Քարտեզագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզագրություն գիտություն է աշխարհագրական քարտեզների, դրանց կազմելու և օգտագործելու մեթոդների մասին։ Այս բնորոշումն արտահայտում է նաև քարտեզագրության տեխնիկական կողմերը։ ժամանակակից առումով քարտեզագրությունը գիտություն է քարտեզագրական պատկերներով տարածության արտացոլման և ուսումնասիրման, բնության ու հասարակական երևույթների զուգակցման, փոխադարձ կապերի և ժամանակի ընթացքում դրանց փոփոխությունների մասին։ Այդ բնորոշումը քարտեզագրության հետաքրքրությունների շրջանակում ներառնում է երկնային մարմինների և աստղային երկնքի քարտեզները, ինչպես նաև գլոբուսները, ռելիեֆ քարտեզներն ու քարտեզագրական գիտության մյուս տարածական մոդելները։ Քարտեզագրության մեջ առանձնացվում են մաթեմատիկական քարտեզագրություն, քարտեզաչափություն, քարտեզագիտություն, քարտեզների կազմում և խմբագրում, քարտեզների ձևավորման և հրատարակման բաժինները։

ժամանակակից քարտեզագրությունը ներառնում է՝

  1. գիտության տեսական հիմունքները (այդ թվում՝ քարտեզագրությունըառարկայի ու մեթոդների և քարտեզի մասին ուսմունքը),
  2. քարտեզագրական գիտության և արտադրության պատմությունը,
  3. քարտեզագրական աղբյուրագիտությունը,
  4. քարտեզների նախագծման և կազմման տեխնոլոգիան և տեսությունը,
  5. քարտեզների օգտագործման տեսությունը և մեթոդները։

Հնագույն քարտեզներից պահպանվել են մ․թ․ա․ 14-11 հազար տարի առաջ փորագրված քարտեզները։ Դրանք թե կենդանիների ոսկոռների վրա էին թե քարերի։ Մ․թ․ա 6-4 դարերում ընդլայնվում է մարդկանց պատկերացումը աշխարհի մասին, որոնք արտահայտվում են քարտեզների մեջ։ Դրան նպաստում է Ալեքսանդրիայի թանգարանը, որը այլևս գոյություն չունի։ Թանգարանը տնորինել է Էրաթոսթենը շուրջ 40 տարի։ Նրա աշխատությունն է եղել «Գեոգրաֆիան» որն էլ դարձավ երկիրը պատմող գիտության անվանումը։ Նա ծնվել է մոտավորապես մ․թ․ա 278-194թթ․։ Երկրագնդի մասին բավականին լուրջ աշխատություններ են կազմել Պտղոմեոսը, Ստրաբոնը և այլ աշխարհագետներ։ Աշխարհագետները բնականաբար չէին կարող միանգամայն ուսումնասիրել երկրի տարածքները։ և այն տարածքները որոնք դեռ ուսումնասիրված չէին, կոչվել են լատիներեն տերրա ինկոգնիտա (անծանոթ երկիր)։ Հիշարժան են բաբելոնյան քարտեզը, որը կազմվել է մ․թ․ա 6-րդ դարում։ Քարտեզագրությունը զարգացման նոր փուլ է թևակոխում խաչակրաց նոր արշավանքների ժամանակ։ Եթե մինչև այդ քարտեզի կենտրոնում նշվում էր այն պետությունը ով կազմել էր, ապա խաչակիրների ժամանակ քարտեզի կենտրոնում Երուսաղեմն էր։ Դարեր հետո Մարտին Բեհայմի կողմից ստեղծվեց միջնադարյան առաջին գլոբուսը։ Բայց ենթադրվում է, որ այն ստեղծվել է Կրատոսի կողմիցմոտավորապես մ․թ․ա 150թ-ին։ Աշխարագրական բացահայտումներից հետո աշխարհամասերն աստիճանաբար սկսեցին ճիշտ ուրվագծվել քարտեզների վրա։ Երկրագնդի մասին իրական տեղեկատվություն հավաքող ամբողջաական քարտեզները բավականին երիտասարդ են։

1rightarrow.png  Տես նաև Աշխարհացույց 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png