Աստղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Աստղ (այլ կիրառումներ)
Աստղեր:

Աստղ, երկնային մարմին, որի ներսում կատարվում են միջուկային ռեակցիաներ[1]։ Աստղերը իրենցից ներկայացնում են մեծ լուսարձակող գազային միացություններ (գնդեր), որոնք առաջանում են հիմնականում գազափոշային միացություններից (հիմնականում ջրածնից և հելիումից) գրավիտացիոն սեղմումների հետևանքով։ Աստղի միջուկի ջերմաստիճանը չափվում է միլիոնավոր կելվիններով, իսկ մակերևույթի ջերմաստիճանը՝ հազարավոր կելվիններով։ Աստղերի մեծամասի համար էներգիայի գոյացման պատճառը նրանց մեջ ընթացող միջուկային ռեակցիաներն են, ինչի հետևանքով ջրածինը վերածվում է հելիումի. փոխարկումը կատարվում է բարձր ջերմաստիճաններում։ Աստղերը անվանում են տիեզերքի հիմնական մարմիններ, քանզի նրանք հանդիսանում են բնության հիմնական լուսավորող մարմինները։

Երկրագնդին ամենամոտ գտնվող աստղը Կենտավրոսի Պրոքսիման է, որը գտնվում է Երկիր մոլորակից 4,2 լուսային տարի հեռավորության վրա (4,2 լուս. տարի =39 տրիլլիոն կմ = 3,9 x 1013 կմ)։ Անզեն աչքով երկնքում կարելի է նկատել մոտ 6000 աստղ, 300-ական ամեն կիսագնդում, որոնք բոլորն էլ գտնվում են մեր գալակտիկայում։ Արեգակը տիպիկ G կարգի դասին պատկանող աստղ է։

Տեսողական կրկնակի աստղեր[խմբագրել]

Այսպիսի աստղազույգի բաղադրիչները կարելի է անմիջականորեն դիտել աստղադիտակով կամ դրանցով ստացված լուսանկարների վրա։ Կրկնակի աստղերից մեկը, որը կարելի է տեսնել անզեն աչքով, Մեծ Արջի համաստեղության շերեփի ծայրից հաշված երկրորդ աստղն է՝ Միցարը, որի կողքին նկատվում է 4m աստղային մեծության երկրորդ աստղը՝ Ալկորը։ Հայտնի են 70000-ից ավելի տեսողական-կրկնակի աստղեր։

Խավարուն-կրկնակի աստղեր[խմբագրել]

Խավարուն-կրկնակի աստղերը աստղազույգեր են, որոնց աստղերն իրենց ուղեծրերով շարժվելիս պարբերաբար ծածկում են մեկը մյուսին և տեղի է ունենում կրկնակի աստղի գումարային պայծառության նվազում։ Խավարուն-կրկնակի աստղի դասական օրինակ է Ալգոլը՝ Պերսևս համաստեղության երկրորդ աստղը (β Per)։

Սպեկտրային կրկնակի աստղեր[խմբագրել]

Դրանք այն աստղերն են, որոնց կրկնակիությունը հայտնաբերվում է հատուկ սարքերի՝ սպեկտրագրիչների, միջոցով։

Օպտիկական կրկնակի աստղեր[խմբագրել]

Տարածության մեջ դիտողի տեսագծի ուղղությամբ երկու աստղ կարող են իրարից շատ հեռու լինել և երկնոլորտում միայն պատահականորեն կարող են հայտնվել իրար մոտ, այսինքն՝ պրոյեկցիայում դիտվել կողք-կողքի։ Դրանք օպտիկական կրկնակի աստղերն են։ Այդպիսի մի վառ օրինակ է վերը նշված Միցար և Ալկոր աստղազույգը։ Սա միակ դեպքն է, երբ կրկնակի աստղը միաժամանակ և՛ տեսողական, և՛ օպտիկական կրկնակի է։

Ծանոթագրություններ[խմբագրել]