Ջրհոս (համաստեղություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջրհոս
Համաստեղություն
Լատիներեն անվանումAquarii
ՀապավումAqr
Հակում-15
Մակերես980 քառակուսի աստիճան
Հիմնական աստղեր10, 22
Բայեր/Ֆլեմստիդ
աստղեր
97
Ճանաչված
մոլորակներով աստղեր
11
Պայծառ աստղեր2
Մոտակա աստղեր7
Ամենապայծառ աստղβ Aqr (Սադալսուդ)՝ 2,87m
α Aqr (Սադալմելիք)՝ 2,96m (2,91մ)
Ամենամոտիկ աստղEZ Aquarii (11,27 լտ)
Ասուպային հոսքեր2՝ էտա-Ակվարիդներ, դելտա-Ակվարիդներ
Տեսանելի է +65° և −90°. լայնությունների միջև:
Ամենատեսանելին է օգոստոս-հոկտեմբեր ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին):

Ջրհոս, (լատին․՝ Aquarius) կենդանակերպի համաստեղություններից։ Նշանակումը՝ (յունիկոդով՝ ♒), ջուր է խորհրդանշում։ Սահմանակից է արևելքից ՝ Այծեղջյուրին, և արևմուտքից ՝ Ձկներին։ Արեգակը Ջրհոսի համաստեղությունում գտնվում է փետրվարի 15-ից մինչև մարտի 8-ը։ Գարնանային գիշերահավասարի կետը Ձկներ համաստեղությունից աստիճանաբար անցում է կատարում Ջրհոսի համաստեղութուն։

Տեսքը երկնքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրհոսի պայծառ աստղերը α-ն (2,93m) և β-ն (2,87m) են։ Մնացած աստղերը (թվով 20) 3,3m-ից մինչև 4,5m մեծության են, այնպես որ միայն պարզ և մթին գիշերներին է հաջողվում անզեն աչքով տեսնել սափորը ձեռքին վազող մարդու գծապատկերը։ Ի հակադրություն պայծատ աստղերի բացակայության, Ջրհոսը բավականին մեծ տարածք է զբաղեցնում՝ մոտ 980 քառակուսի աստիճան[1]։

Համաստեղությունը ճիշտ գտնելու համար պետք է օգտվել Պեգասի Մեծ Քառակուսուց։ Վերջինիս α And և β Peg աստղերով ներքև տարված անկյունագծի շարունակությունն անցնում է ճիշտ Ջրհոսի գլխի վրայով։ Իսկ եթե Մեծ Քառակուսու աջ կողմը (β և α Peg) շարունակենք նորից դեպի ներքև (հարավ), ապա այն կանցնի սափորի և ջրի շիթի վրայով։ Այնպես որ Մեծ Քառակուսուց «օգնության եկած» այս երկու ուղիղները հրաշալի ուղեցույց են, որոնցով կազմված անկյան մեջ համարյա ամբողջովին (բացի ետ դրած ոտքից) գտնվում է պատանի Ջրհոսը։ Ավելացնենք նաև, որ սափորից թափվող ջրի շիթը ողողում է Ֆոմալհաուտին (Հարավային Ձկան α-ն)՝ «խոնավ տիրույթի»[2] միակ պայծառ աստղին։ Համաստեղությունը լավ երևում է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։

Ուշագրավ օբյեկտները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր օբյեկտներից են β-ից վերև գտնվող M2 (6,5m) գնդաձև աստղակույտը, «Խխունջ» կոչվող մոլորակաձև միգամածությունը։ Ջրհոս համաստեղությունում են գտնվում ասուպային հոսքերի երկու ռադիանտներ՝ η-Ակվարիդներն ու δ-Ակվարիդները։ Առաջինի ակտիվության շրջանն է ապրիլի 24-ից մինչև մայիսի 20-ը, երկրորդինը՝ հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 18-ը։

Առասպելաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեզանում պատկերված է պարանով օդում վեցաթև աստղ պահած ծերունու տեսքով։ Աստղի ներքո գտնվում է պատվանդանին դրված սափորը (թերևս, ջրով լի)։ Վեցաթև աստղն իրականում ներկայացնում է երկնքի ու երկրի, արական ու իգական սկիզբների, հոգևորի ու նյութականի փոխմիասնությունը։ Դեպի վար գագաթով եռանկյունին ներկայացնում է երկինքը, արականն ու հոգևորը, իսկ դեպի վար գագաթով եռանկյունին՝ երկիրը, իգականն ու նյութականը։ Սափորը ներկայացնում է անմահության կամ իմաստության սրբազան հեղուկը (էլիքսիրը, որն անգլիական էպոսում անհաջող փնտրում էր Արթուր թագավորը)։ Ծերունին դրա պահապանն է, որ փոխարինում է Ջրհոսում իշխող դիցին։ Նա հիշեցնում է շումերական դիցաբանությունից հայտնի՝ ստորերկրյա քաղցրահամ ջրերի ավազանի տիրակալ, իմաստուն ու ստեղծարար (նաև՝ մարդաստեղծ) Էյա-Հայա դիցին։ Նա մեկ պատկերվում էր, որպես իրենից դեպի վար՝ զույգ (Եփրատն ու Տիգրիսը), մեկ էլ՝ չորս գետեր (ավելանում են Քուռն ու Արաքսը) բխեցնող։ Այսինքն, այս դիցը, ինչպես նաև Ջրհոսում իշխող դիցը, յուրովի խորհրդանշում են Հայոց աշխարհը։ Այսպիսով, Ջրհոսում իշխող դիցը Հայոց աշխարհի ու հայության հովանավոր դիցն է։ Դա կարող է լինել Ժուկ-Ձոպաբերը, քանի որ Ջրհոսը նրա խորհրդանշական Երևակ մոլորակի հիմնատունն է։

Հին հունական առասպելը պատմում է, որ Դարդանիա քաղաքի արքա Տրովսի որդի Գանիմեդեսը եղել է շատ գեղեցիկ պատանի։ Մի անգամ ոչխարի հոտն արածեցնելիս Օլիմպոսի բարձունքից նրան տեսել է Զևսն ու կարգադրել արծվին՝ իր մոտ բերել պատանուն։ Արծիվը հափշտակել է Գանիմեդեսին ու տարել Օլիմպոս։ Զևսը նրան անմահություն է պարգևել ու դարձրել իր մատռվակը՝ աստվածների գավաթները նեկտար ու ամբրոսիա լցնողը։ Երևի դրա համար էլ աստղային հին քարտեզագրքերում համաստեղությունը պատկերվել է սափորը ձեռքին մարդու տեսքով։ Սափորից առատորեն ջուր է հոսում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերգեյ Ներսիսյան, Աստղալից երկինք։ Երևան, «Դար», 2000 թ․: Էջեր 110-111։ ISBN 99930-845-1-4
  • Սլակ Կակոսյան։ Արարատյան դիցաբանություն։ Երևան «Արալեքս» 1990 թ.:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Համաստեղություններն ըստ իրենց զբաղեցրած տարածությունների
  2. Այսպես է կոչվում Հարավային Ձուկ, Կետ, Ձկներ, Էրիդանոս, Ջրհոս համաստեղություններն ընդգրկող տիրույթը, քանի որ թվարկված բոլոր համաստեղություններն անմիջականորեն կապ ունեն ջրի հետ։