Կոնվեկցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնվեկցիայի մեխանիզմը

Կոնվեկցիա (լատ. convectio — բերել-հասցնելը, մատուցելը), ջերմության փոխանցում հեղուկներում, գազերում կամ սորուն միջավայրերում ՝ նյութի տեղաշարժի հետևանքով։ Տաք, նոսր օդը բարձրանում է, սառը, խիտ օդը իջնում (արքիմեդյան ուժի ազդեցության տակ)՝ մի քանի մ/վ-գ մինչև 20-30 մ/վ արագությամբ: Կոնվեկցիան հզոր կարկտաբեր՝ կույտաանձրևային ամպերի առաջացման նախապայմանն է: Վերընթաց հոսանքների ժամանակ բարձրացող օդն ընդարձակվում է և յուրաքանչյուր 100 մ բարձրանալիս սառչում է 1°C-ով (չոր ադիաբատ գրադիենտ): Գոլորշիների խտացումն սկսվելուց հետո, թաքնված ջերմության անջատման շնորհիվ, յուրաքանչյուր 100մ-ի վրա օդը տաքանում է աստիճանի մի քանի տասնորդական մասով (խոնավ ադիաբատ գրադիենտ): Տարբերում են բնական (կամ ազատ) և ստիպողական կոնվեկցիա։ Բնական կոնվեկցիայի ժամանակ նյութի տեղաշարժը կատարվում է միայն միջավայրի տարբեր մասերում ջերմաստիճանների (հետևաբար և խտությունների) տարբերության հետևանքով։ Ստիպողական կոնվեկցիան հիմնականում պայմանավորված է արտաքին գրգռիչի (պոմպ, խառնիչ և այլն) ազդեցությամբ։ Կոնվեկցիայի շնորհիվ տեղի է ունենում հեղուկների և գազերի տաքացում, ինչպես բնական պայմաններում (մթնոլորտում, օվկիանոսում), այնպես էլ զանազան տեխնիկական սարքավորումներում։ Ազատ Կոնվեկցիան բնորոշ է Սևանի ավազանին, որտեղ տարվա տաք եղանակին լեռնալանջերի և լճի մակերևույթի տարբեր տաքացվածության պայմաններում ձևավորվում են տաք, խոնավ օդի վերընթաց հոսանքներ՝ նպաստելով կույտւսանձրևային ամպերի առաջացմանը, և հաճախ ուղեկցվում հորդառատ անձրևներով: Ազատ Կոնվեկցիան հատուկ է նաև Արարատյան դաշտին, ապրիլ-սեպտեմբերին (ցերեկային ժամերին) մակերևույթի սաստիկ տաքացման հետևանքով դիտվում են վերընթաց հոսանքներ, որոնք առաջացնում են կարկտաբեր ամպեր, դրանով են պայմանավորված Արարատյան դաշտում հաճախ դիտվող կարկտային տեղումները: ՀՀ տարածքում ստիպողական Կ. հիմնականում դիտվում է Գեղամա, Վարդենիսի, Զանգեզուրի լեռնային շրջաններում՝ հարավից ու հարավարևմուտքից աշնանն ու գարնանը ներթափանցող մթնոլորտային ճակատների դեպքում: Լեռնային ռելիեֆի պայմաններում Կոնվեկցիան ընթանում է 2 փուլով՝ լեռնալանջերի շրջահոսման ժամանակ տեղի է ունենում օդի ստիպողական բարձրացում, ապա, հասնելով ջրային գոլորշու խտացման մակարդակին, ջերմության անջատման հետևանքով զարգանում է նաև ազատ Կոնվեկցիա:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png