Համաստեղություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրիոնը ամենահեշտ ճանաչվող համաստեղություններից է:

Համաստեղություններ կամ աստեղատներ, երկնոլորտը պայմանականորեն բաժանող տիրույթներ՝ աստղային երկնքում դյուրին կողմնորոշվելու համար։ Հնում համաստեղություններ են անվանել երկնքում պայծառ աստղերով առանձնացվող բնորոշ պատկերները։

Հայկական լեռնաշխարհում[խմբագրել]

Հայկական լեռնաշխարհի բնակիչների՝ աստղային երկնքի նկատմամբ հետաքրքրության մասին են վկայում ավելի քան 3 հազարամյակի վաղեմության՝ համաստեղություններ պատկերող բազմաթիվ ժայռապատկերներ։ Աստղագոտին, որով անցնում է Արեգակի տարեկան ուղին (խավարածիր), հին ժողովուրդները բաժանել են 12 համաստեղությունների (Խոյ, Ցուլ, Երկվորյակներ, Խեցգետին, Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ, Աղեղնավոր, Այծեղջյուր, Ջրհոս, ՁկներՀայերն աստղագոտին անվանել են Կենդանաշրջան, իսկ դրա համաստեղությունները՝ կենդանակերպ։ Անանիա Շիրակացու աշխատություններում բերված է յուրաքանչյուր կենդանակերպում երևացող աստղերի քանակը։ Միջնադարյան մի շարք թարգմանական և հայկական բնագրային աշխատություններում հեղինակները, հետևելով Պլատոնին, տվել են կենդանակերպի ու մարդու մարմնի մասերի «համապատասխանության» նկարներ և դրանց բացատրությունները։ Հայտնի է, որ միջնադարում բախտագուշակները պետությունների և մարդկանց ճակատագրերը, պատերազմների վախճանը և երկրային այլ երևույթներ կապել են համաստեղությունների և լուսատուների հետ։ Սակայն հայ տոմարագետ-աստղագետները (սկսած Անանիա Շիրակացուց, որն այդ բոլորը համարել է «բարբաջանք») հանդես են եկել աստղագուշակության դեմ։ Նրանք բացատրել են կենդանակերպի անունները՝ նկատի ունենալով, թե դրանցից յուրաքանչյուրում Արեգակի գտնվելը ինչ ազդեցություն է գործում Երկրի վրա։ Այսպես, ըստ Հակոբ Ղրիմեցու, Խոյ է կոչվում գարնան առաջին կենդանակերպը, քանի որ «խոյը ծննդական է», և Արեգակը, այդ կենդանակերպում գտնվելիս, «Երկիրը շարժում է ծննդականության»։ Առյուծ կենդանակերպում գտնվելիս Արեգակն այնպես է հզորանում, որ կարող է նույնիսկ վնաս պատճառել մարդկանց։ Արեգակի՝ Ձկներ կենդանակերպում գտնվելու ժամանակ, առատ ձնհալի հետևանքով Երկիրը ձկան նման լողում է ջրի մեջ ևն։ Երևանի Մատենադարանի ձեռագրերում պահպանվել են կենդանակերպերի նկարներ և այլ համաստեղությունների վերաբերյալ տեղեկություններ։ Համաստեղությունների դիցաբանական անուններն ունեն իրենց հայկական համարժեքները (Օրիոն՝ Հայկ, Հերկուլես՝ Վահագն ևն)։ Համաստեղությունների փոխդասավորության, անվանումների և աստղերի աստղային մեծությունների մասին տեղեկություններ կան «Համատարած աշխարհացոյց» և «Աստղալից երկինք» քարտեզներում։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Օձը բաժանված է երկու մասի` Օձի Գլուխ (Serpens Caput, 429 քառ.աստ.) եւ Օձի Պոչ (Serpens Cauda, 208 քառ.աստ.).