Ածխածին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ածխածին
C
Carbone.jpg

Ածխածին (լատիներեն Carboneum, carbo – ածուխ բառից), քիմիական նշանը՝ C, ատոմային թիվն է 6, ատոմային զանգվածը՝ 12.011։ Բնական ածխածինը բաղկացած է երկու կայուն նուկլիդներից՝ 12C (բնության մեջ հանդիպող զանգվածի 98.892%-ը) և ¹³C (զանգվածի 1.108%-ը)։ Նուկլիդների բնական խառնուրդում շատ չնչին քանակությամբ միշտ առկա է լինում 14C ռադիոակտիվ նուկլիդը (b- ճառագայթ, կիսատրոհման պարբերությունը՝ 5730 տարի)։ Այն անընդհատ առաջանում է մթնոլորտի ստորին շերտերում՝ ազոտի 14N իզոտոպի նեյտրոնների տիեզերական ճառագայթման շնորհիվ։ 147N + 10n = 166C + ¹1H

Ածխածինը տեղակայված է Մենդելեևի պարբերական համակարգի երկրորդ պարբերության IVA խմբում։ Ատոմի հիմնական վիճակի արտաքին էլեկտրոնային մակերևույթի դասավորվածությունն է 2s²p²։ Օքսիդացման կարևորագույն աստիճաններն են +2, +4, -4, վալենտականությունները՝ IV և II։ Ածխածնի նեյտրալ ատոմի շառավիղը 0.077 նմ է։ C4+ իոնի շառավիղը՝ 0.029 նմ (կոորդինացիոն թիվը 4), 0.030 նմ (կոորդինացիոն թիվը 6)։

Պատմական տեղեկություններ[խմբագրել]

Ածխածինը հայտնի է հեռու անցյալից։ Փայտածուխն օգտագործվել է հանքաքարերից մետաղները վերականգնելու համար, իսկ ալմաստը՝ ինչպես թանկարժեք քար։ 1789 թ. ֆրանսիացի քիմիկոս Ա. Լ. Լավուազիեն հետևություն արեց ածխածնի տարրային հատկությունների մասին։ Արհեստական ալմաստները առաջին անգամ ստացվել են 1953 թ. շվեդ հետազոտողների կողմից, սակայն արդյունքները նրանք չհասցրեցին հրապարակել։ Արհեստական ալմաստ ստացան «Ջեներալ էլեկտրիկ» ընկերության աշխատակիցները 1954 թ. դեկտեմբերին և 1955-ի սկզբին հրապարակեցին։

Բնության մեջ տարածվածությունը[խմբագրել]

Ածխածինը զբաղեցնում է երկրակեղևի զանգվածի 0.48%-ը։ Կուտակվում է կենսոլորտում. կենդանական նյութերում պարունակվում է 18% ածխածին, բնափայտում՝ 50%, տորֆում՝ 62%, բնական այրվող գազերում՝ 75%, այրվող թերթաքարերում՝ 78%, քարածխում և գորշ ածխում՝ 80%, նավթում՝ 85%, անտրացիտում (լավատեսակ քարածուխ)՝ 96%։ Երկրակեղևի ածխածնի նշանակալի մասը կենտրոնացված է կրաքարերում և դոլոմիտներում։ +4 օքսիդացման աստիճանի ածխածինը մտնում է կարբոնատային ապարների և հանքանյութերի (կավիճ, կիր, մարմար, դոլոմիտներ) բաղադրության մեջ։ Ածխաթթու գազը՝ CO2, մթնոլորտի հիմնական բաղադրիչներից է (զանգվածի 0.046%-ը)։ Ածխաթթու գազը լուծված վիճակում միշտ առկա է գետերի, լճերի և ծովերի ջրում։ Աստղերի, մոլորակների և երկնաքարերի մթնոլորտում հայտնաբերված են ածխածին պարունակող նյութեր։

Ստացումը[խմբագրել]

Հնում ածուխը ստանում էին բնափայտի թերի այրման միջոցով։ 19-րդ դարում մետաղագործության մեջ փայտածուխը փոխարինեցին քարածուխով (կոքսով)։ Ներկայումս արդյունաբերության մեջ ածուխ ստանում են բնական գազի՝ մեթանի (CH4) կրեկինգով (նավթաթորմամբ).

CH4 = C + 2H2

Բժշկական նպատակների համար ածուխը պատրաստում են կոկոսի կեղևի այրմամբ։ Իսկ լաբորատոր անհրաժեշտությունների համար չայրվող խառնուրդներից զերծ ածուխ ստանում են շաքարի թերի այրումից։

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]