Կենդանակերպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելիոս-Արեգակը 12 համաստեղություններով և նրանց իշխող մոլորակներով շրջապատված: 13-րդ դարի բյուզանդական ձեռագրից:

Կենդանակերպը կամ կենդանաշրջանը (հին հունարեն՝ ζῳδιακός, լատիներեն zōdiacus՝ կենդանիների շրջան) Արեգակի տեսանելի ամենամյա ուղու երկայնքով դասավորված 12 համաստեղություններն են, որոնք խավարածիրը բաժանում են երկայնությամբ 12 հավասար հատվածների: Կենդանակերպը հայտնի էր մարդկությանը պատմության հնագույն շրջանից, հավանաբար այն ժամանակներից, երբ սկսվել են երկնքի սիստեմատիկ դիտումները: 12 նշանանոց կենդանակերպը զարգացրել է շումերա-բաբելական աստղաբաշխությունը, որը ժառանգելով դասական աստղագուշակությունը՝ հասցրել է այն մինչև մեր օրերը:

Կենդանաշրջանի հարթության մեջ իրենց ուղեծրերով շարժվում են Արեգակնային համակարգի մոլորակները, Արեգակն ու Լուսինը, այդ իսկ պատճառով այս համաստեղությունների շարքը հնուց ի վեր առանձնացվել և պաշտամունքի ու երկյուղածության առարկա է եղել, քանի որ համարվել է, թե նրանք են հսկում Արեգակի տարեկան շրջապտույտը և ազդում Երկրագնդի կյանքի վրա:

Խավարածրի և երկնային հասարակածի հատման 4 կետերը Երկրագնդի տարեկան շրջապտույտում
Արեգակի տեսանելի ճանապարհը կենդանակերպի համաստեղությունների միջով

Աստղագուշակական կենդանակերպեր[խմբագրել]

Կենդանակերպի նշանների գծապատկերներ՝ ընդունված արևմտյան աստղագուշակության և աստղագիտության մեջ

Աստղագուշակական տարբեր ուղղություններ օգտագործում են կենդանակերպի տարբեր տեսակներ։

Արևմտյան կենդանակերպ[խմբագրել]

Արևմտյան աստղագուշակությունը կիրառում է արևադարձային կենդանակերպը, որը ձևավորվել է հելլենիստական շրջանում․ այն գործածության մեջ է մտցվել մ. թ. ա 2-րդ դարում հույն աստղագետ Հիպարքոսի կողմից: Արևադարձային կենդանակերպի սկզբնակետը գարնանային գիշերահավասարն է, որը գտնվում է երկնոլորտի այն կետում, ուր հատվում են խավարածրի և երկնային հասարակածի հարթությունները, երբ Արեգակն անցնում է հարավային կիսագնդից հյուսիսային (մարտի 20 կամ 21)․ այդ կետը կենդանակերպի առաջին Խոյ նշանի 0 աստիճանն է: Մոտ երկուս ու կես հազարամյակի ընթացքում պրեցեսիայի հետևանքով արևադարձային կենդանակերպի նշանները այլևս չեն համընկնում կենդանակերպի համանուն համաստեղությունների հետ, և իրենից ներկայացնում է խավարածրի 12 հավասար մասերի բաժանումը գիշերահավասարների և արևադարձերի շրջադարձային կետերի նկատմամբ: Կենդանակերպի նշանների լատիներեն անվանումները և նրանց խավարածրային երկայնությունները արևադարձային կենդանակերպում հետևյալն են՝

Կենդանաշրջանը նշանների խավարածրային երկայնություններով:
  • Aries (0°) Խոյ
  • Taurus (30°) Ցուլ
  • Gemini (60°) Երկվորյակներ
  • Cancer (90°) Խեցգետին
  • Leo (120°) Առյուծ
  • Virgo (150°) Կույս
  • Libra (180°) Կշեռք
  • Scorpio (210°) Կարիճ
  • Sagittarius(240°) Աղեղնավոր
  • Capricorn(270°) Այծեղջյուր
  • Aquarius(300°) Ջրհոս
  • Pisces (330°) Ձկներ

Հնդկական կենդանակերպ[խմբագրել]

Հնդկական աստղագուշակության մեջ կենդանակերպը ևս բաղկացած է 12 նշաններից։ Կրելով հելլենիստական ազդեցություն՝ այն պահպանել է, սակայն, իր ավանդական առանձնահատկությունները։ Ի տարբերություն արևմտյան աստղագուշակության՝ հնդկականն օգտագործում է սիդերիկ կենդանակերպը, ուր կենդանակերպի նշանները համընկնում են համանուն համաստեղությունների իրական դիրքերի հետ, իսկ նշանների բաշխումը սկսվում է ոչ թե գարնանային գիշերահավասարից, այլ որոշակի աստղից (դրա պատճառով էլ այն կոչվում է սիդերիկ՝ աստղային): Հնդկական կենդանակերպի նշանների անվանումները հետևյալն են՝

Արևադարձային և սիդերիկ կենդանակերպեր:
  • Mesha (ոչխար կամ խոյ)
  • Vrishabha (ձի կամ ցուլ)
  • Mithuna (զույգ)
  • Karka (խեցգետին)
  • Simha (առյուծ)
  • Kanya (կույս)
  • Toola (կշեռք)
  • Vrishcika (կարիճ)
  • Dhanu (աղեղ կամ աղեղնավոր)
  • Makara (ջրային հրեշ՝ կոկորդիլոս կամ այծեղջյուր)
  • Kumbha (սափոր կամ ջրկիր)
  • Mina (ձկներ)

Այլ ավանդույթների կենդանակերպեր[խմբագրել]

Աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդների տոմարական համակարգերը իրենց համապատասխանություններն ունեն կենդանակերպի հետ, ուստի և ամսանունները համապատասխանում են կենդանակերպի նշանների անվանումներին։ Իր յուրահատկությամբ առանձնանում է չինական աստղաբաշխական համակարգը։ Մ. թ. ա. 2-րդ հազարամյակից չինացի աստղաբանները երկնոլորտը բաժանում էին 28 հատված-համաստեղությունների («լուսնային» կենդանակերպ) և 4 «սեզոնային» հատվածների, որոնցից յուրաքանչյուրը ներառնում էր 3 համաստեղություն և ըստ էության արեգակնային կենդանաշրջանի համարժեքն էր։ Հին Չինաստանում տարին սկսվում էր ձմեռային արևադրձից, ամիսը՝ նորալուսնից, իսկ օրը՝ կեսգիշերից։ Չինական աստղագուշակության մեջ գոյություն ուներ այսպես կոչված 5 աստղային դղյակների համակարգը՝ աշխարհի կողմերի հետ կապված, որոնք նաև համաստեղություններ էին։ 12 նշանանոց չինական կենդանակերպը 12 երկրային ճյուղերին համապատասխանող նշաններից է բաղկացած և անմիջականորեն կապված չէ իրական երկնային հմաստեղությունների հետ, այլ պարզապես խորհրդանշական համակարգ է, որն առնչվում է Յուպիտեր մալորակի («Մեծ իշխանի») 12 ամյա շրջապտույտի հետ։ Ամիսների, օրերի և ժամերի աստղաբաշխական նշանակությունը պարզելու համար 12 երկնային ճյուղերը համադրվում էին 10 երկնային սյուների և 12 երկնային դղյակների (արեգակնային կենդանակերպ) համակարգի հետ։ Չինական կենդանակերպի որոշ նշանները միայն խորհրդանշական համապատասխություններ ունեն արևմտյան և հնդկական կենդանակերպերի նշանների հետ․ դրանք են՝ Ցուլը, Ոչխարը կամ Այծը (Խոյ) և Վիշապը (Այծեղջյուր կամ ծովային հրեշ)։ Կելտական աստղագուշակության մեջ կենդանակերպի նշանները բուսական ծագում ունեն, այստեղ օգտագործվում է 13 նշանանոց լուսնային կենդանակերպը, որի սկզբնակետը ձմեռային արևադարձն էր, քանի որ այդ ժամանակ Արեգակը միևնույն կետում էր հայտնվում Գալակտիկայի կենտրոնի հետ։ Կելտական աստղաբաշխական համակարգը համատեղում էր երկրակենտրոն և արևակենտրոն համակարգերը։ Յուրահատուկ և ինքնատիպ աստղաբաշխական համակարգեր են զարգացրել նաև Ամերիկայի տեղաբնիկ ացտեկներն ու մայաները, որոնցից մեզ են հասել միայն պատառիկներ։

Կենդանակերպը աստղագիտության մեջ[խմբագրել]

Օձակիր համաստեղության աստղային քարտեզը:Atlas Coelestis, Ջոն Ֆլայմսթեդ, Լոնդոն, 1753

Ունենալով ընդհանուր ծագում աստղագուշակության հետ՝ աստղագիտությունն ավանդաբար օգտագործում է կենդանակերպը՝ երկնոլորտում Արեգակի և մոլորակների դիրքի կոորդինատները որոշելու համար։ Աստղագիտության մեջ, կենդանակերպը չունի որևէ այլ իմաստ ու նշանակություն, բացի երկնային կորդինատների համակարգ լինելուց։ Ի տարբերություն աստղաբաշխական կենդանակերպից՝ աստղագիտության մեջ կիրառվող կենդանակերպի նշանները հավասար 30 աստիճանանոց հատվածներ չեն, այլ տարբերվում են միմյանցից՝ կապված համաստեղության մեջ Արեգակի գտնվալու տևողությունից։ Այսպես, առավել ծավալուն է աստղագիտական Կույս համաստեղությունը, որի մեջ Արեգակը գտնվում է մոտ 44 օր (սեպտեմբերի 17 — հոկտեմբերի 31), իսկ ամենակարճ համաստեղությունը Կարիճն է, որի միջով Արևն անցնում է 7 օրվա ընթացքում։ Աստղագիտական կենդանակերպում ներառնվում է նաև Օձակիր համաստեղությունը, որի մեջ Արևը գտնվում է մոտ 18 օր (նոյեմբերի 30 — դեկտեմբերի 18)։ Այս համաստեղությունը չի կիրառվել դասական աստղաբաշխական կենդանակերպում. որոշ ուղղություններ հաշվի են առնում միայն նրա խորհրդաբանական նշանակությունը (օձերին հմայող, վարժեցնող)՝ գումարելով այն Կարիճի նշանի վերջում և Աղեղնավորի սկզբում (արևադարձային կենդանակերպ) գտնվող մոլորակների կամ լուսատուների որակների նկարագրությանը։ Սակայն ամենատարբեր տոմարային համակարգերում կիրառվում էր այսպես կոչված հավելյալ՝ 13-րդ ամիսը՝ օրացույցային տարվա օրերի քանակությունը իրական արեգակնային տարվան համապատասխանեցնելու համար։ Այդ օրերը հատուկ խորհուրդ ունեին․ նրանք համարվում էին վտանգավոր և հաճախ կապված էին մահվան և վերածննդի հետ՝ հատկություններ, որոնք վերագրվում են նաև Օձակիր համաստեղությանը։

Արեգակը կենդանակերպի նշաններում և համաստեղություններում[խմբագրել]

Նշան Գծապատկեր Արեգակի գտնվելու մոտավոր ժամկետները
Արևմտյան աստղագուշակություն Հնդկական աստղագուշակություն Համաստեղություն (Միջազգային աստղագիտական միություն, որոշված 1977 թվականի համար)
Խոյ Խոյ մարտի 21ապրիլի 20 ապրիլի 14մայիսի 14 Խոյ, ապրիլի 19մայիսի 14
Ցուլ Ցուլ ապրիլի 21մայիսի 21 մայիսի 15հունիսի 14 Ցուլ, մայիսի 14հունիսի 21
Երկվորյակներ Երկվորյակներ մայիսի 22հունիսի 21 հունիսի 15հուլիսի 16 Երկվորյակներ, հունիսի 21հուլիսի 21
Խեցգետին Խեցգետին հունիսի 22հուլիսի 22 հուլիսի 17օգոստոսի 16 Խեցգետին, հուլիսի 21օգոստոսի 11
Առյուծ Առյուծ հուլիսի 23օգոստոսի 23 օգոստոսի 17սեպտեմբերի 16 Առյուծ, օգոստոսի 11սեպտեմբերի 17
Կույս Կույս օգոստոսի 24սեպտեմբերի 23 սեպտեմբերի 17հոկտեմբերի 17 Կույս, սեպտեմբերի 17հոկտեմբերի 31
Կշեռք Կշեռք սեպտեմբերի 24հոկտեմբերի 23 հոկտեմբերի 18նոյեմբերի 16 Կշեռք, հոկտեմբերի 31նոյեմբերի 23
Կարիճ Կարիճ հոկտեմբերի 24նոյեմբերի 22 նոյեմբերի 17դեկտեմբերի 15 Կարիճ, նոյեմբերի 23նոյեմբերի 30
Օձակիր, նոյեմբերի 30դեկտեմբերի 18
Աղեղնավոր Աղեղնավոր նոյեմբերի 23դեկտեմբերի 21 դեկտեմբերի 16հունվարի 14 Աղեղնավոր, դեկտեմբերի 18հունվարի 19
Այծեղջյուր Այծեղջյուր դեկտեմբերի 22հունվարի 20 հունվարի 15փետրվարի 12 Այծեղջյուր, հունվարի 19փետրվարի 16
Ջրհոս Ջրհոս հունվարի 21փետրվարի 18 փետրվարի 13մարտի 14 Ջրհոս, փետրվարի 16մարտի 12
Ձկներ Ձկներ փետրվարի 19մարտի 20 մարտի 15ապրիլի 13 Ձկներ, մարտի 12ապրիլի 19

Կենդանակերպի աստղաբաշխական խորհրդաբանությունը[խմբագրել]

Արեգակի և Լուսնյակի ճանապարհը աստղային երկնքում:Պղնձե սկավառակ Նեբրայից, Գերմանիա, ~ մ.թ.ա. 2-րդ հազարամյակ:

Կենդանակերպի նշանները խորհրդանշող գծապատկերները հայտնի են մարդկությանը նախնադարից, այդ են վկայում ժայռապատկերները։ Դիտելով աստղային երկինքը նախնադարյան մարդը ստեղծել է տիեզերքի քարտեզներ, որն անկասկած հնագույն տիեզերագիտության դրսևորումներից է։ Այդ քարտեզներն ունեին ոչ միայն ճանաչողական, այլև ուրույն խորհրդաբանական և պաշտամունքային բնույթ, որի հետքերը պահպանվել են հազարամյակների խորքից մեզ հասած աստղագուշակության մեջ։ Կենդանակերպի համաստեղությունները ամենևին պատահական չեն նմանեցվել որոշակի կենդանիների կամ մարդկանց, լույսի և կյանքի աղբյուր Արեգակի տարեկան շրջապտույտի ճանապարհին հաջորդաբար հայտնվող աստղերի խմբերը ունեն խորը նախնադարից եկող դիցաբանական և ծիսական բովանդակություն(տես Աստղաբանություն և դիցաբանություն, Աստղաբանություն և բանահյուսություն հոդվածները)։ Այդ բովանդակությանը համապատասխան կառուցվում էր ողջ երկրային կյանքը, մեկը մյուսին փոխարինելու էին գալիս քաղաքակրթություններ, կառուցվում հսկայական խորհրդավոր շինություններ և այլն։

Երկրի պտտման առանցքի դանդաղ առաջխաղացումը, որն ուղղահայաց է խավարածրին, հայտնի է իբրև պրեցեսիայի երևույթ։ Պրեցեսիայի առանցքը հաջորդաբար տեղափոխվում է կենդանակերպի մի համաստեղությունից մյուսը մոտ 2160 տարվա ընթացքում, ամբողջ կենդանաշջանով շրջապտույտ գործելով ~25920 տարվա ժամանակահատվածում, որը հայտնի է նաև Պլատոնի տարի անվանմամբ։ Պրեցեսսիայի հետևանքով գարնանային գիսերահավասարի կետը տեղաշարժվում է կենդանակերպի համաստեղություններով ևհենց այդ է պատճառը, որ արևադարձային կենդանակերպը տարբերվում է սիդերիկ կենդանակերպից։ Ենթարկվելով պրեցեսիայի երևույթին մարդկության պատմության մեջ տեղի են ունեցել խոշոր քաղաքակրթական տեղաշարժեր։ Հնդեվրոպական ժողավուրդների առասպելաբանության մեջ ամենատարածվածներից են այսպես կոչված երկվորյակային առասպելները, որոնց խորհրդաբանությունը հավանաբար կապված է Երկվարյակներ համաստեղության հետ, ուր գարնանային գիշերահավասարի կետը գտնվել է մ.թ.ա. 6-4 հազարամյակներում, երբ հնդևվրոպական ընդհանրությունը դեռևս տրոհված չէր։ Եգիպտական քաղաքակրթության ամենատարածված խորհրդանիշը՝ Ցուլն է, համանուն համաստեղության մեջ գտնվում էր գարնանային գիշերահավասարի կետը Հին Եգիպտոսի զարգացման և ծաղկման դարաշրջանում՝ մ.թ.ա.3-րդ հազարամյակում։ Քաջարի աիրացիների /որոնց խորհրդանիշը մարտաշունչ խոյն էր/ էքսպանսիվ նվաճումները հանգեցրեցին հելլենիստական քաղաքակրթության ստեղծմանն ու տարածմանը, ժամանակաշրջան, որը համապատասխանում է գարնանային գիշերահավասարի գտնվելուն Խոյ համաստեղության մեջ/~մ.թ.ա. 2000-մ.թ.0/։ Հենց այս ժամանակաշրջանի կենդանակերպը գործածում է արևմտյան ասըղաբաշխությունը։ Մեր թվարկության սկզբում գարնանային գիշերահավասարի կետը տեղափոխվեց Ձկներ համաստեղության մեջ, առաջին քրիստոնյաների խորհրդանիշ ձուկը երկնային այդ փաստի դրսևորումներից մեկն է։

Տարվա եղանակներին համապատասխանող տարրերքներն ու Կենդանակերպը: Պատկեր "Իրերի հատկությունների մասին" գրքից, Ֆրանսիա, 15-րդ դար:

Աստղաբաշխական ավանդության համաձայն կենդանակերպի նշանների դասավորվածությունը թույլ է տալիս նկարագրել ցանկացած գործընթաց՝ նրա ծագումը, զարգացունմ ու անկումը։ Առավել ցայտուն այն արտահայտվում է տարվա եղանակների հերթափոխության մեջ։ Գարնանը բնությունը բուռն ծաղկում ու զարթոնք է ապրում, որն արտահայտում է կենդանակերպի առաջին 3/գարնանային/ նշանների բնույթը, որոնք համապատասխանում են մարդկային կյանքի մանկության ժամանակաշրջանին։ Ամռանը բնության պտղաբերության ժամանակն է, ամառային նշանների շարքը սկսվում է պտղաբերությունը մարմնավորող Խեցգետին նշանից և ավարտվում արգասաբեր Կույսով, սա մարդկային կյանքի ծաղկուն երիտասարդությունն է։ Աշնանային նշանները կապված են հասուն տարիքի հետ, իսկ բնության մեջ նկատվող անկումն առավել ցայտուն է արտահայտված Կարիճ նշանում, որը մաահվան ու վերածնության խորհուրդն ունի։ Ձմեռային նշանները ծերության և մարդկային կյանքի ավարտի իմաստավորումն են կրում, նրանք հաղորդակից են դարձնում մարդուն տիեզերական հիմնարար խորհրդաբանության հետ, այն յուրահատուկ կերպով բացահայտում է Ձկներ նշանը, որի դարաշրջանում ծնվել և զարգացել է քրիստոնեությունը։

Գրականություն[խմբագրել]

  • Հայկական Սովեսական Հանրագիտարան /ՀՍՀ/.-Երևան 1979, 1983; հատոր 5, էջ 365, հատոր 9, էջ 427
  • Э.Алан Мис. Гороскоп нового тысячелетия.-М։Крон-Пресс,1998.стр.26-34.
  • Хелена Патерсон. Кельтская астрология.-М.-К.։Relif-book, Ваклер, 1996.

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]