Պարացելս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարացելս

Պարացելս (Ֆիլիպ Աուրեոլ Թեոֆրաստ Բոմբաստ ֆոն Գոգենհեյմ), 16-րդ դարի գերմանացի բժիշկ, աստվածաբան։ Զբաղվել է նաև ալքիմիայով և աստղագուշակությամբ։ Համարվում է առաջին համակարգային բուսաբանը։

Կյանքը [խմբագրել]

1493 թ. հոկտեմբերի 24-ին բժշկի ընտանիքում ծնվել է Պարացելսը: Գոգենհեյմերի ընտանիքը սերում էր հին ազնվական տոհմից: Բայց, ավելի ուշ, գիտնականը կնախընտրի իրեն Պարացելս կոչել, որը լատիներեն նշանակում է «Ցելսից վերև»:

Բժշկման հիմքերը տղային դեռևս մանկության ժամանակ տվել է հայրը, օկուլտական գիտությունների հետ ծանոթացրել է աբբա Հովհան Տրիտեմիյը` Վյուրցբուրգում: Իսկ բժշկության դոկտորի աստիճան Պարացելսը ստացել է Ֆերրարի (Իտալիա) համալսարանում կրթություն ստանալուց հետո:

1517 թ. սկսած` 10 տարի շարունակ, նա ճանապարհորդել է եվրոպական համալսարաններում` որպես ունկնդիր և ռազմական բժիշկ: Նա եղել է գրեթե բոլոր եվրոպական երկրներում, անգամ Հյուսիսային Աֆրիկայում, Պաղեստինում: 1527 թ.` վերադառնալով Շվեյցարիա, Բազելում նա սկսում է աշխատել որպես բժիշկ:

Այստեղ նա, խախտելով ընդունված կարգը, սկսում է բժշկություն դասավանդել ոչ թե լատիներենով, այլ գերմաներենով: Մեկ տարի դասավանդելուց հետո նրա մանկավարժական գործունեությունը երկարատև ընդմիջվում է:

Այդ տարիներին Պարացելսը նորից շատ էր ճանապարհորդում և զբաղվում էր հետազոտություններով, ալքիմիական փորձերով։ Նրա նվաճումներից են, օրինակ, սիլիկոզի պատճառի բացատրությունը, ժանտախտի պատվաստանյութի նախատիպի հայտնագործությունը: Պարացելսը կանգնած էր դեղագիտության սկզբնաղբյուրների հայտնագործման շեմին, մշակել է նմանության սկզբունքը, որի վրա հիմնված է ժամանակակից հոմեոպաթիան:

Պարացելսը կտրուկ հանդես է գալիս սխոլաստիկ բժշկության դեմ՝ դրան հակադրելով դիտողությունը և փորձը: Նա ժխտում էր հների ուսմունքը` մարդկային մարմնի չորս հեղուկների մասին և կարծում էր, որ բոլոր գործընթացները, որոնք տեղի են ունենում օրգանիզմում, քիմիական գործընթացներ են:

Բժիշկ Պարացելսը ուսումնասիրել է նաև տարբեր քիմիական տարրերի և միացությունների բուժիչ ազդեցությունը: Քիմիան մոտեցնելով բժշկությանը՝ Պարացելսը համարվում է յաթրոքիմիայի հիմնադիրը: Նա դեղեր էր պատրաստում բույսերից և դրանք կիրառում մզվածքների և էլիքսիրների տեսքով, զարգացրել էր այն ժամանակվա համար նոր պատկերացում` դեղերի չափաբաժնի վերաբերյալ, օգտագործել հանքային աղբյուրներ՝ բուժիչ նպատակների համար:

Պարացելսը ստեղծել է ուսմունք «արխեե»՝ բարձր հոգևոր սկզբունքի մասին, իբր օրգանիզմի կենսագործունեությունը կարգավորող: Իր բժշկական հայացքները նա նկարագրում է «Պարամիրում», «Պարագրանումոմ», «Մոլորված դեղագործների լաբիրինթ» աշխատություններում: Գիտնականի գրչին են պատկանում նաև փիլիսոփայական աշխատանքներ՝ «Թաքնված փիլիսոփայություն», «Մեծ աստղագիտություն», «Գիրք նիմֆերի, սիլֆերի, պիգմեյների, սալամանդրների, գիգանտների և այլ հոգիների մասին»:

Պարացելսը մահացել է 1541 թ. սեպտեմբերի 24-ին` Զալցբուրգում: