Տիեզերք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեսանելի տիեզերքից մի հատված (լուսանկարված Հաբլ տիեզերական աստղադիտակի կողմից)

Տիեզերք, ընդհանրական տերմին, որը վերաբերում է գոյություն ունեցող ամեն ինչին, այդ թվում՝ մոլորակներին, աստղերին, գալակտիկաներին, միջգալակտիկական տարածություններին, ընդհանուր առմամբ՝ գոյություն ունեցող ողջ էներգիան և մատերիան (նյութական աշխարհը)։

Գիտության մեջ տարբերակվում են «տեսանելի տիեզերք» և «տեսական տիեզերք» հասկացությունները։ Քանի որ լույսի արագությունը սահմանափակ է, մեզ հասանելի են տիեզերքի միայն մեկ հատվածից եկող լուսային ճառագայթները։ Ըստ որում, տիեզերքի որքան ավելի հեռավոր հատվածներ ենք դիտարկում, այնքան ավելի հեռավոր անցյալից է պատկերը (լուսային ճառագայթը ավելի երկար ժամանակում է հասել մեզ մոտ)։ Ներկա տվյալներով, տեսանելի տիեզերքի տրամագիծը կազմում է մոտավորապես 93 միլիարդ լուսային տարի։

Ըստ Մեծ պայթյունի տեսության, տիեզերքը առաջացել է 13,798 միլիարդ (± 0,037 միլիարդ) տարի առաջ։

Տիեզերքը մեզ շրջապատող անսահման և հավերժական նյութական աշխարհն է, Երկրից մինչև տիեզերական տարածության ամենահեռուներում ֆիզիկապես գոյություն ունեցող ամեն ինչը: Տիեզերքն ընդգրկում է անթիվ բազմությամբ գալակտիկաներ: Մեզ տեսանելի ամենահեռավոր գալակտիկաներն այնքան հեռու են մեզանից, որ դրանցից եկող լույսը մեզ է հասնում միլիարդավոր տարիների ընթացքում: Մեզանից շատ առաջ մարդիկ կարծում էին, թե Երկիրը Տիեզերքի կենտրոնն է: Այժմ մենք գիտենք, որ չնայած Երկիրը բացառիկ կարևորություն ունի մեզ համար, բայց այն Արեգակի շուրջը պտտվող ընդամենը մի փոքրիկ մոլորակ է, իսկ Արեգակը՝ ընդամենը մեր Գալակտիկայի միլիոնավոր սովորական աստղերից մեկը: Աստղերն ինքնալուսարձակող, ջրածնի ու հելիումի գազային վիթխարի գնդեր են, որոնց կենտրոնում ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր, իսկ մակերևույթին՝ հազարավոր աստիճանների: Բացի Երկրից, Արեգակի շուրջը պտտվում են ևս 9 մեծ մոլորակներ (Մերկուրի, Վեներա, Մարս, Յուպիտեր, Սատուռն, Ուրան, Նեպտուն, Պլուտոն և 10-րդ) ու հազարավոր փոքր մարմիններ՝ աստղակերպներ ու գիսավորներ: Բայց դրանք, նույնիսկ միասին վերցրած, զանգվածով շուրջ 100 անգամ փոքր են Արեգակից: Որպեսզի գաղափար կազմենք Տիեզերքի չափերի մասին, դրանք համեմատենք Երկրից դիտվող երկնային մարմինների հեռավորությունների հետ: Լույսի ճառագայթը, որը տարածվում է 300.000 կմ/վ արագությամբ, 1 վայրկյանում կարող է մոտ 8 անգամ պտտվել երկրագնդի շուրջը: Որպեսզի լույսն Արեգակից Երկիր հասնի, հարկավոր է 8 րոպեից մի փոքր ավելի ժամանակ: Մինչդեռ մեզ ամենամոտ Պրոքսիմա աստղից, որը գտնվում է Կենտավրոս համաստեղությունում, լույսը Երկիր է հասնում միայն 4 տարի 4 ամսում: Գիտնականներին հայտնի են բազմաթիվ աստղեր, որոնցից լույսի ճառագայթները մեզ հասնում են հարյուրավոր, հազարավոր, միլիոնավոր, նույնիսկ միլիարդավոր տարիների ընթացքում: Քանի որ աստղերից եկող լույսը մեզ է հասնում այդքան երկար ժամանակամիջոցում, մենք այժմ աստղերը տեսնում ենք այնպիսին, ինչպիսին դրանք իրականում եղել են հարյուրավոր, հազարավոր, միլիոնավոր տարիներ առաջ: Այսինքն` երբ նայում ենք Տիեզերքի խորքերը, մենք, ըստ էության, նայում ենք վաղուց անցած-գնացած ժամանակներին:

Տես նաև[խմբագրել]