Շերամապահություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շերամը (մետաքսագործ, կերպասագործ) իսկական մետաքսագործների ընտանիքի թիթեռ է։ Ընտանեցվել է Չինաստանում՝ մեր թվականությունից 3 հզ. տարի առաջ։ Արհեստական ընտրության միջոցով բուծվել են նոր, տնտեսական բարձր հատկանիշներով տարբեր ցեղեր։ Ժամանակակից շերամապահության մեջ օգտագործվում են ավելի բարձր և որակյալ բոժոժի բերք տվող շերամի հիբրիդներ։Շերամը Հայաստան է ներմուծվել VI–VIII դարերում (հավանաբար՝ Պարսկաստանից)։ Թիթեռի թևերի բացվածքը 4–6 սմ է, բերանային ապարատը թերզարգացած է։ Թրթուրը (շերամորդը) սնվում է թթենու տերևներով։ Կերակրման բնականոն պայմաններում (23–25օC-ում) թրթուրային փուլը տևում է 22–30 օր, որի ընթացքում թրթուրները 4 անգամ մաշկափոխվում են և անցնում 5 հասակ։ Թրթուրներն ուտում են 20–25 կգ կեր (75 %-ը՝ 5-րդ հասակում)։ Հասուն թրթուրները չեն սնվում և 3 օրվա ընթացքում իրենց շուրջը հյուսում են մետաքսե ամուր պատյան՝ բոժոժ, որի թաղանթը կազմված է 1000–1500 մ երկարության չընդհատվող մետաքսաթելից։ Կյանքի այդ պահին շերամորդի երկարությունը մոտ 8 սմ է, զանգվածը՝ 4 գ, որի մոտ 40 %-ը մետաքսագեղձերն են։ Արտադրած մետաքսահյութը բաղկացած է հիմնականում սպիտակուցներից, իսկական մետաքսից, ֆիբրոինից և սոսնձից (սերիցին)։ Բոժոժ հյուսելիս թրթուրը դուրս է մղում մետաքսահյութը և գլխի ճոճական շարժումներով ութանման թելակույտեր դնում կառուցվող բոժոժի պատերին։ Բոժոժահյուսքն ավարտելուց հետո (4-րդ օրը) թրթուրը բոժոժում փոխակերպվում է հարսնյակի, իսկ վերջինս 10-րդ օրը՝ թիթեռի։ Թիթեռը սերիցինազ ֆերմենտի օգնությամբ լուծում է բոժոժի բևեռապատի սոսնձանյութը, ծակում բոժոժը, դուրս գալիս և զուգավորվում։ Բեղմնավորված էգերը 2–3 օրվա ընթացքում ձվադրում են (յուրաքանչյուրը՝ 500–700 ձու) և 10–12 օր հետո սատկում։

1 կգ մետաքսաթել ստանալու համար հարկավոր է 5500 բոժոժ։ Սկզբում դրանք դնում են եռման ջրի մեջ (որպեսզի թրթուրները ոչնչանան), ապա թելի ծայրն ամրացնում են պտտվող կոճին և փաթաթում։ Որպեսզի թելն ամուր լինի, մի քանի բոժոժի թելերը միացնում են իրար, ապա փաթաթում։ Այնուհետև մանածագործական հաստոցի վրա թելը վերածվում է մետաքսի, որը հետո նկարազարդվում ու ներկվում է։

Մարդիկ մետաքսաթել ստանալու նպատակով վաղուց՝ ավելի քան 5 հազար տարի է, որ ընտելացրել են թթենու տերևներով: Թթենու շերամի թիթեռները կորցրել են թռչելու հատկությունը:
Թթենու մետաքսագործը թեփուկաթևավորների կարգին պատկանող խավապատ մարմնով սպիտակ թիթեռ է: Այդ թիթեռի թրթուրները հարսնյակավորումից առաջ ստորին շրթունքի մետաքսաթել արտազատող գեղձերից օդում պնդացող մետաքսաթելերից պատրաստում են բոժոժը:Արհեստական ընտրության ճանապարհով ստացել են թթենու մետաքսագործի այնպիսի տեսակներ, որոնց կողմից արտազատվող մետաքսաթելը հասել է մինչև 1000 մ: Ընտելացված թիթեռների էգերը կորցրել են թռչելու հատկությունը և դնում են բազմաթիվ ձվեր (300-600):
Շերամապահության հիմնական կենտրոնները Միջին Ասիան և Անդրկովկասն են:
 Թթենու մետաքսագործի ձվերը տեղավորում են սպիտակ, մաքուր թղթի վրա: 8-10 օր անց ձվերից դուրս են գալիս թրթուրները: