Մարտակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Մարտակերտ
Martakert002.JPG
Մարտակերտի թաղամասերից մեկը
40°12′55″ հս. լ. 46°48′46″ ավ. ե. / 40.215278° հս. լ. 46.812778° աե. ե.
Երկիր ԼՂՀ ԼՂՀ
Տվյալ կարգավիճակում 1923-ից
Բնակչություն 4220[1] մարդ (2008)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն մարտակերտցի
Ժամային գոտի UTC+4
Հեռախոսային կոդ +374 47 (4)
##Մարտակերտ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Մարտակերտ, քաղաք Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան մասում, Մարտակերտի շրջանի վարչական կենտրոնը՝ Ստեփանակերտից 75 կմ հյուսիս՝ Թարթառ գետի միջին հոսանքի աջ կողմում՝ 450 մետր բարձրության վրա։ Մարտակերտ համայնքի կազմում ներառվել են նաև Հայկաջուր, Ջրաբերդ, Մարալյան Սարով, Լևոնարխ գյուղերը։ Վարչական տարածքը՝ 4600 հեկտար է։ Անվանումը Մատուռակերտի հնչյունափոխված ձևն է։ Մինչև 1992-ը (բռնագաղթը) Մարտակերտը մեծությամբ ԼՂԻՄ-ի երրորդ քաղաքն էր (Ստեփանակերտից և Շուշիից հետո), ուներ շուրջ 13 հազար բնակիչ (2002-ին՝ 4469)։ 1988-ին Մարտակերտն ուներ միջնակարգ (2), գիշերօթիկ (1), երաժշտական յոթնամյա (1) և սպորտային (1) դպրոցներ, մարզահրապարակ, մանկապարտեզ (5), հիվանդանոց, մշակույթի տուն, կինոկետ, կապի բաժանմունք, շինանյութերի կոմբինատ, յուղի-պանրի, խաղողի նախնական վերամշակման գործարաններ և այլն։ Մարտակերտի խաղողագործական տնտեսությունը տարեկան արտադրել է շուրջ 20-25 հազար տոննա խաղող, 1800 տոննա կաթ, 2000 տոննա հացահատիկ (1987)։

2003-ին Մարտակերտում գործել են միջնակարգ (2), սպորտային (1) և երաժշտական (1) դպրոցներ, մշակույթի տուն, գրադարան, հիվանդանոց, «Ալրաղաց» ձեռնարկությունը և այլն։[2]

Մարտակերտը Արցախյան ազատամարտին[խմբագրել]

Շարժման սկզբին Մարտակերտի հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողները կազմակերպել են բողոքի ցույցեր, ստորագահավաք և այլն։ Շրջանի տարածքը պաշտպանելու համար ստեղծվել են աշխարհազորայինների շտաբ (ընդհանուր համակարգող՝ Վ. Բեգլարյան, շտաբի պետ՝ Վ. Խոնդկարյան), ինքնապաշտպանական երեք զինված ջոկատներ (հրամանատարներ՝ Ա. Բաղդասարյան, Ա. Նավթալյան, Վ. Մինասյան)։ Մարտակերտում էր նաև շրջանում կազմավորված ինքնապաշտպանական բոլոր ջոկատների մարտական գործողությունները համակարգող շտաբը (համընդհանուր ղեկավար՝ Վ. Գալստյան, շտաբի պետ՝ Հայկազ Բաղմանյան)։ 1988-92-ին Մարտակերտի և Հայաստանի կամավորական ջոկատները, Արցախի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերը մարտեր են մղել հակառակորդի գերակշիռ ուժերի դեմ։ 1992-ի հուլիսի 4-ին ԽՄՀՄ 4-րդ բանակի աջակցությամբ հակառակորդն սկսել է լայնածավալ մարտական գործողություններ և գրավել Մարտակերտը։ Մարտակերտի, Կենտրոնական, Ասկերանի, Մարտունիի Պաշտպանության շտաբները, 5-րդ կամավորական բրիգադը (հրամանատար՝ Մանվել Գրիգորյան) և ՀՀ կամավորական ջոկատները 1993-ի հունիսի 12-ին ձեռնարկել են Մարտակերտի և շրջանի բնակավայրերի ազատագրման խոշորամասշտաբ ռազմական գործողություն և 1993-ի հունիսի 28-ին ազատագրել են քաղաքը։ Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարդևատրվել են 5, «Մարտական խաչ» 2–րդ աստիճանի շքանշանով՝ 40 ազատամարտիկ։ Զոհվել է 134 ազատամարտիկ։[2]։

Տես նաև[խմբագրել]


Ծանոթագրություններ և նշումներ

  1. 2005 թվականի Արցախի Հանրապետության մարդահամար
  2. 2,0 2,1 Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 466-467։