Կենդանակերպի նշաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կենդանակերպի նշաններ (այլ կիրառումներ)

Կենդանակերպի նշանները կենդանակերպի 12 հավասար հատվածներն են։ Նրանց աստղագուշակական իմաստավորումը, վերագրվող արժեքներն ու նշանակությունները տարբերվում են աստղաբանական տարբեր ավանդություններում։ Արևմտյան և հնդկական աստղագուշակությունների մեջ կարևորվում են հատկապես լուսատուների և մոլորակների զբաղեցրած դիրքերը Կենդանակերպի նշաններում։ Մյուս աստղագուշակական ավանդություններում առավել մեծ նշանակություն է տրվում օրացույցային տարիների և մոլորակների հատուկ պարբերաշրջաններին։ Սակայն բոլոր աստղագուշակական ավանդությունները միավորում է մեկ հիմնարար սկզբունք՝ ուսումնասիրվող երևույթի սկզբնավորման պահն իմանալու և վերլուծելու անհրաժեշտությունը։ Կապված նրանից, թե ծննդյան պահին երկնակամարի որ հատվածն էր ելնում արևելքում, որոշում էին սկսվող տարվա բնույթը, պետությունների, շինությունների, մարդկանց և ցանկացած այլ երևույթների ճակատագրերը։

Արևմտյան կենդանակերպի նշանները և նրանց դասակարգումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանակերպի նշաններն ըստ տարրերքների։ 16-րդ դարի եվրոպական ձեռագրից

Արևմտյան կենդանակերպի նշանները ստորաբաժանվում են մի շարք սկզբունքների հիման վրա։ Նրանք բազմազան են՝

  • Միմյանց նկատմամբ ունեցած հայեցողությունների համաձայն։ Եռանկյունի հայեցողությունը/120°/ տալիս է 12 նշանների բաժանումը՝ ըստ 4 դասական տարերքների՝ հուր, օդ, հող և ջուր /3×4/։ Քառանկյուն հայեցողությունը/90°/ առաջացնում է կենդանակերպի խաչաբաժանումը 3 որակների՝ հիմնական կամ շարժուն, կայուն կամ սևեռուն և փոփոխական կամ հասարակ /4×3/։
  • Ըստ տարվա եղանակների՝ 4 քառորդների. գարուն՝ ջերմ, խոնավ և սանգվինիկ, ամառ՝ ջերմ, չոր և խոլերիկ, աշուն՝ ցուրտ, չոր և մելանխոլիկ, ձմեռ՝ ցուրտ, խոնավ և ֆլեգմատիկ։
  • Ըստ տարերքի և հերթականության՝ արական և իգական, ցերեկային և գիշերային, ջերմ և ցուրտ։
  • Ըստ տարերքների և աշխարհի կողմերի՝ հյուսիսային, հարավային, արևելյան և արևմտյան։
  • Ըստ ելման տևողության՝ ուղիղ ու երկար ելման նշաններ և կարճ ու թեք ելման նշաններ։

12 նշանների բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշան Պատկեր Տարերք Որակ Հատկություն Տարվա եղանակ Աշխարհագրական կողմ Ելման տևողություն
Խոյ Խոյ Հուր Հիմնական կամ շարժուն Արական, ցերեկային, ջերմ և չոր Գարուն Արևելք Կարճ և թեք
Ցուլ Ցուլ Հող Կայուն կամ սևեռուն Իգական, գիշերային, ցուրտ և չոր Գարուն Հարավ Կարճ և թեք
Երկվորյակներ Երկվորյակներ Օդ Փոփոխական կամ հասարակ Արական, ցերեկային, ջերմ և խոնավ Գարուն Արևմուտք Կարճ և թեք
Խեցգետին Խեցգետին Ջուր Հիմնական կամ շարժուն Իգական, գիշերային, ցուրտ և խոնավ Ամառ Հյուսիս Ուղիղ և երկար
Առյուծ Առյուծ Հուր Կայուն կամ սևեռուն Արական, ցերեկային, ջերմ և չոր Ամառ Արևելք Ուղիղ և երկար
Կույս Կույս Հող Փոփոխական կամ հասարակ Իգական, գիշերային, ցուրտ և չոր Ամառ Հարավ Ուղիղ և երկար
Կշեռք Կշեռք Օդ Հիմնական կամ շարժուն Արական, ցերեկային, ջերմ և խոնավ Աշուն Արևմուտք Ուղիղ և երկար
Կարիճ Կարիճ Ջուր Կայուն կամ սևեռուն Իգական, գիշերային, ցուրտ և խոնավ Աշուն Հյուսիս Ուղիղ և երկար
Աղեղնավոր Աղեղնավոր Հուր Փոփոխական կամ հասարակ Արական, ցերեկային, ջերմ և չոր Աշուն Արևելք Ուղիղ և երկար
Այծեղջյուր Այծեղջյուր Հող Հիմնական կամ շարժուն Իգական, գիշերային, ցուրտ և չոր Ձմեռ Հարավ Կարճ և թեք
Ջրհոս Ջրհոս Օդ Կայուն կամ սևեռուն Արական, ցերեկային, ջերմ և խոնավ Ձմեռ Արևմուտք Կարճ և թեք
Ձկներ Ձկներ Ջուր Փոփոխական կամ հասարակ Իգական, գիշերային, ցուրտ և խոնավ Ձմեռ Հյուսիս Կարճ և թեք

Ժամանակակից արևմտյան աստղագուշակության մեջ կենդանակերպի ամեն մի նշանի համար ընդունված են ընդհանրացված բնութագրեր։ Առանձին որևէ նշանի բնութագիր, սակայն, երբեք լիարժեք չի նկարագրում կոնկրետ անհատին, քանի որ նրա նատալում կամ հորոսկոպում կարող են արտահայտված լինել մի քանի նշաներ, ուստի և այդ անձի բնութագրում պետք է հաշվի առնել այդ նշանների և նրանցում առկա մոլորակների հատկություններն ու որակները։ Մարդու հոգեբանական դիմանկարը, որը տրվում է նրա արևային նշանի հիման վրա, բուն աստղաբանական վերլուծական գործընթացի շերտերից մեկն է միայն։

  • Խոյ/հուր, հիմնական կամ շարժուն/. նշանի կարգախոսն է՝ "Ես կամ"։ Ուժեղ արտահայտված Խոյ նշանն անհատին դարձնում է քաջարի, խիզախ, եռանդուն, աշխույժ, գործունյա, իմպուլսիվ, համառ, տոկուն, ուղղամիտ, իրատես, կրքոտ, ղեկավարող և առաջնորդ։ Բնորոշ բացասական գծերից են չզսպվածությունը, ագրեսիվությունը, անհատապաշտությունը, անկանխատեսելիությունը, անհանդուրժողականությունը, անհամբերությունը, մեծամտությունը, ժամանակավրեպ քայլերը, կամակորությունը, ծայրահեղականությունը։ Խոյն աստղագուշակության մեջ համարվում է ռազմաշունչ Մարս մոլորակի իշխանության տակ գտնվող նշան, Արեգակը գահակալում է այստեղ։ Բժշկական աստղագուշակության մեջ Խոյը ղեկավարում է մարդու մարմնի մասերից գլուխն ու գանգը, հիվանդություններից՝ բոլոր սուր և բորբոքային իրավիճակները, արյան հիվանդությունները և այլն։ Բնության մեջ Խոյ նշանին համապատասխանում են խարույկն ու անկառավարելի բոցը՝ հրդեհը, արևի փայլն ու բնության զարթոնքը։
  • Ցուլ/հող, կայուն կամ սևեռուն/. նշանի կարգախոսն է՝ "Ես ունեմ"։ Ուժեղ արտահայտված Ցուլ նշանի դեպքում մարդը հնարամիտ է, վստահելի, պատասխանատու, համբերատար, հանգիստ, հանդուրժող, կայուն, զգայուն, ուժեղ, զգուշավոր, իրատես, գործունյա, բեղուն, երաժշտասեր և արտիստիկ։ Բացասական գծերից են՝ կամակորությունը, ժլատությունը, ֆորմալիզմը, անվստահությունը սոփական ուժերի նկատմամբ, թուլակամությունը, դանդաղաշարժությունն ու կարծրամտությունը։ Ցուլն աստղագուշակության մեջ իշխում է Վեներա մոլորակը, որն արվեստի, գեղեցկության ու տռփանքի հովանավորն է, գահակալում է այստեղ Լուսինը։ Բժշկական աստղագուշակության մեջ Ցուլը տիրապետում է վզին ու կոկորդին ու նրանց հետ կապված հիվանդություններին։ Բնության մեջ Ցլին համապատասխանում են ծաղկող այգիներն ու մարգագետինները, կանաչ դաշտերն ու պտղաբեր վարելահողը։
  • Երկվորյակներ/օդ, փոփոխական կամ հասարակ/. նշանի կարգախոսն է՝ "Ես մտածում եմ"։ Ուժեղ արտահայտված Երկվորյակների դեպքում մարդը արագախոս է, բազնակողմանի, հետաքրքրասեր է, կենսունակ, ակտիվ, շփվող, աշխույժ, արագաշարժ և կենսախինդ։ Բացասական գծերից են անհանգստությունը, ցրվածությունը, երկերեսանիությունը, մակերեսայնությունը, անկայունությունը, դյուրահավատությունն ու շատախոսությունը/բամբասանք/։ Երկվորյակներին աստղագուշակության մեջ իշխում է Մերկուրի մոլորակը, որը գիտելիքի, կապի և առևտրի հովանավորն է։ Գահակալում է Երկվորյակներում Վիշապի գլուխը / տես Լուսնային հանգույցներԲժշկական աստղագուշակության մեջ Երկվորյակները ղեկավարում են ձեռքերը և ուսերն ու թոքերը, հիվանդություններից՝ ձեռքերի և ուսերի ու արյունատար անոթների հետ կապված խնդիրները, հիստերիաներ և հիվանդագին երևակայություն։ Բնության մեջ Երկվորյակներին համապատասխանում են փոփոխական քամիները, թռչունների ու միջատների թռիչքը և բնության աճը։
  • Խեցգետին/ջուր, հիմնական կամ շարժուն/. նշանի կարգախոսն է՝ "Ես զգում եմ"։ Ուժեղ արտահայտված Խեցգետնի դեպքում անհատը լինում է զգայուն, պահպանող և պահպանողական, հնարամիտ, խնամող, ընտանիքին և հայրենիքին նվիրված, զգացմունքային, ջերմ, կարեկցող, էմոցիոնալ և սիրառատ։ Կարող է լինել սակայն ծայրահեղ կպչուն, կասկածամիտ, դյուրագրգիռ, պերճասեր, քմահաճ և դաժան։ Աստղագուշակության մեջ Խեցգետնին իշխում է խորհրդավոր Լուսինը, որը արգասաբերության և մայրության խորհրդաանիշն է։ Խեցգետնում գահակալում է Յուպիտեր բարերար մոլորակը։ Բժշկական աստղագուշակության մեջ Խեցգետինը ղեկավարում է կուրծքն ու ստամոքսը, հիվանդություններից՝ ստամոքսի և մարսողության խանգարումները, կրծքի քաղցկեղը և այլն։ Բնության մեջ Խեցգետնին համապատասխանում են ջրհորները, անտառային առուները, աղբյուրները, անձրևն ու խոնավ տերևները, սաղմնավորման և հասունացման ընթացքը։
  • Առյուծ/հուր, կայուն կամ սևեռուն/. նշանի կարգախոսն է՝ "Ես հրամայում և իշխում եմ"։ Ուժեղ արտահայտված Առյուծ նշանի դեպքում անձն օժտված է ստեղծագործելու տադանդով, նա առատաձեռն, հպարտ, զվարճասեր, թատերասեր, կրքոտ, ջերմ, նրբազգաց, պատվասեր, մեծահոգի, ազնիվ, վառ, գերող և ուժեղ անհատականություն է։ Նաև լինում է իշխանասեր, եսասեր, մեծամիտ, ամաչկոտ, պարծենկոտ և ծայրահեղ սեփականատեր։ Աստղագուշակության մեջ Առյուծին իշխում է կենսագործ ու հրաշափայլ Արեգակը, որն իրենից բացի այլ գահակալներ չի հանդուրժում։ Բժշկական աստղագուշակության մեջ Առյուծը ղեկավարում է սիրտն ու մեջքը, հիվանդություններից՝ սաստիկ ջերմային տենդերը, սրտի և մեջքի թուլությունները, աչքի բորբոքումներ և այլն։ Բնության մեջ Առյուծին համապատասխանում է ամառային շոգն ու տապը, հասունությունը և կառավարվող կրակը։
  • Կույս/հող, փոփոխական կամ հասարակ/. նշանի կարգախոսն է՝ "Ես վերլուծում են"։ Ուժեղ արտահայտված Կույս նշանի դեպքում մարդը սովորաբար իրատես է, աշխատասեր, պահանջկոտ, ճշտապահ, բծախնդիր, համեստ, զգուշավոր, հանգիստ, մաքրասեր, սրամիտ, մտավորական և պրագմատիկ։ Սակայն նա կարող է լինել նաև անհեռատես, մանրունքների հետևից ընկնող, կարծրամիտ, դյուրագրգիռ և ծայրահեղ քննադատող ու պահպանողական։ Աստղագուշակության մեջ Կույս նշանն իշխում է Մերկուրի մոլորակը, որը նաև իր գահակալությունն ունի նրա մեջ։ Բժշկական աստղագուշակության մեջ Կույս նշանը ղեկավարում է աղիներն ու մարսողությունը, հիվանդություններից՝ մարսողության խախտումներն ու քարագոյացումը։ Բնության մեջ Կույս նշանին համապատասխանում են հասունացած ցորենի արտերը, հասկերն ու հունձքը և պտղաբերությունից ուժասպառ հողը։
  • Կշեռք/օդ, հիմնական կամ շարժուն/. նշանի կարգախոսն է ՝ "Ես հավասարակշռում եմ"։ Ուժեղ արտահայտված Կշեռք նշանի դեպքում մարդը ընկերասեր է և հանրային, դիվանագետ, անկողմնակալ, հարգալից, արդարամիտ, նրբանկատ, շփվող, խաղաղասեր, հմայիչ, հավասարակշռված և դյութիչ։ Բացասական գծերից են թուլակամությունը, անվստահությունը սեփական ուժերի նկատմամբ, անվճռական լինելը, որոշումներ կայացնելու անկարողությունը, մշտական տատանումները, անհանգստությունը, հեշտասիրությունը, պերճասիրությունն ու ծուլությունը։ Աստղագուշակության մեջ Կշեռք նշանն իշխում է հմայիչ Վեներա մոլորակը, իսկ գահակալում է Կշեռքում մռայլ ու արդար Սատուրն մոլորակը։ Բժշկական աստղագուշակության մեջ Կշեռքը կառավարում է երիկամներն ու գոտկատեղը, հիվանդություններից՝ երիկամների և միզապարկի գործունեության խախտումներ, գոտկատեղի թուլություն։ Բնության մեջ Կշեռքին համապատասխանում են ոսկե աշունը, մեղմ, հանգիստ քամին և ծաղիկների բուրմունքը։
  • Կարիճ/ջուր, կայուն կամ սևեռուն/. նշանի կարգախոսն է՝ "Ես ցանկանում եմ"։ Ուժեղ արտահայտված Կարիճի նշանի դեպքում մարդը լինում է կրքոտ, գաղտնամիտ, ուժեղ, նպատակասլաց, խորաթափանց, զգացմունքային, հետաքրքրասեր, հնարամիտ, մտավորական, պատվասեր, համառ, խորհրդավոր և ստեղծագործող։ Բացասական գծերից են ծայրահեղ խանդն ու կասկածամտությունը, եսակենտրոնությունն ու կպչունությունը։ Աստղագուշակության մեջ Կարիճին իշխում է ռազմատենչ Մարս մոլորակը։ Բժշկական աստղագուշակության մեջ Կարիճը ղեկավարում է մարդու մեզա-սեռական համակարգն ու հետանցքը, հիվանդություններից՝ քարագոյացումը միզուղիներում և երիկամներում, թութքը, սեռական օրգանների հիվանդությունները։ Բնության մեջ Կարիճին համապատասխանում են հանգիստ կանգնած ջուրը՝ լճակներն ու ճահիճները, գեյզերներն ու քնած հրաբուխները։
  • Աղեղնավոր/հուր, փոփոխական կամ հասարակ/. նշանի կարգախոսն է՝ "Ես գիտեմ"։ Ուժեղ արտահայտված Աղեղնավորի նշանն անհատին դարձնում է ազատասեր, էքստրավերտ, իմաստասեր, ուղղամիտ, բարյացակամ, անկեղծ, մտավորական, լայնախոհ, բազմակողմանի, նախաձեռնող, էքսպանսիվ, արկածախնդիր և լավատես։ Բացասական գծերից են անտակտությունը, չափազանցնելու հակումը, թափթփվածությունը, պերճասիրությունն ու պարծենկոտությունը։ Աստղագուշակության մեջ Աղեղնավորին իշխում է բարերար Յուպիտեր մոլորակը, գահակալում է այստեղ Վիշապի պոչը / տես Լուսնային հանգույցներԲժշկական աստղագուշակության մեջ Աղեղնավորը ղեկավարում է կոնքերն ու հետույքը, հիվանդություններից՝ լյարդի և արյան հիվանդությունները, խոցերն ու վարակիչ տենդերը։ Բնության մեջ Աղեղնավորին համապատասխանում է ճամփորդական խարույկը, բոցի կայծերը, կայծակի փայլը, աստղազարդ երկինքն ու դեպի անհայտ հեռուների ձգտումը։
  • Այծեղջյուր/հող, հիմնական կամ շարժուն/. նշանի կարգախոսն է՝ "Ես օգտագործում եմ"։ Ուժեղ Այծեղջյուր ունենալու դեպքում անհատը սովորաբար խելամիտ է, իրատես, պատասխանատու, համբերատար, կարգապահ, ավանդապաշտ, զգուշավոր, աշխատասեր, համառ, նպատակասլաց, ինքնավստահ, իրազեկ, պատվասեր, բարեխիղճ և հեղինակավոր։ Բացասական գծերից են կարծրամտությունը, պահպանողականությունը, շահամոլությունը, կասկածամտությունը, անզգամությունը, մռայլությունը, ծայրահեղ պահանջկոտությունն ու սառնասրտությունը։ Այծեղջյուրին իշխում է մռայլ ու արդար Սատուրն մոլորակը, գահակալում է այստեղ Մարսը։ Բժշկական աստղագուշակության մեջ Այծեղջյուրը ղեկավարում է ծնկներն ու կմախքը, հիվանդություններից՝ ոսկորների, ջլերի և մաշկի խնդիրներ, կոտրվածքներ, ոլորումներ և այլն։ Բնության մեջ Այծեղջյուրին համապատասխանում են ձմեռային սառնությունը և սառույցը, քարացած կամ քարքարոտ հողը, ինչպես նաև մերկ ժայռերն ու լեռնագագաթները։
  • Ջրհոս/օդ, կայուն կամ սևեռուն/. նշանի կարգախոսն է՝ "Ես իմանում եմ"։ Ուժեղ Ջրհոսի դեպքում անհատը ազատասեր է և ոչ ավանդապաշտ, ինտելեկտուալ, հանդուրժող, անհնազանդ, անհատապաշտ, խաղաղասեր, բարեգործ, ընկերասեր, առանձնահատուկ, հայտնագործող, նորարար և առաջադեմ։ Բացասական գծերից են անկանխատեսելիությունը, քմահաճությունը, եսակենտրոնությունը, անտարբերությունը ու էքսցենտրիկությունը։ Աստղագուշակության մեջ Ջրհոսին իշխում է Սատուրն մոլորակը։ Բժշկական աստղագուշակության մեջ Ջրհոսը ղեկավարում է սրունքներն ու նյարդային համակարգը, հիվանդություններից՝ ոտքերի և անոթաշարժ նյարդերի թուլությունը։ Բնության մեջ Ջրհոսին համապատասխանում են պայծառ երկինքը, ամպերը, բուքն ու ձյունածածկ բնապատկերը, ազատագրումն ու ներշնչանքը։
  • Ձկներ/ջուր, փոփոխական կամ հասարակ/. նշանի կարգախոսն է՝ "Ես հավատում եմ"։ Ուժեղ արտահայտված Ձկներ նշանը անհատին դարձնում է կարեկից, զգայուն, զգացմունքային, միստիկ, հոգևոր, երազկոտ, պասսիվ, հանգիստ, ներշնչվող, զահաբերող, վառ երևակայություն ունեսող, երաժշտասեր և թատերասեր։ Բացասական գծերից են թուլակամությունը, թուլությունը, պերճասիրությունը, երկերեսանիությունը, անփութությունը, հեշտասիրությունն ու իրականությունից փախուստի ձգտումը։ Ձկներին իշխում է բարերար Յուպիտեր մոլորակը, գահակալում է այստեղ հմայիչ Վեներա մոլորակը։ Բժշկական աստղագուշակության մեջ Ձկները ղեկավարում են ոտնաթաթն ու լիմֆատիկ և իմունային համակարգերը, հիվանդություններից՝ ոտնաթաթերի հիվանդություններ, գեղձերի գործունեության խախտումներ և իմունային համակարգի թուլություն։ Բնության մեջ խորհրդավոր Ձկներին համապատասխանում են ծովերի և օվկիանոսների անհունը, ալիքները, մշուշը, ձնհալը, միաձուլումն ու լուծույթը։

Տարերքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնուց ի վեր հերմետիզմի առանցքային բաժիններից էր տարրերքների մասին ուսմունքը։ Հունական փիլիսոփայության մեջ 4 նախաստեղծ տարերքներից գոյանում էին աշխարհի բոլոր իրերն ու երևույթները։ Արևմտյան աստղագուշակական համակարգում այս պատկերացումները իրենց անմիջական արտահայտությունն են գտնում կենդանակերպի եռամասն բաժանման մեջ, որը կոչվում է տրիպլիցիտետ՝ հրային, օդային, ջրային և հողային։ Կրակի և օդի նշանները արական, դրական և էքստրավերտ են, հողի ու ջրի նշանները՝ իգական, բացասական և ինտրովերտ։

  • Հրային նշաններն են՝ Խոյը, Առյուծը և Աղեղնավորը, այս նշաններին բնորոշ է առաջնորդությունն ու ստեղծագործական էներգիան։ Հուրը ոգու և երևույթների սկզբի խորհրդանիշն է, այն հնուց ի վեր հոգևոր անմար կրակի խորհրդանիշն էր, այդ պատճառով էլ նա մշտապես առկա էր կրոնական ծեսերում և պաշտամունքային վայրերում։ Հրային տարրերքի նշանները կապված են ակտիվ և էքսպանսիվ գործունեության հետ, ուժեղ արտահայտված հուր տարրերքի դեպքում անձը, որպես կանոն, ջերմեռանդ է, արագ ոգևորվող և մարող, քաջարի, նախաձեռնող, բռնկվող, կրքոտ, ուժեղ, իշխանասեր և առաջնորդ։ Մյուս տարերքների հետ հուրը փոխազդում է հետևյալ կերպ՝ հողն ու ջուրը նրան հանգցնում և սառեցնում են, իսկ օդը՝ բորբոքում և կենդանացնում է նրան։
  • Հողային նշաններն են՝ Ցուլը, Կույսն ու Այծեղջյուրը, այս նշաններին բնորոշ է կայունությունն ու կուտակման հակումը, քանի որ նրանք առնչվում են նյութական պաշարների հետ։ Հողը բնության ամենաարգասավոր տարրերքն է, նրա հետ է առնչվում երկրագործական տարվա պարբերաշրջանը, որն իր արտացոլումն է գտնում երկրագործական մշակույթների օրացույցերում։ Պատահական չէ, որ պտղաբերության հնագույն խորհրդանիշներն են Ցուլը և բնության մայր-աստvածուհին՝ Կույսը։ Հող տարրերքի առատության դեպքում անձը ունի կայուն և հանգիստ բնավորություն, վստահելի է և պատասխանատու, իրատես, զգուշավոր և պրակտիկ։ Կրակն այրում է հողը, օդը՝ խեղդում, իսկ ջուրը պարգևում ե նրան արգասաբերություն և կենդանություն։
Ջրերի ակունքն իր ձեռքերում պահող երկնքի աստվածը/Ջրհոս/: Շումեր, մ.թ.ա. 3 հազարամյակ
  • Օդային նշաններն են՝ Երկվորյակները, Կշեռքը և Ջրհոսը, որոնց բնորոշ է կապի հաստատումն ու շփումը։ Օդի տարերքը կապված է կենդանության ներշնչման հետ, այն ապրեցրել է բոլոր շնչավոր արարածներին, ապահովվելով նրանց միասնությունն ու փոխհարաբերությունը։ Հնուց ի վեր հուր տարրերքի հետ մեկտեղ օդը զորության և իշխանության, կյանքի և արդարության խորհրդանիշն է։ Օդային նշանները առավելապես մարդակերպ են, քանի որ ավանդաբար մարդկային կերպարանք ունեցող էակների տեսքով են պատկերվել։ Օդային նշանների շարքին է պատկանում նաև կենդանակերպի միակ առարկա-նշանը՝ Կշեռքը, որը արդարության և հավասարակշռության խորհուրդն է կրում։ Օդ տարրերքի գերակշռության դեպքում անձը, որպես կանոն, չափազանց շփվող է, ընկերասեր, հեշտությամբ է ձեռք բերում նոր ծանոթություններ և գիտելիքներ, նա կենսախինդ է, արագաշարժ, ճարպիկ, բազմակողմանի, իդեալիստ, զբաղվում է հասարակական գործունեությամբ։ Ջրի հետ փոխազդելիս օդը իրեն ետ մղված է զգում, հողը՝ ճնշում է նրան, իսկ հուրը՝ ապրեցնում։
  • Ջրային նշաններն են՝ Խեցգետինը, Կարիճը և Ձկները, որոնք բնութագրում են մարդկային զգացմունքները, համբերատարությունը, ենթագիտակցությունը։ Ջուրը հոգու խորհրդանիշն է, հողի հետ մեկտեղ արգասաբեր տարրերք է, ոռոգելով հողն այն ապահովվում է առատ պտղաբերությունը, որը և նրան դարձնում է բնության հզոր կենատու ուժերից մեկը։ Հնագույն շրջանում ջուրը պտղաբերությունից բացի խորհրդանշում էր այսր և անդրշիրիմյան աշխարհների սահմանագիծը, ինչպես նաև մահվան հաղթահարումն ու վերածնունդը/կենաց ջուր/։ Երկրային կյանքի ակունքը Խեցգետինն է, երկնային ջրերի խորհրդանիշը՝ Ձկները, Կարիճը կանգնած է կյանքի և մահվան, նյութականի և հոգևորի սահմանագծում։ Ջուր տարերքի առատությունը անձին դարձնում է գաղտնամիտ, երազկոտ, տարրերային, զգացմունքային, կանխազգացող, խորհրդավոր և քմահաճ։ Հուրը եռացնում ու գոլորշիացնում է ջրին, օդը՝ ցրում և ալեկոծում, իսկ հողը ուղղություն է տալիս նրա անզուսպ հոսանքին։

Կենդանակերպի խաչաբաժանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարերքները ներկայացնող կենդանակերպի նշանները միավորվում են ներդաշնակ հայեցողությամբ/120°/, ի տարբերություն դրան կենդանակերպի խաչաբաժանումը նշանների "աններդաշնակ" միավորումն է, քանի որ առաջանում է շրջանի քառանկյուն բաժանումից։ Եթե չորս տարրերքները նախաստեղծ աշխարհի արարչագործ մասնիկներն են, ապա խաչն արտահայտում է արարված /նյութականացած/ աշխարհում առկա պայքարն ու հակասությունները։ Ամենալայն իմաստով, խաչը խորհրդանշում է աշխարհն իր կառուցվածքային կտրվածքներով՝ վերևի ու ներքևի, աջի և ձախի և այլնի հակադրությամբ։ Գաղտնագիտական ավանդությունը կապում է աստղագուշակական երեք խաչերը Քրիստոսի ինքնադրսևորման երեք ձևերի խորհրդաբանության հետ՝

  • Հիմնական կամ շարժուն խաչը՝ Հարության խաչ
  • Կայուն կամ սևեռուն խաչը՝ Խաչելիության խաչ
  • Փոփոխական կամ հասարակ խաչը՝ Թաքնված Քրիստոսի խաչ։

Աստղագուշակական ավանդույթի համաձայն խաչերի անվանումները կապված են տարվա եղանակների հետ. հիմնական կամ շարժուն նշանները եղանակի շրջադարձային փոփոխության հետ են կապված/գարնան, ամռան, աշնան և ձմռան սկիզբ/, կայուն նշանները՝ համընկնում են կայուն եղանակային պայմաններ հետ, փոփոխական նշանները կանխորոշում են եղանակի փոփոխությունը։

  • Հիմնական կամ շարժուն խաչի նշաններն են՝ Խոյը, Խեցգետինը, Կշեռքը և Այծեղջյուրը։ Այս խաչը բաղկացած է գիշերահավասարների և արևադարձերի նշաններից, որոնք ըստ էության արևադարձին կենդանակերպի հանգուցակետերն են, դրանով էլ պայմանավորված է նրանց "հիմնական" անվանումը։ Այս նշանների հետ կապված են նախաձեռնությունն ու ջերմեռանդությունը։ Հիմնական խաչը նաև հուր տարերքի հետ է կապված, քանի որ նրա հիմքում հրային Խոյ նշանն է ընկած։ Ուժեղ արտահայտված հիմնական նշանների դեպքում անձը, որպես կանոն, նախաձեռնող է և գործունյա, նպատակասլաց, դյուրագրգիռ, անհամբեր, օժտված առաջնորդի ընդունակություններով։
  • Կայուն կամ սևեռուն խաչի նշաններն են՝ Ցուլը, Առյուծը, Կարիճը և Ջրհոսը։ Կայուն խաչը կենդանակերպի կենտրոնական խաչն է և ըստ էության կապված ե մարդու ամենախորքային էության /բնազդային մակարդակի/ և նրա ձևափոխման հետ։ Կայուն խաչի հիմքում հողային տարրերքն է ընկած, քանի որ այն Ցուլ նշանով է սկսվում։ Կայուն նշանների գերակշռության դեպքում անձը օժտված է մեծ համբերությամբ և կամքով, նա վճռական է, նվիրված իր գաղափարներին, վստահելի, կայուն և համառ, երբեմն իներտ և պահպանողական։
  • Փոփոխական կամ հասարակ խաչի նշաններն են՝ Երկվորյակները, Կույսը, Աղեղնավորը և Ձկները։ Այս նշանները հաճախ անվանվուն են երկմարմին նշաններ, քանի որ նրանք ընկած են հիմնական/շրջադարձային/ և կայուն եղանակների միջև և հնուց ի վեր պատկերվել են երկմարմին էակների տեսքով/բացառությամբ Կույսի/։ Փոփոխական խաչի բնորոշ գծերից է անկայունությունն ու հարմարվողականությունը, քանի որ նրա հիմքում օդ տարրերքն է ընկած /Երկվորյակներ/։ Ուժեղ արտահայտված փոփոխական նշանների դեպքում անձը հնարամիտ է, աշխույժ, ճկուն և ճարպիկ, բազմատաղանդ, սակայն անկայուն է իր ցանկությունների ու ձգտումների մեջ, հեղհեղուկ, անկանխատեսելի, քմահաճ։ Նա կարողանում է հրաժարվել իր պահանջմունքներից և ցանկություններից, հանուն ուրիշների, երբեմն դառնալով շրջապատի գերին և անգամ զոհը։

Կենդանակերպի այլ բաժանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն կենդանակերպի նշանների զանազան այլ խմբավորումներ.

  • Կենդանական կամ չորքոտանի նշաններն են Խոյը, Ցուլը, Առյուծը, Աղեղնավորը և Այծեղջյուրը, քանի որ նրանք ներկայացված են չորքոտանի էակներով։
  • Պտղաբեր կամ բեղուն են համարվում բոլոր ջրային նշանները՝ Խեցգետինը, Կարիճը, Ձուկը, ինչպես նաև Ցուլը։
  • Անպտուղ են համարվում օդ տարրերքի նշանները և հատկապես Երկվորյակները, ինչպես նաև Առյուծն ու Կույսը։
  • Մարդկային կամ մարդակերպ են Երկվորյակները, Կույսը և Ջրհոսը։
  • Վայրենի նշաններն են Առյուծը և Աղեղնավորի երկրորդ մասը, քանի որ սրանք ներկայացված են վայրի կենդանիներով։
  • Համր կամ դանդաղ խոսող նշանները ջրայիններն են։

Մոլորակների իշխանությունը կենդանակերպի նշաններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղագուշակական ավանդության համաձայն լուսատուներն ու մոլորակները յուրատեսակ հարազատություն ունեն կենդանակերպի որոշ նշանների հետ, որոնց մեջ հայտնվելով նրանք առավել ամբողջական են արտահայտում իրենց հատկությունները, հզորանում և փայլատակում՝ արժևորվում։ Լուսատուին կամ մոլորակին "հարազատ" կենդանակերպի նշանները համարվում են նրանց բնակատեղին կամ տունը, և տվյալ մոլորակը կամ լուսատուն համարվում է այդ նշանների իշխանը կամ տանուտերը։ Հարազատության վառ դրսևորումներից է նաև գահակալությունը, գահակալության նշաններում մոլորակներն ու լուսատուները հասնում են իրենց զորության գագաթնակետին՝ թագադրվում են։ Հարազատության նշաններին հակադիր նշաններում մոլորակների ու լուսատուների ուժն անկում է ապրում, նրանք աքսորվում են կամ բանտարկվում՝ արժեզրկվում։ Կան նաև կենդանակերպի այնպիսի նշաններ, որոնք չեզոք են տվյալ մոլորակի կամ լուսատուի համար, այստեղ հյուրընկալվելով նրանք ոչ արժևորվում են, ոչ էլ արժեզրկվում։

Մոլորակների տնավորումը, գահակալությունը, արտաքսումն ու անկումը կենդանակերպի նշաններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանակերպի նշան Մոլորակի տուն Գահակալթյուն Արտաքսում Անկում
Խոյ Մարս Արեգակ19° Վեներա
Ցուլ Վեներա Մարս ---
Երկվորյակներ Մերկուրի --- Յուպիտեր ---
Խեցգետին Յուպիտեր15°
Առյուծ Արեգակ --- ---
Կույս Մերկուրի Մերկուրի15° Յուպիտեր Վեներա
Կշեռք Վեներա 21° Մարս Արեգակ
Կարիճ Մարս --- Վեներա
Աղեղնավոր Յուպիտեր --- Մերկուրի ---
Այծեղջյուր Մարս28° Յուպիտեր
Ջրհոս --- Արեգակ ---
Ձկներ Յուպիտեր Վեներա27° Մերկուրի Մերկուրի

Ժամանակակից արևմտյան աստղագուշակները հակված են կիրառելու նաև Սատուրնից այն կողմ գտնվող մոլորակները՝ Ուրանը, Նեպտունն ու Պլուտոնը, որոնք հնում հայտնի չէին։ Այս մոլորակները երբեմն կոչվում են բարձրագույն մոլորակներ և կապված են հիմնականում վերանձնյա, հանրային գործընթացների հետ։

Աստղագուշակ-ուսումնասիրողների մեծ մասը համարում են ՈւրանիՈւրան աստղատունը Ջրհոսը, իսկ գահակալության վայրը Կարիճը, ՆեպտունինըՆեպտուն՝ Ձկներն ու Ջրհոսը կամ Առյուծը, ՊլուտոնինըՊլուտոն՝ Կարիճն ու Խոյը և Աղեղնավորը կամ Ձկները։

Ժամանակակից արևմտյան աստղագուշակական որոշ ուղղություններ օգտագործում են նաև աստերոիդները կամ թզուկ մոլորակները, դրանցից Ցերերան, Վեստան, Յունոնան, Պալլասը, գտնվում են Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև, Խիրոնը՝ Սատուրնի և Ուրանի արանքում, ինչպես նաև բազմաթիվ մանր երկնային մարմիններ, որոնք շարունակում են հայտնաբերվել Պլուտոնի ուղեծրից այն կողմ։ Հատկապես մեծ տեղ է հատկացվում Ցերերային, որը չափերով առավելագույնն է և աստղագուշակական պատկերացումների համաձայն իշխում է Կույս կամ Ցուլ նշանում, համադրվելով Մերկուրի մոլորակի հետ, և Խիրոնը, որն իշխում է Ցուլ և Կշեռք նշաններում, քանի որ համարվում է Վեներայի զուգահեռը։ Նորահայտ մոլորակների և աստերոիդների իշխանության և գահակալության վերաբերյալ, բնականաբար, աստղագուշակները միակարծիք չեն, քանի որ նրանց ազդեցությունը դեռ բավարար կերպով ուսումնասիրված չէ։

Կենդանակերպի նշաններին նվիրված ՀՀ արծաթե և ոսկե հուշադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոյ Ցուլ Երկվորյակներ Խեցգետին
Առյուծ Կույս Կշեռք Կարիճ
Աղեղնավոր Այծեղջյուր Ջրհոս Ձկներ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Алиса А.Бейли. Трактат о семи лучах./Эзотерическая астрология/.-К.։"Преса Украини", 1993.
  • Джинни Эйвери. Астрология и ваше здоровье.-М.։РИПОЛ, 1996.
  • Էֆիմերտէ.-Եր.։ Ապոլոն, 1992.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]