի միջև որոշակի անկյունային հեռավորությունները։ Ասպեկտներն առաջանում են ամբողջ թվերի վրա շրջանագծի բաժանումից։ Ներդաշնակ և բարեկամական ասպեկտներ են համարվում 3-ի վրա բաժանումից ստացվողները։ Աններդաշնակ և թշնամական ասպեկտները գոյանում են 2-ի վրա բաժանման հետևանքով։ Միացությունը կամ կապակցությունը՝ երկակի որակի ասպեկտ է, կապված այն կազմող երկնային մարմինների բնույթից։

Հնագույն շրջանի աստղաբաններն իրենց կանխատեսումներում առաջնորդվում էին աստղային երկնքի անմիջական դիտումներով։ Այդ նպատակների համար կառուցվում էին հատուկ դիտարաններ՝ զիկկուրատներ, բուրգեր, մեգալիթյա կառույցներ և այլն։ Հելլենիստական շրջանից ի վեր ժամանակի տվյալ պահին աստղերի ու մոլորակների դիրքերը ճշտելու համար օգտագործվում էին բարդ մեխանիկական սարքեր, որոնք ժամացույց էին հիշեցնում, սակայն իրենց հնարավորություններով մոտ էին ժամանակակից հաշվիչ մեքենքներին[7]։ Միջնադարում աստիճանաբար սկսեցին կիռարվել ժամանակի ընթացքում մոլորակների դիրքերն ու հարաբերություններն արտացոլող աղյուսակները՝ էֆեմերիդները։ Այդօրինակ աղյուսակներ զետեղվում էին աստղաբանական ժողովածուներում, ուր տեղ էին գտնում նաև ալքիմիային, դավանաբանությանը, մոգությանը, դիցաբանությանը, բժշկությանը և զանազան այլ բնագավառներին վերաբերվող նյութեր։ Ժամանակակից աստղաբաններն օգտագործում են աստղագիտական մեթոդներով ճշգրտված էֆեմերիդներ, որոնց հիման վրա ստեղծվել և հաջողությամբ կիրառվում են բազնաթիվ աստղաբանական համակարգչային ծրագրեր։

Աստղաբաշխական ավանդություն[խմբագրել]

Աստղաբաշխ-քրմերի զրույցը, պատկերված սահմանաքարի վրա: Բաբելոն:

Ժամանակակից աստղագուշակությունը[խմբագրել]

Ժամանակակից աստղաբանական ավանդությունը կարելի է բաժանել երկու խոշոր ուղղության՝ արևելյան և արևմտյան։ Հավանական է, որ պատմության հնագույն շրջանում այս ուղղությունները մեկ սկզբնաղբյուրից են ծագել, սակայն ժամանակի ընթացքում իրարից հեռացել են և էական տարբերություններ ձեռք բերել։ Դրա պատճառներից են թե արևելքի երկարատև մեկուսացումն արևմուտքից և թե արևելքի և արևմուտքի քաղաքակրթական, մշակութային, դավանաբանական և այլ զգալի տարբերությունները։

Արևմտյան աստղագուշակությունն իր արմատներով ելնում է Հին արևելքում, մասնավորապես Շումերում, զարգացող աստղաբանական ավանդությանը, որն իր ավարտուն տեսքը ձեռք բերեց Հին Բաբելոնում[8]։ Աստղաբանական միտքը մեծապես զարգացավ Հին Հունաստանում և Հռոմում։ Միջնադարում Հունա-հռոմեական աստղագուշակության ավանդույթները շարունակեցին և զարգացրին արաբ աստղաբանները։ Արաբ գիտնականների թվաբանության, երկրաչափության, աստղագիտության և զանազան այլ բնագավառներում մեծ ձեռքբերումները, զգալիորեն նպաստեցին աստղաբանական գիտելիքների կատարելագործմանը։ 7-ից -12-երորդ դարերում միջնադարյան աստղաբանությունը հասավ իր զարգայման գագաթնակետին։ Խաչակրյաց արշավանքներից հետո, վերածնության ժամանակաշրջանում ձևավորվեց եվրոպական դասական աստղաբանական դպրոցի ավանդույթը, որին մինչ այժմ հետևում են արևմտյան աստղաբանների մեծ մասը։

Արևելյան աստղագուշակությունն իր հերթին բաժանվում է հնդկական և չինական աստղագուշակության, այս երկուսից միայն վերջինը լիովին մեկուսացած է զարգացել արևմտյան համակարգից։ Հնդկական աստղագուշակությունը մի շարք հատկանիշներով մոտ է կանգնած արևմտյան աստղաբանությանը, քանի որ պատմության ընթացքում կրել է նրա ազդեցությունը։ Սակայն այդ ուղղութունների մեջև առկա են նաև զգալի տարբերություններ։ Հնդկական աստղաբանությունը օգտագործում է սիդերիկ կենդանակերպը, որի նշանները համընկնում են իրենց համապատասխանող համաստեղությունների հետ, ի տարբերություն արևմտյան աստղաբանության, որը կիրառում է արևադարձային կենդանակերպը, ուր կենդանակերպի նշանն ու համանուն համաստեղությունը համարժեք չեն (տես Կենդանակերպ և Արևմտյան աստղագուշակություն հոդվածները)։ Այսպիսով հնդկական աստղաբանությունը գործ ունի աստղերի և մոլորակների երկնոլորտում ունեցած իրական դիրքերի հետ, իսկ արևմտյանը՝ այն դիրքերի, որոնք պրեցեսիայի հետևանքով շուրջ 23°-ով ետ են մնում իրականից։ Հնդկական աստղաբաները հաշվի չեն առնում նոր ժամանակաշրջանում հայտնաբերված Սատուրնից այն կողմ գտնվող երեք մոլորակները՝ Ուրանը, Նեպտունն ու Պլուտոնը, որոնք ընդունում և կիրառում են իրենց արևմտյան գործընկերները։ Բացի այդ աստղաբանական այս ուղղությունը առավել մեծ տեղ է հատկացնում Լուսնին, կիռարելով "լուսնային" կենդանակերպ՝ "լուսնային կանգառների" կամ նաքշաթրաների համակարգ, որն օգտագործվել է Վեդաների ժամանակաշրջանից ի վեր։ Չինական աստղագուշակությունը էապես տարբերվում է թե հնդկական և թե արևմտյան աստղաբանությունից։ Չինական կենդանակերպը սերտորեն կապված է չինական օրացույցի հետ, որը լուսնային է և հիմնված է մի շարք մեծ ու փոքր պարբերաշրջանների վրա, որոնց առանցքներից մեկը Յուպիտեր մոլորակի 12-ամյա շրջապտույտն է։ Չինացիները այնպիսի աստղաբանական հանակարգ են զարգացրել, ուր ամեն մի կենդանակերպի նշան համապատասշանում է և 12 "զուգաժամերից" մեկին, որոնք ղեկավարում են ցերեկը, և տարվա 12 ամիսներից մեկին։ Չինական կենդանակերպի ամեն մի նշան կառավարում է մեկ տարի և համակցվում է չինական տիեզերեգիտության 5 տարրերի հետ՝ կազմելով 60-ամյա (12x5) պարբերաշրջան։ Չինական աստղաբանական ավանդույթը որոշակի տեղային առանձնահատկություններով տարածված է Կորեայում, Ճապոնիայում, Թայլանդում և ասիական այլ երկրներում։

Ժամանակակից աստղաբաշխական դպրոցներ[խմբագրել]

Ժամանակակից արևմտյան աստղագուշակությունը միատարր չէ, այն ներառում է մի շարք ուղղություններ կամ դպրոցներ, որոնց միջև առկա են ինչպես օգտագործվող աստղաբաշխական տարրեր, այնպես էլ հորոսկոպի վերլուծության ժամանակ կիրարվող մեթոդների տարբերություններ։ Այդ դպրոցներիցն են՝

և մի շարք այլ ուղղություններ։

Աստղագուշակության պատմական ավանդույթ[խմբագրել]

Պատմության ընթացքում Երկրագնդի տարբեր մասերում ձևավորվել և զարգացել են տարբեր աստղաբանական ավանդություններ, և չնայած նրանց միջև գոյություն ունեցող զգալի տարբերությունների, նրանք բոլորն էլ սերվում են հնագույն հերմետիկ ավանդույթից՝ գաղտնագիտությունից, որի հիմնդրույթներից է նմանության սկզբունքը։ Ըստ պատմական ժամանակաշրջանների կարելի է տարբերակել՝

Աստղագուշակության ազգային ավանդույթ[խմբագրել]

Հնագույն շրջանից ամեն մի ազգ ունեցել է նաև իրեն հատուկ աստղաբանական ավանդույթ, որի մասին մենք համեմատաբար քիչ տեղեկություններ ունենք, թե գրավոր մշակույթի բացակայության, թե այդ գիտելիքի գաղտնիության, և թե այլ ազգերի հետ հարաբերվելիս դոմինանտ մշակույթն ու ավանդույթները փոխառելու հետևանքով։ Այնուամենայնիվ գրեթե բոլոր ազգերի բանահյուսության, դիցաբանության և էպոսի մեջ առկա են աստղաբանական պատկերացումներ։ (Աստղաբանություն և դիցաբանություն, Աստղաբանություն և բանահյուսություն) Այս ենթաբաժնում ներառել ենք՝

Աստղագուշակության պատմություն[խմբագրել]

Աստղագուշակության ծագումը[խմբագրել]

Աստղաբանությունը մարդկության պատմության հնագույն շրջանի մշակութային խոշոր ֆենոմեններից մեկն է, որի ներգործությունը պահպանվել է հազարամյակների ընթացքում։ Այդ ազդեցության ամենապարզունակ տարրերից են աշխարհի բազմաթիվ լեզուներում առկա շաբաթվա օրերի անվանումների կապը 7 մոլորակների հետ /երկուշաբթի՝ Լուսնի օր, կիրակի՝ Արևի օր, ուրբաթ՝ Վեներայի օր և այլն/, ինչպես նաև տարածված ժողովրդական ասույթները՝ "Երջանիկ աստղի տակ է ծնվել"/հաջողակ մարդու մասին/ կամ "Աստղերն իրար բռնեցին"/անձնավորությունների միջև համակրանքի առաջանալու դեպքում/, "Աստղը խավարեց"/հիվանդության, վտանգների կամ անհաջողությունների դեպքում/ և այլն։

Նախնադարյան մարդու կողմից աստղային երկնքի դիտումն ու ուսումնասիրությունը արտացոլված է հնագույն մշակութային կոթողներում՝ ժայրապատկերներում։ Այդ շրջանում մարդը դեռևս լիովին տարանջատված չէր բնությունից, և իրեն միաձուլված էր զգում բնության մեջ կատարվող երևույթների, այդ թվում նաև գիշերային երկնքում երևացող բազմաթիվ լուսատուների՝ աստղերի և մոլորակների հետ։ Դիտելով տիեզերական մարմինների շրջապտույտն ու գիտելիքներ հավաքելով դրանում առկա հստակ օրինաչափությունների մասին, մարդը ստանում էր յուրահատուկ "հայտնություն" երկնքից, որը հավերժացնելու համար հետագայում կառուցվեցին բազմաբնույթ հսկա շինություններ։ Այդ շինությունների կառուցվածքային առանձնահատկությունները արտահայտում էին տիեզերական օրինաչափություններ, քանի որ նրանց նպատակները դուրս էին գալիս ծիսա-արարողական, կամ դիտողան կիրառական շրջանակից և մոտենում երկնային աշխարհի հավերժությունը երկրի վրա հավերժացնելու խնդրին։ Հնագույն շրջանի աստղաբանական պատկերացումների մասին կարող ենք որոշակի տեղեկություններ ստանալ այսօրինակ կառույցների, տիեզերակ պաշտամունքի հետ առնչվող պատկերների, իրերի և այլ գտածոների, ինչպես նաև բանավոր ավանդույթների հիման վրա։ Այս աղբյուրները և գրավոր մշակույթի հնագույն հիշատակումները վկայում են այն մասին, որ իր ծագման և ձևավորման շրջանում աստղաբանությունը համարյա չի առնչվել անհատի ճակատագրի կանխատեսման հետ, այլ զբաղվել է երկնային մարմինների պարբերաշրջանների, օդերևութաբանական ու երկրաբանական երևույթների ուսումնասիրությամբ, և դրա հիման վրա որոշել ցեղերի, ժողովուրդների և պետական կազմավորումների զարգացման ընթացքը, համապատասխանեցնելով այն տիեզերքի ռիթմերին, երկրի ու երկնքի կապն անխախտ պահպանելու համար։

Ժամանակակից գիտական տվյալների համաձայն, աստղաբանակն և աստղագիտական առաջին համակարգերի ձևավորումը տեղի է ունեցել Միջագետքում, ~ մ.թ.ա. շուրջ 5000 տարի առաջ։ Այդ ժամանակ արդեն հայտնի էին աստղաբանական առանցքային տարրերը՝ կենդանակերպի համաստեղություններն ու Արեգակնային համակարգի 5 մոլորակները։ Գիտելիքներ կային նաև այսպես կոչված անշարժ աստղերի պարբերաշրջանների վերաբերյալ/ ի դեպ ասած հենց այս գիտելիքներն էին հանդիսանում հնագույն նախապատմական աստղաբանության հիմքը, որն ապացուցում է մեգալիթյա շինությունների աստղագիտական ուսումնասիրությունը/։ Հին Շումերի և Աքքադի գրավոր աղբյուրնը վկայում են այդ ժամանակ հայտնի ավելի քան 30 համաստեղությունների մասին, որոնցից առնվազն 18-ը կազմում էին կենդանաշրջանը։ Աստղային երկինքը աստվածների հանգրվանն էր և այնտեղ գտնվող լուսատուների խմբերը՝ աստվածների ճանապարհը կազմող արահետներն էին։ Եվ քանի որ աստվածներն էին երկային կյանքը կառավարող ուժերը, ապա լուսատուները, լինելով նրանց մարմնավորումն ու ճանապարհը, դառնում էին մարդկային ճակատագրերի ուղեցույցներ։ Ըստ էության շումերա-բաբելական աստղգուշակությունը լուսնային էր և նրանում օգտագործվող 18 համաստեղությունները դեռ անմիջական կապ չունեին տարվա 12 ամիսների հետ։ Հորոսկոպային աստղագուշակությունը դեռ ձևավորված չէր, իսկ կանխասեսումներն արվում էին հիմնականում տարվա առաջին նիսան ամսվա ընթացքում տեղի ունեցող աստղագիտական և օդերևութաբանական երևոևյթների հիման վրա։ Մեր օրերում հայտնի 12 նշանանոց կենդանակերպը ձևավորվել է միայն մ.թ.ա 5-րդ դարում, այդ շրշանից էլ մեզ է հասել Բաբելոնում կազմված առաջին բախտացույցը, որը թվագրվում է մ.թ.ա. 410 թվականով[9]։

Դասական աստղագուշակություն[խմբագրել]

Հելլենիստական շրջանից ի վեր ձևավորվում և զարգանում է դասական աստղաբաշխական ավանդույթը։ Իր հիմքում ունենալով շումերա-բաբելական աստղաբանության բազմահազարամյա փորձը, այն, ի տարբերություն առաջինի, առաջնորդվում էր Արեգակի գերակշիռ դերի և 12 նշանանոց արևադարձային կենդանակերպի կիռարման հիմնարար սկզբունքներով։ Այստեղից հավանաբար սկիզբ է առնում հնդկական և հունական/ապագա եվրոպական/ աստղաբաշխական համակարգերի տարանջատումը, չնայած նրանց ակտիվ փոխազդեցությանը մ.թ.ա 5-3 դարերում։ Հին Հունաստանի իմաստասեր-գիտնականների զգալի ձեռք բերումները երկրաչափության, տիեզերագիտության, տոմարագիտության և այլ բնագավառներում նախապատրաստեցին հորոսկոպային ավանդական աստղագուշակության աննախադեպ վերելքը մ.թ. սահմանագլխին, որն իր արտահայտությունը գտավ անվանի գիտնական Կ.Պտղոմեոսի ստեղծագործություններում։ Նրա աստղագիտական և աստղաբանական ժառանգությունը անգերազանցելի էր մնում գրեթե ամբողջ միջնադարի ընթացքում։

Աստղագուշակության բաժիններ[խմբագրել]

Յո.Կեպլերի կողմից կազմված ավստրիացի դուքս Ալբրեխտ Վալլենշտայնի բախտացույցը։

Ծննդյան (նատալ) աստղագուշակություն[խմբագրել]

Հելլենիստական շրջանից ի վեր, երբ ձևավորվել է հորոսկոպային աստղագուշակությունը, առավելապես զարգացել և մեծ տարածում է ստացել աստղագուշակության հենց այս բաժինը։ Նատալը (լատիներեն natalis՝ ծննդյան օր) դա անհատի ծննդյան պահին ու ծննդավայրի նկատմամբ մոլորակների դիրքերն արտահայտող գծագիրն է։ Մարդու անհատական հորոսկոպի տակ հիմնականում հասկացվում է հենց նրա նատալը կամ ռադիկսը։ Անհատական հորոսկոպը /ժամադիտակը կամ բախտացույցը/ ուսումնասիրելով աստղաբաշխներն արդեն շուրջ 2,5 հազարամյակ շարունակ կանխատեսումներ են անում անհատի կյանքի ու ճակատագրի վերաբերյալ։ Չնայած հայտնի հին ասացվածքի՝ "Աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում", այնուամենայնիվ միջնադարյան աստղաբաշխական գրականության մեջ հաճախ խոսվում է աստղերի "դատավճռի" մասին։ Սա վկայում է այն մասին, որ աստղաբաշխական կանխատեսումը համարվում էր անբեկանելի։ Ժամանակակից աստղաբանների մի մասը ուսումնասիրելով հորոսկոպը անդրադառնում են հիմնականում անհատի հոգեկանի՝ բնավորության գծերի, մտավոր և ստեղծագործակն կարողությունների վերլուծությանը և առանձնապես չեն կենտրոնանում նրա ճակատագիրը կանխագուշակելու վրա։ Այսօրինակ մոտեցումն ընկած է հոգեբանական աստղագուշակություն հիմքում։

Բժշկական աստղագուշակություն[խմբագրել]

Կենդանակերպի նշանների կապը մարդկային մարմնի անդամների հետ. պատկեր 15-րդ դարի ձեռագրից :

Բժշկական աստղագուշակությունը աստղագուշակության բաժին է, որն ուսսումնասիրում է մարդու կենսագործունեության, հիվանդությունների առաջացման և նրանց բժշկության հարցերը։ Այս բաժինն իր մեջ է ներառում նատալ, կանխատեսական և էլեկտիվ աստղագուշակությունը։

Եգիպտական և բաբելական շրջանից մեզ են հասել այսպես կոչված հաջողակ և անհաջող օրերի մասին գրավոր աղբյուրները, որոնք յուրահատուկ ուղեցույցներ էին հասարակության տարբեր խավերի գործունեության համար։ Այսդպիսի մի բաբելական ամսագուշակում կարդում ենք՝

Ամիս նիսանու

1-ին օր՝ "Էնլիլ աստծո օր՝ վտանգավոր, ծանր հիվանդի համար: Բժիշկը չի կարող հիվանդին մոտենալ, մարգարեն չի կարող խոսել: Պիտանի չէ ցանկություններդ իրականացնելու համար...չի կարելի ձուկ ուտել...Թագավորը մաքրում է իր զգեստները: Թագավորը պետք է զոհաբերություն մատուցի Էնլիլին, Շամաշին և Նուսկին":

Հորոսկոպային աստղագուշակության զարգացնանը զուգընթաց կենդանակերպի նշաններն ու մոլորոկները որոշակի կապի մեջ էին դրվում մարդու մարմնի անդամների ու օրգան-համակարգերի հետ։ Այսպես օրինակ Առյուծն ու Արևը իշխում են սրտի և մեջքի, Խեցգետինն ու Լուսինը՝ ստամոքսն ու կուրծքը վրա և այլն։ Եթե անհատի բախտացոըյցում "վնասված" են որոշ մոլորակներ, ապա աստղաբանը ենթադրություն է անում նրա որոշակի օրգանների թուլության և համապատասխան հիվանդությունների հակվածության մասին։ Միջնադարյան բժշկական աստղագուշակության մեջ մեծ տեղ էր հատկացվում "ճգնաժամային" օրերի տեսությանը։ Այդ օրերը հաշվարկվում էին անհատի նատալի, հիվանդության սկզբի հորոսկոպի/դիկումբիտուրայի/ ինչպես նաև Լուսնի տեղաշարրժման հիման վրա։ Ուսումնասիրելով դիկումբիտուրան աստղաբշխը կանխատեսումներ էր անում հիվանդության ընթացքի և ելքի վերաբերյալ, ինչպես նաև եզրակացություն կազմում բուժման եղանակի ու դեղամիջոցի մասին։

Համատեղելիության/սինաստրիա/ աստղագուշակություն[խմբագրել]

Համատեղելիության աստղագուշակությունը կամ սինաստրիան/հունարեն "συν" - համատեղ գործողություն նշանակող նախդիր և "αστρον" - աստղ/, բառացի՝ համատեղված աստղերի աստղագուշակություն՝ աստղագուշակության բաժին է, որն ուսումնասիրում է երկու և ավել սուբեկտների/մարդկանց, կազմակերպությունների, երկրների և այլն/ հորոսկոպների փոխազդեցությունը, և դրա հիման վրա կանխատեսումներ անում նրանց հարաբերությունների զարգացման վերաբերյալ։ Սինաստրիալ աստղագուշակության հիմնական մեթոդը, որից և առաջացել է այս ուղղության անվանումը, հանդիսանում է սինաստրիալ հորոսկոպի հետազոտությունը։ Այդ նպատակով համեմատվողի սուբեկտներից մեկի հորոսկապի տարրերը տեղափոխվում են մյուսի հորոսկոպի մեջ և ստացված գծագրի հիման վրա հետևություններ արվում նրանց փոխհարաբերությունների հավանական միտումների մասին։ Համատեղելիությունը գնահատելու համար աստղագուշակության մեջ կիրառվում են նաև այլ հատուկ մեթոդներ՝ կոմպոզիտն ու դևիդսոնի մեթոդը, որոնք ուսումնասիրվում են զուգահեռաբար։ Հնդկական աստղագուշակության մեջ ամուսնների համատեղելիությունը որոշվում է նրանց նատալներում Լուսնի դիրքերի ուսումնասիրության հիման վրա։

Կանխատեսական աստղագուշակություն[խմբագրել]

Կանխատեսական աստղագուշակությունը զբաղվում է մարդու ճակատագրի կանխատեսմամբ։ Այդ նպատակներով օգտագործվում են զանազան միջոցներ, որոնց մի մասը հիմնված է մոլորակների իրական ընթացիկ շարժումների/տրանզիտներ/ և պարբերաշրջանների, այսպես կոչված ռևոլյուցիաների /սոլյար,լունար, վենուար և այլն/ վրա, իսկ մյուսը՝ պրոգրեսսիաներն ու դիրեկցիաները նատալի տարրերի սիմվոլիկ տեղափոխումների և համապատասխանությունների/տարին/մեկ օր/ ուսումնասիրություն է։

Խորար աստղագուշակություն[խմբագրել]

Խորար աստղագուշակությունը /լատիներեն hora՝ ժամ, բառացիորեն ՝"ժամի աստղագուշակություն"/ զբաղվում է հարցի պատասխանի որոնմամբ, այդ նպատակով կազմված խորարային հորոսկոպը/հարց տալու պահի հորոսկոպը/ վերլուծվում է հատուկ կանոնների համաձայն։ Աստղագուշակության այս ճյուղը լայնորեն տարածված էր միջնադարում։ Նրան անդրադարձել են ինչպես արաբ, այնպես էլ եվրոպացի աստղաբաշխ վարպետները։ 17-րդ դարի անգլիացի անվանի աստղաբաշխ Վ.Լիլլին հարցին պատասխան տալու արվեստը հասցրեց կատարելության՝ իր ուսումնասիրությունները զետեղելով "Քրիստոնեական աստղագուշակություն" եռահատոր կապիտալ աշխատության մեջ, որը մինչ այժմ դասական աստղագուշակության լավագույն դասագրքերից է համարվում։ "Քրիստոնեական աստղագուշակության " երկրորդ գրքի մեջ քննարկվում են ամենատարբեր բնագավառներին վերաբերվող հարցերին /"Ինչպիսին է լինելու իմ կյանքը, կյանքիս որ մասն է լինելու երջանիկ", "Աշխարհի որ երկրում ես առավել հաջողակ կլինեմ", "Անսպասելի պատահարը/կամ տեսած երազը/ բարի, թե չար նշան է", "Արդյոք ողջ է անհայտ կորածը և կգտնվի նա", "Որտեղ է կորած իրը" և այլն/ պատասխան տալու աստղաբաշխական եղանակները։ Ժամանակակից աստղաբաշխները մշակել են խորարների վերլուծության իրենց մեթոդները, որոնք, ի հարկե, հիմնվում են դասականի վրա, սակայն նաև տարբերվում են դրանից։

Էլեկտիվ աստղագուշակություն[խմբագրել]

Էլեկտիվ աստղագուշակությունը /լատիներեն electio՝ ընտրություն, բառացի՝ ընտրության աստղագուշակություն/ որոշում է որևէ գործողություն/կազմակերպության կամ ֆիրմայի գրանցում, վիրաբուժական միջամտություն, հեռավոր ճամփորդություն և այլն/սկսելու համար լավագույն պահը։ Էլեկտիվ աստղագուշակությունը ևս ունի հնադարյան ավանդույթներ՝ սկսած բաբելական ամսագուշակ սեպագիր սալիկներից և վերջացրած ժամանակակից շրջանում լայնորեն տարածված հանրամատչելի աստղագուշակների կանխատեսումներով։ Միջնադարյան աստղաբաշխական խորհրդատվության կարևորագույն տարրերից էր, հատկապես իշխանների և թագավորների համար, որոնց հաճախ կարևոր էր իմանալ, երբ սկսել ռազմական գործողությունները՝ հաղթանակ ձեռք բերելու համար։

Մունդան/համաշխարհային և քաղաքական/ աստղագուշակություն[խմբագրել]

Մունդան աստղագուշակությունը /լատիներեն mundus՝ աշխարհ, բառացի "համաշխարհային աստղագուշակություն"/ հնագույն աստղաբաշխական բաժիններից է, որն ուսումնասիրում է պետությունների, ազգերի և այլ մեծ հասարակական խմբերի զարգացումն ու փոխհարաբերությունները։ Այս ուղղության համար առավելապես կարևորոր են "ծանր" մոլորակների՝ Յուպիտերի, Սատուրնի, Ուրանի, Նեպտունի և Պլուտոնի պարբերաշրջանները, քանի որ դրանք ընդգրկում է մեծ ժամանակահատվածներ/տասնամյակներ, դարեր, հազարամյակներ/, որը և համապատասխանում է ազգերի ու պետությունների ձևավորման և զարգացման տևողությանը։

Աստղաօդերևութաբանություն[խմբագրել]

Աստղաօդերևութաբանությունը աստղագուշակության բաժին է, որն ուսումնասիրում է մոլորակների ազդեցությունը կլիմայի և եղանակի վրա, հաճախ հանդես էր գալիս մունդան աստղագուշակության հետ միասին։

Գիտությունն ու աստղագուշակությունը[խմբագրել]

Հնագույն շրջանից ի վեր աստղագուշակությունը խթանում էր նրա հետ առնչվող բազմաթիվ գիտությունների զարգացումը։ Աստղային երկնքի դիտումը հնագույն շրջանում հետապնդում էր ոչ միայն պարզունակ գյուղատնտեսական նպատակներ, այլ ընկալվում իբրև տիեզերական օրինաչափությունները իմաստավորելու գործնական մեթոդ։ Սրա մասին է վկայում հնագույն շրջանից մեզ հասած օրացույցերը, որոնց բարդությունն ու ճշգրտությունը ակնհայտորեն դուրս է նախնադարյան պարզունակ մտածողության կարիքները բավարարելուց։ Կարելի է ասել, որ մարդու եկնքի դիտման առաջնային դրդապատճառներից մեկը եղել է տիեզերական անվերջության մեջ սեփական անցողիկ տեղի և դերի իմաստավորումը։ Խնդիր, որի յուրօրինակ պարզաբանումը տալիս էր աստղագուշակությունը, որը պատահական չէր համարվում իմաստունների գիտություն։ Պատմության հնագույն շրջանում աստղագուշակությունը կազմում էր սրբազան գիտելիքի անբաժանելի մասը, որի գաղտնիքները հասանելի էին միայն ընտրյալներին և որի դրույթները բացարձակ ճշմարտություն էին համարվում։ Հելլենիստական շրջանում գիտական մտածողության սաղմնավորումը և անհատի դերի աճը նպաստեց աստղագուշակության վերափոխմանը, զարգացավ գիտական աստղագուշակությունը, որը հասանելի էր արդեն նաև սովորական մահկանացուներին։ Միջնադարյան քրիստոնյա աստվածաբաններից ոմանք /օր.՝ Սուրբ Ավգուստինը/ խստորեն քննադատում էին աստղագուշակությունը, իսկ մյուսները՝ աստղագուշակության բանիմաց վարպետներ էին։ Բազմաթիվ անվանի մտածովներ ու գիտնականներ՝ Պյութագորասը, Պլատոնը, Արիստոտելը, Հալենը, Թ. Աքվինացին, Պառացելսը, Ջ. Կարդանը, Նիկոլայ Կոպերնիկոսը, Տ. Բրահեն, Յոհաննես Կեպլերը, Կ. Գ. Յունգը և շատ ուրիշները, փորձել են բացահայտել տիեզերքի գաղտնիքները՝ աստղագուշակությամբ զբաղվելով։ 16-17-րդ դարերի աստղագիտության զգալի հաջողությունները /Ն. Կոպերնիկոս, Տ. Բրահե, Յո. Կեպլեր/ բերեցին նրա գիտական դերի կտրուկ աճի և աստղագուշակության նահանջի։ Ըստ երևույթի Յո. Կեպլերը նոր ժամանակների վերջին աստղագետ-աստղաբաշխն էր, որը, օգտագործում էր աստղաբաշխական գիտելիքները իր հանրահայտ աստղագիտական օրենքների մշակման ժամանակ[10]։ 17-րդ դարի աստղաբաշխ Վ. Լիլլին, որը չափազանց մեծ հեղինակություն էր վայելում ժամանակակիցների մոտ, գրում է. «Լոնդոնի բնակիչները քիչ են հաշվի նստում աստղագուշակության հետ»։ 18-րդ դարում էմպիրիկ գիտական մէթոդաբանության զարգացմանը զուգընթաց՝ տեղի ունեցավ աստղագուշակության վերջնական տարանջասումը աստղագիտությունից, որի հետևանքով մինչ օրս գիտական համայնքը համարում է աստղագուշակությունը, ինչպես նաև մյուս հերմետիկ գիտությունները, կեղծ գիտություն կամ սնահավատություն[1] քանի որ ստացված չեն այդ ուսմունքի համոզիչ գիտական ապացույցները։ Նորագույն շրջանի որոշ գիտնականներ փորձեր են կատարել սասանել այդ համոզմունքը։ Ամենահայտնի այդպիսի փորձերից մեկը ֆրանսիացի հոգեբան Միշել Հոկլենի կատարված լայնածավալ վիճակագրական հետազոտությունն էր, որի նպատակը ծննդյան պահին մոլորակների դիրքերի և մարդկային բնավորության գծերի ու որոշակի ունակությունների միջև եղած կապի բացահայտումն էր։ Այս հետազատութհունը բացահայտեց որոշակի օրինաչափությունների առկայությունը[11], սակայն նրա արդյունքները ակադեմիական գիտության կողմից բավարար համոզիչ չհամարվեցին՝ աստղագուշակության գիտականությունն ընդունելու համար։

Հղումներ աղբյուրներին[խմբագրել]

Տես նաև[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]