Քնար (համաստեղություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Քնար (այլ կիրառումներ)
Քնար, Վահան
Համաստեղություն
Լատիներեն անվանում Lyra
Հապավում Lyr
Հիմնական աստղեր 5
Բայեր/Ֆլեմստիդ
աստղեր
25
Ճանաչված
մոլորակներով աստղեր
22
Պայծառ աստղեր 8
Ամենապայծառ աստղ Վեգա (α Lyr) (0.03մ)
Ասուպային հոսքեր Լիրիդներ
Հարևան
համաստեղությունները
Կարապ
Աղվեսիկ
Վիշապ
Հերկուլես
Տեսանելի է +90° և −-40°. լայնությունների միջև:
Ամենատեսանելին է հունիս ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին):

Քնար (լատիներեն Լyre, հունարեն λύρα) հյուսիսային կիսագնդի փոքր համաստեղությունններից է: Շրջապատված է Հերկուլես, Կարապ, Վիշապ, Աղվեսիկ համաստեղություններով: Տեսանելի է նաև հարավային կիսագնդից` ձմռան ամիսներին: Միջազգային աստղագիտական միության կողմից ճանաչված 88 համաստեղություններից մեկն է: Հին աշխարհում ընդգրկված է եղել Պտղոմեոսի կազմած համաստեղությունների ցուցակում:

Աստղերը [խմբագրել]

Քնարի ամենապայծառ աստղը` Վեգան (0.03m), հյուսիսային կիսագնդի պայծառությամբ երկրորդ աստղն է (Եզնարածի Արկտուրից հետո): Անվանումը գալիս է արաբական «ալ-նասր ալ վակ» բառից, ինչը թարգմանաբար նշանակում է հարձակվող անգղ: Վեգան ունի կապտասպիտակավուն երանգ և ամռան ու աշնան ամիսներին մութն ընկնելուն պես երկնքում գտնվում է մեր գլխավերևում` զենիթում: Ամառային եռանկյան անկյուններից մեկն է: Դեպի Վեգան է ուղղված Վիշապի գլուխը: Եթե Վեգան համեմատելու լինենք Արեգակի հետ, ապա այն վերջինից 51 անգամ ավելի էներգիա է առաքում և գտնվում է մեզանից 26.5 լուսատարի հեռավորության վրա, տրամագիծը մեծ է Արեգակի տրամագծից 2.5 անգամ: Վեգայի մոտ է գտնվում Լիրիդներ ասուպային հոսքի ռադիանտը (19-24 ապրիլ): Առավելագույն հոսքը` ապրիլի 22-ին: 1922թ. այստեղ դիտվել է «աստղային անձրև»:


Վեգայից մի փոքր վերև ու ձախ (հյուսիս-արևելք) գտնվում է ε Lyr-ը: Մինչև իսկ անզեն աչքով, իհարկե, սուր տեսողությամբ օժտված մարդիկ, կարող են տեսնել, որ այն կրկնակի աստղ է (5.1m և 5.1m): Իրենց հերթին ε1-ը և ε2-ը նույնպես կրկնակի աստղեր են, որոնց զանազանելու համար աստղադիտակ է անհրաժեշտ: Բոլոր 4 աստղերն էլ սպիտակ գույնի են:

Քնարի պատկերը


β Lyr-ը, որը գտնվում է համաստեղության ստորին աջ գագաթում, փոփոխական աստղ է: Այն 2.91 օրում իր պայծառությունն անընդհատ փոխում է 3.4m-ց մինչև 4.3m: γ և β աստղերի միջև գտնվում է «Օղակ» (M57) մոլորակաձև միգամածությունը: Քնար համաստեղության բնորոշ պատկերը γ (3.24m), β (3.38m), ζ(4.0m), δ (5.0m) աստղերով կազմված զուգահեռագիծն է:

Անվանումները [խմբագրել]

Համաստեղությունը մարմնավորում է առասպելական երաժիշտ Օրփեոսի քնարը: Առասպելի համաձայն, Զևսը արծվին կարգադրում է դուրս բերել Օրփեոսի մահից հետո գետն ընկած քնարը, և երկուսին էլ «տեղավորում է» երկնքում: Ավելի ուշ Քնարն անվանեցին Կրիա, որովհետև հնում քնարը պատրաստում էին կրիայի զրահից: Էլ ավելի ուշ այդ քնարն ամրացրին Անգղին և համաստեղությանը տվեցին որսի վրա հարձակվող թռչունի անունը: Հետագայում դրանք մերժվեցին, և մնաց միայն Քնարը:

Հայերը Քնար համաստեղությունը կոչել են Վահան:

Գրականություն [խմբագրել]

Սերգեյ Ներսիսյան, Աստղալից երկինք, Երևան, Դար, 2000թ, ISBN 99930-845-1-4